Համայնքի ղեկավարի՝ 1 ամիս իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում թափուր տեղում կարող է նշանակվել տեղակալը, իսկ 1 ամսից ավելիի դեպքում կարող է նշանակվել համայնքապետի պաշտոնակատար: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում այս փոփոխությունը կատարելու վերաբերյալ նախագիծն այսօր հավանության արժանացավ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում։
Համաձայն նախագծի՝ գյուղական համայնքերում համայնքապետի պաշտոնակատարին կնշանակի մարզպետը, քաղաքային համայնքներում՝ վարչապետը: Եթե համայնքի ղեկավարը 1 ամսից ավել հիվանդանում է կամ երկրից բացակայում է, իր պարտականությունների ամբողջ փաթեթը փոխանցվում է տեղակալին:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց.
«Եղել են դեպքեր, երբ համայնքի ղեկավարները մինչև 1 ամիս չեն կարողացել իրենց լիազորությունները կատարել: Այդ դեպքերը պայմանավորված են եղել հիվանդությամբ, իրավապահ մարմինների հետ որոշակի աշխատանքով, տեղակալ չունեին: Այս պարագայում մենք պարտականությունների կատարումը դնում ենք աշխատակազմի քարտուղարի վրա»,-նշեց Տերտերյանը:
Դիտարկմանը, թե կարող են քաղաքական նշանակումներ լինել, Տերտերյանն արձագանքեց՝ քաղաքական նշանակումներ կարող են լինել: «Քաղաքական իշխանությունը նաև նրա համար է, որ սխալ նշանակումներ անի և դրա համար կրի քաղաքական պատասխանատվություն: Մենք ելնում ենք նրանից, որ եթե համայնքապետի լիազորությունները դադարել են, ապա պետությունը իր պատասխանատվությամբ պետք է այդ վակուումը լրացնի»,-ասաց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ օրերս Գորիսում կայացան ՏԻՄ ընտրություններ, և համայնքապետ ընտրվեց Առուշ Առուշանյանը, որն այժմ կալանավորված է: