copy image url
Միտք 2 տարի առաջ - 09:23 15-05-2021

Հայաստանը COVID-19-ից մահացության հարաբերական ցուցանիշով աշխարհում 31-րդ տեղն է զբաղեցնում

Հայաստանը COVID-19-ից մահացության հարաբերական ցուցանիշով (ըստ 100.000 բնակչության հաշվարկի) աշխարհում 31-րդ տեղն է զբաղեցնում, 2021թ․-ի մայիսի 7-ի դրությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից՝ գրավոր հարցմանն ի պատասխան։

Կորոնավիրուսի հետ կապված մահերի ընդհանուր թիվը (ներառյալ COVID-19-ով վարակված պացիենտների մահը այլ պատճառներով) կազմել է 5356 դեպք։

Առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ կորոնավիրուսի բարդացումներից մահացած ամենաերիտասարդ պացիենտը 16 տարեկան է եղել։ Դեպքը գրանցվել է 2020թ․-ի հոկտեմբերին։ Աղջիկն ուղեկցող հիվանդություններ է ունեցել։ 14 տարեկանում նա գլխուղեղի վիրահատություն է տարել (չարորակ գոյացության մասնակի հեռացում) և եղել է վեգետատիվ վիճակում։

Հայաստանում կորոնավիրուսային վարակից բուժված ամենատարեց պացիենտը 98 տարեկան է։

«Ինչպես այլ երկրներում, այնպես էլ՝ Հայաստանում, գրանցվում են ՊՇՌ-թեստավորման կրկնակի դրական արդյունքով դեպքեր: Սակայն պարզել՝ դրանք կրկնավարակ են, թե ոչ, ներկայումս հնարավոր չէ: Չի բացառվում, որ երկրորդ թեստավորման պահին պացիենտները պարզապես դեռ առողջացած չեն եղել»,-հայտնեցին Առողջապահության նախարարությունից։

Գերատեսչությունից նշեցին, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս չի սահմանել նոր կորոնավիրուսային հիվանդության կրկնավարակ համարվող դեպքի ստանդարտ բնորոշումը:

Հայաստանում COVID-19-ի բրիտանական շտամի 11 դեպք է գրանցվել։ Ինչ վերաբերում է հնդկական և այլ շտամներին՝ մեր երկրի տարածքում առայժմ դրանք չեն գրանցվել։

«Համավարակի սկզբից մինչև 2021 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ի հետ ասոցացված բազմասիստեմ բորբոքային (կավասակիանման) համախտանիշ արձանագրվել է մինչև 18 տարեկան 113 երեխայի մոտ»,-նշեցին Առողջապահության նախարարությունում։

Ինչ վերաբերվում է օտարերկրացիների մուտքին՝ կանոններն առայժմ չեն փոխվել։ ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված որոշման համաձայն՝ Հայաստան կարող են մուտք գործել ՊՇՌ թեստի բացասական արդյունք ունեցող քաղաքացիները։ Կորոնավիրուսային վարակի դեմ ամբողջական պատվաստում անցած լինելու դեպքում (երկու դեղաչափ՝ խմբ․) քաղաքացին ազատվում է ՊՇՌ թեստ հանձնելու պարտավորությունից։

Ընդ որում՝ պատվաստանյութի երկրորդ ներարկումը պետք է արված լինի երկիր մտնելուց նվազագույնը 14 օր առաջ։ Անձը պետք է ներկայացնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափ ստացած լինելը հաստատող սերտիֆիկատ (տեղեկանք)։

Պատվաստման սերտիֆիկատը կարող է լինել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով։ Պետք է նշված լինեն պատվաստումն իրականացրած կազմակերպության բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը, պատվաստված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան օրը, ամիսը, տարին, պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, առաջին և երկրորդ դեղաչափի ներարկման տարեթվերը (օր, ամիս, տարի), ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով:

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված