Երևանի կենտրոնում գտնվող Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցն ու «ՔԵՅ-ՎԱՅԲՍ» անունը կրող սրճարանը զարմանալիորեն նույն հասցեում են գործում՝ Իսահակյան փող., 30 շենք։
Oragir.News-ին փոխանցված լուսանկարներից էլ պարզ է դառնում, որ այդ հաստատության այցելուների թվում զգալի թիվ են կազմում հենց դպրոցահասակ երեխաները։ Պաշտոնական փաստաթղթերով ևս հաստատվում է, որ կոմերցիոն ընկերությունը իրավաբանորեն և ֆիզիկապես գործում է պետական հանրակրթական դպրոցի շենքի տարածքում, որտեղ բացվել է կորեական ոճի սրճարան-ժամանցի վայր:

«ՔԵՅ-ՎԱՅԲՍ» (K-VIBES) ՍՊԸ-ի իրական շահառուների պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ ընկերության սեփականության և կառավարման մեջ ներգրավված են հետևյալ անձինք. ընկերության հիմնադիր Թերեզա Արզումանյան՝ 50% փայաբաժնով, և ՀՀ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի նախկին կինը՝ Մարիամ Մարգարյան, ով ընկերության իրական շահառուների ցանկում է գրանցվել 2025 թվականին։

Ըստ հայտարարագրի՝ Մարիամ Մարգարյանը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ, ինչպես նաև ունի ուղղակի կամ անուղղակի կերպով
տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի 20 և ավելի տոկոսին տիրապետելու հիմքեր։
Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ դպրոցի տնօրինությունից, բայց քանի որ տնօրենն արձակուրդում էր, կապ հաստատեց փոխտնօրեն Աննա Մելքումյանի հետ: Զրույցում Մելքումյանը վստահեցրեց, որ ժամանցային սրճարանը բացարձակ կապ չունի դպրոցի հետ։ «Դպրոցը ոչ մի առնչություն սրճարանի հետ, ոչ մի կապ չունի, ես ձեզ 100% կարող եմ հավաստիացնել»,- ասաց նա։

Փոխտնօրենը պնդեց, որ դպրոցի աշակերտները չեն օգտվում սրճարանից․ «Ժամանցի վայր չի, ընդհանրապես առնչություն չունի դպրոցի հետ, դպրոցականներն էլ՝ չեմ կարծում․․․»,- ասաց մեր զրույցակիցը։ Այնինչ, մեր ձեռքի տակ հայտնված լուսանկարներն այլ բան են փաստում․ դրանցում հստակ երևում է, որ օբյեկտում գտնվողները հենց դպրոցահասակ երեխաներ են։ Այլ հարց է՝ նրանք տվյալ դպրոցի՞ աշակերտներն են, թե՞ այլ հաստատությունների։
Oragir.News-ի հարցին, թե արդյոք տնօրինությունը երբևէ դիմե՞լ է Երևանի քաղաքապետարանին կամ այլ պատկան կառույցների՝ դպրոցի շենքում նման օբյեկտի գործունեությունը սահմանափակելու կամ տեղափոխելու պահանջով, փոխտնօրենը հրաժարվեց պատասխանել՝ ասելով. «Մնացած հարցերը տնօրենի հետ կպարզաբանեք»։
Հարցերից թերևս ամենակարևորը հետևյալն է՝ ինչպե՞ս է դպրոցի ղեկավարությունը վերահսկում աշակերտների՝ սրճարան հաճախելիությունը դասապրոցեսի ժամանակ, և ինչպե՞ս է գործնականում ապահովվում, որպեսզի կրթական հաստատության տարածքում գործող բարում չվաճառվեն կամ չօգտագործվեն անչափահասներին արգելված ապրանքներ՝ ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ կամ այլ վնասակար նյութեր (ի դեպ՝
Oragir.News-ը «ՔԵՅ-ՎԱՅԲՍ»-ից ճշտեց, որ սրճարանում կան դասական ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև հատուկ կոկտեյլներ)։
Բնականաբար, այս իրավիճակում առաջնային է դառնում նաև պատասխանատու գերատեսչությունների՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի դերը։ Այնուամենայնիվ,
Oragir.News-ը պատրաստ է լսել նաև տնօրենի պարզաբանումները և հրապարակել վերջինիս հակափաստարկները:
Հասմիկ Մովսիսյան