Ներքին 4 տարի առաջ - 22:18 31-07-2021

Հայկական ավիաընկերությունը դատի է տվել սկանդալի մեջ հայտնված շվեյցարական ընկերությանը․ «Հետք»

«Fly Armenia Airways» ավիաընկերությունը դատի է տվել իր ավիապարկում գրանցված ու փետրվարի 20-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում վայրէջք կատարած «Boeing 737-300» ինքնաթիռի (հայկական գրանցումը՝ EK-FAA) սեփականատեր շվեյցարական ընկերությանը:

Այս մասին գրում է «Հետք»-ն ու հիշեցնում, որ շվեյցարական «BK Impex» բաժնետիրական ընկերությունը 2020 թ. օգոստոսի 31-ին այս ինքնաթիռը լիզինգով հանձնել է հայկական ավիաընկերությանը, սակայն, ըստ լուրերի, այն մինչ այդ արդեն վաճառված է եղել իրանական «Caspian Airlines» ավիաընկերությանը: Ստացվում է, որ օդանավը պատժամիջոցների տակ Իրան տեղափոխելու գործընթացը կյանքի կոչելու համար ինքնաթիռը ձևական գրանցվել է Հայաստանում (մինչ այդ այն Լիտվայում էր գրանցված, բայց տևական ժամանակ չէր շահագործվում և կայանված էր Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի օդանավակայանում):

«Նկատենք, որ նախկինում մեր երկրից դեպի Իրան օդանավեր տեղափոխելու լայն պրակտիկա է գործել: Իրանը օդանավերի և դրանց պահեստամասերի խիստ կարիք ունի, սակայն արևմտյան պատժամիջոցների պարագայում մեծապես դժվարացել է դրանց ներկրումը: Իրանի համար միջնորդի դեր խաղացող երկրների շարքում նշվում են նաև Ղազախստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի ու Տաջիկստանի անունները: Ընդ որում՝ EK-FAA-ն Տալլինից (այստեղ այն տեխսպասարկում էր անցնում) դեպի բուլղարական Վառնա, ապա Թեհրան են տեղափոխել տաջիկական «Tajik Air»-ի օդաչուներ Ազիզբեկ Գոզիևն ու Սարվար Նուրովը, որոնց ներգրավել էր շվեյցարական լիզինգատուն:

Հայկական կողմի երկարատև ջանքերի արդյունքում ապրիլի 23-ին օդանավը Թեհրանից տեղափոխվեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ կանգնած է մինչ օրս: Դրա վրա ԱԱԾ-ն կալանք է դրել: Հիշեցնենք, որ ծառայությունը փետրվարի 25-ին քրգործ է հարուցել օդանավ փախցնելու և փաստաթուղթ կեղծելու հատկանիշներով:

«Fly Armenia Airways»-ը պնդում է, որ ինքնաթիռը Թեհրան է տեղափոխվել առանց իր գիտության և թույլտվության: «Ավիաընկերությունը տուժել է այդ հանցավոր գործունեության հետևանքով և իր հնարավորության սահմաններում նախաքննության մարմնին տրամադրել է անհրաժեշտ բոլոր տեղեկությունները և փաստաթղթերը։ Ընկերությունը հույս է հայտնում, որ բոլոր մեղավորները կբացահայտվեն և կենթարկվեն պատասխանատվության»,- «Հետքին» փոխանցել են հայկական փոխադրողի գրասենյակից։ Ընդհանուր տպավորությունն այն է, որ շվեյցարական ընկերությունը ինքնաթիռը վաճառել է իրանական կողմին և օգտագործել է հայկական ավիափոխադրողին (ավելի կոնկրետ՝ ինքնաթիռի ՀՀ գրանցումը)՝ գործարքն ավարտին հասցնելու՝ բորտը Իրան տեղափոխելու համար:

Ինչպես տեղեկանում ենք «Datalex» տեղեկատվական համակարգից, հուլիսի 29-ին «Fly Armenia Airways»-ը դիմել է Երևան քաղաքի դատարան՝ ընդդեմ օդանավի սեփականատեր «BK Impex»-ի: Պահանջը գումարի բռնագանձումն է: Այսինքն՝ ընկերությունը «Boeing 737-300»-ի անօրինական տեղափոխության պատճառով կրած վնասների փոխհատուցում է պահանջում լիզինգատուից: Գործը մակագրվել է դատավոր Մուրադ Հովակիմյանին (Արաբկիր նստավայր):

Չնայած EK-FAA-ն այս պահին էլ մնում է «Fly Armenia Airways»-ի հաշվեկշռում (լիզինգային պայմանագրով այն ՀՀ-ում գրանցված է մինչև 2025 թ. օգոստոսի 20-ը), իսկ մյուս կողմից՝ նախաքննություն վարող ԱԱԾ-ն դրա վրա կալանք է դրել, մեր տեղեկություններով, հայկական փոխադրողն այլևս մտադիր չէ շահագործել ինքնաթիռը: 1997 թ. արտադրված այս օդանավը նախկինում շահագործվել է Նոր Զելանդիայում, Էստոնիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Աֆղանստանում, Հունաստանում, Ջիբութիում, Սլովենիայում, Ռումինիայում, Լիտվայում, Գերմանիայում, Թունիսում, Իռլանդիայում:

«Հետքն» արդեն գրել է, որ «BK Impex» բաժնետիրական ընկերությունը (AG) գրանցված է Շվեյցարիայի իտալախոս հատվածում՝ Լոկարնո քաղաքում, ղեկավարն էլ Քրիստիան Ֆուզոն է (Christian Fuso): Շվեյցարական ռեգիստրից որոշ մանրամասներ ենք ճշտել հայ-իրանական ավիացիոն սկանդալի կենտրոնում հայտնված օդանավի սեփականատիրոջ վերաբերյալ»,- գրում է աղբյուրը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը