Երևան +13°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:56 06-09-2021

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի տեղը ձերն է, բայց թեկնածուին մենք ենք ընտրում. Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է. «Ցավոք, Արթուր Ղազինյանին ուղղված հարցերը ոչ միայն չեն վերջանում, այլև ավելանում են: Իհարկե, ձեր իրավունքն է փոխնախագահի պաշտոնում որպես թեկնածու կրկին առաջարկել Ղազինյանին։ Տեղը ձերն է, բայց թեկնածուին մենք ենք ընտրում»:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը ներկայացրեց իրենց թեկնածուի կենսագրությունը և հույս հայտնեց, որ այս անգամ հանձնաժողովը չի քաղաքականացնի հարցը. «Քաղաքական մեծամասնությունը մշտապես հղում է կատարում ժողովրդի տված քվեին, այս դեպքում ևս վերահաստատում ենք, որ ժողովրդի տված քվեին համապատասխան՝ օրենքով հասանելիք իրավասությունը, որից բխում է նաև պարտականությունը, փոխանցել և փոխանցում ենք ժողովրդի կամքը: Ուստի և ակնկալում ենք, որ այդ կամքը կիրացվի և չի ստվերվի այն, ինչը մեր խմբակցությունը պատրաստվում է իրականացնել ու ծավալել ԱԺ-ում»:

Հանձնաժողովի անդամները մի շարք հարցեր ուղղեցին նաև Արթուր Ղազինյանին: Հարցերը վերաբերում էին թե՛ նախկին և թե՛ ներկա իշխանություններին հասցեագրված իրարամերժ հայտարարություններին ու գրառումներին:

Մասնավորապես Անդրանիկ Քոչարյանի այն հարցին, թե ինչպես է Արթուր Ղազինյանը նման ունեցվածքի տեր դարձել, ինչն արդեն իսկ հայտագրվել է, Ղազինյանը պատասխանեց. «Ես 2010-ից պետական համակարգում չեմ և օրենքով արգելված ոչինչ չեմ արել, հրապարակել եմ կոնկրետ թվեր, քանի որ թաքցնելու ոչինչ չունեմ»:

Ղազինյանը բացատրեց, թե ինչու է ուզում անպայման զբաղեցնել հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը:

«Նոյեմբերի 9-ից սկսած, շփվելով այս ամեն ինչը չընդունած, մերժող ու դատապարտող քաղաքացիների հետ, ես հանձնառություն ստանձնեցի բացահայտել այն, ինչ տեղի է ունեցել թե՛ մինչև սեպտեմբերի 27-ը, թե՛ պատերազմի ողջ ընթացքում՝ մինչև նոյեբերի 9-ը, և թե՛ դրանից հետո ընկած ժամանակահատվածում: Եվ քանի որ ընդդիմությունը պատրաստվում է ստեղծել պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, որոշումս միանշանակ էր՝ դառնալ մասնակից բոլոր գործընթացների, տեղեկանալ, վերլուծել, արդյունքում հաստատել կամ մերժել առկա այն խորը կասկածը, որ տեղի է ունեցել պետական դավաճանություն»:

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ Ղազինյանի ֆեյբուքյան գրառմանը, որտեղ ասվում է. «Սերիական մարդասպանները միշտ էլ այցելում են իրենց զոհերի գերեզմաններին, սենց վիժվածք աշխարհը չի ծնել», այնուհետև հարց ուղղեց վերջինիս. «Եռաբլուրի խորհուրդը դուք այդպե՞ս եք հասկանում: Քոչարյանը հոկտեմբերի 27-ի հուղարկավորությունից հետո Եռաբլուր չէր այցելել, մինչև նախընտարական շրջանը, երբ այցելեց նաև Սպարապետի գերեզմանին, դա՞ էլ եք այդպես ընկալում»:

Ղազինյանի պատասխանեց, որ հոկտեմբերի 19-ից հետո պատերազմի դադարեցման առաջարկը մերժող անձը մարդկանց ուղարկել է մսաղաց:

«Սեղանին երկու հարց էր դրված՝ դառնալ դավաճան, բայց փրկել հազարավոր կյանքեր ու տարածքներ կամ պահել իշխանությունը: Ընտրվեց իշխանությունը, որը պահվեց մարդկանց կյանքների գնով: Մեկ անձ է պատասխանատու այս ամենի համար, որն էլ պետք է քրեորեն պատժվի: Սա է իմ գնահատականը»,- ասաց Ղազինյանը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի 4 անդամ քվեարկեց կողմ, 7-ը` դեմ: Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց:

«Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ կներկայացնի կա՛մ նույն թեկնածուին, կա՛մ նոր թեկնածուի։ Առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հավելենք, որ ընդդիմությունը 5 օրյա ժամկետում պետք է ներկայացնի նույն կամ այլ թեկնածուի անուն: