Մերձավոր Արևելքում ռազմական էսկալացիան հասել է իր ամենավտանգավոր գագաթնակետին. ԱՄՆ զինված ուժերը նոր լայնամասշտաբ հարվածներ են հասցրել Իրանի տարածքին, ինչին ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հակահարձակում է սկսել Քուվեյթում տեղակայված ամերիկյան թիրախների վրա։
Ինչպես հաղորդում է BBC-ն, իրավիճակն ամբողջությամբ դուրս է եկել վերահսկողությունից, քանի որ պատասխան ռազմական գործողությունների աշխարհագրությունն արագորեն ընդլայնվում է՝ ընդգրկելով տարածաշրջանի մի քանի պետություններ։
Վաշինգտոնից հայտնում են, որ ամերիկյան ուժերի նոր հարվածների հիմնական նպատակն է էլ ավելի ջախջախել ու վատթարացնել Իրանի ռազմական կարողությունները Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակվելու համար։
Միևնույն ժամանակ, Թեհրանը պնդում է, որ հաջողությամբ թիրախավորել է ամերիկյան օբյեկտները ոչ միայն Քուվեյթում, այլև Բահրեյնում, Հորդանանում և Սիրիայում, իսկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնապես հայտարարել է, որ Իրանն այժմ մտնում է ԱՄՆ-ի դեմ լիամասշտաբ պատերազմի փուլ, ինչը սպառնում է վերածվել տարածաշրջանային համապարփակ աղետի։
Թամարա Քալանթարյան