Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 58 րոպե առաջ - 16:00 06-11-2026

ՀՀ–ն ձայնից կզրկվի, վարորդականները կփոխվեն, Աջափնյակի մետրոն՝ 2028-ին, ավտոբուսն ընկել է ձորը․ Ամփոփ լուրեր

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ վաղ առավոտյան մարդատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջված հայտնվել ձորակում։ Դեպքը տեղի է ունեցել Ագարակ-Բյուրական ավտոճանապարհին։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ «JAC» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը տեղում մահացել է։ Նրա մարմինը մեքենայից դուրս են բերել Աշտարակի հրշեջ-փրկարարները։ Վթարված միկրոավտոբուսը սպասարկում էր Ագարակ-Աշտարակ թիվ 511 երթուղին։ Դեպքի վայրում աշխատել են ոստիկանության, պարեկային ծառայության և Քննչական կոմիտեի աշխատակիցները։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են մահացած վարորդի ինքնությունն ու վթարի բոլոր հանգամանքները։


Պաշտպանության նախարարությունը նոր օրենսդրական նախագիծ է մշակել, որով առաջարկում է էապես ընդլայնել Ռազմական ոստիկանության լիազորությունները։ Ըստ նախագծի՝ կառույցը ոչ միայն կկարողանա վերահսկել հեռախոսային կապն ու թվային հաղորդակցությունը, այլև իրավունք կստանա ստեղծել «կեղծ»՝ իրականում գոյություն չունեցող ֆիրմաներ, ինչպես նաև օգտագործել ԱԱԾ-ի պատրաստած քողարկված փաստաթղթերը։ ՊՆ-ից սա հիմնավորում են նրանով, որ բանակում հանցագործությունները, թմրանյութերի ու զենքի ապօրինի շրջանառությունը կանխելու համար նախկին գործիքներն այլևս բավարար չեն։ Արդյո՞ք սա անհրաժեշտ քայլ է բանակում կարգապահություն հաստատելու համար, թե՞ մարդկանց անձնական կյանքին միջամտելու նոր ռիսկեր է ստեղծում․ թեման արդեն իսկ թեժ քննարկումների առիթ է դարձել։


«Բոլորը պարզապես հիացած կլինեն». Դոնալդ Թրամփն ազդարարում է մի գործարքի մասին, որը կարող է վերաձևել ողջ Եվրոպայի ճակատագիրը։ Սպիտակ տանը կայացել է բավականին աղմկահարույց ուշագրավ հանդիպում․ ԱՄՆ նախագահն ընդունել է Ռուսաստանի ղեկավարի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևին։ ԱՄՆ նախագահը բացահայտ ակնարկում է՝ նախապատրաստվող համաձայնագիրը դուրս է գալու Ուկրաինայի սահմաններից և ուղղակիորեն վերաբերելու է ողջ եվրոպական անվտանգության համակարգին։ Վաշինգտոնում գտնվող ուկրաինական պատվիրակության հետ Թրամփն այդպես էլ չի հանդիպել։ Նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները նստելու են բանակցային սեղանի շուրջ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորելու է Վլադիմիր Մեդինսկին, իսկ օրակարգում աշխարհաքաղաքական նոր անվտանգության երաշխիքներն են։


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ակտիվացրել է մայրաքաղաքի զարգացման ծրագրերի քննարկումները։ Ըստ հրապարակման՝ սա կապված է իշխանական շրջանակներում հնարավոր մրցակիցների ի հայտ գալու և սեփական դիրքերն ամրապնդելու ցանկության հետ։ Թերթը նշում է, որ քաղաքապետի թիմը պատրաստվում է հայտարարել Աջափնյակի մետրոյի կայարանի շինարարությունը 2028 թվականի սկզբին մեկնարկելու մասին։ Բացի այդ, քննարկվում են էստակադաների կառուցման, ճանապարհների վերանորոգման և խցանումների նվազեցման ծրագրեր։ Միևնույն ժամանակ, պարբերականը հիշեցնում է, որ Աջափնյակի մետրոյի նախագծի մասին խոսվում է արդեն տարիներ շարունակ, սակայն գործնական աշխատանքները դեռ նախագծման փուլում են։


Երևանի պետական համալսարանի գրադարանը գրքերի նոր խմբաքանակ է ձեռք բերել «Անտարես» հրատարակչությունից։ Միայն 4 պայմանագրով մայր բուհից «Անտարեսին» է փոխանցվել ավելի քան 1.8 միլիոն դրամ։ Գնված գրականության ցանկում ընդգրկված են այնպիսի գործեր, ինչպիսիք են «Կնքահայրը», «Պապը, որ ուզում էր փոխել եկեղեցին», «Զանգված և իշխանություն» և «Դրակուլա» աշխատությունները։ Հատկանշական է, որ որոշ անուն գրքեր գնվել են համեմատաբար մեծ խմբաքանակներով՝ 43 և 67 օրինակներով։


Միջպետական բեռնափոխադրող վարորդների համար նոր կանոններ են սահմանվում․ Կառավարությունը որոշել է խստացնել նրանց որակավորման վկայականների պաշտպանությունը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պարզաբանում են, որ նախկինում այս փաստաթղթերի պաշտպանվածության պահանջները հստակ չէին, ինչը կեղծման ռիսկեր էր ստեղծում։ Այժմ վկայականների վրա կհայտնվեն պաշտպանական նոր տարրեր, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին։ Ի դեպ, այս փոփոխությունը նաև Հայաստան-Եվրոմիություն համաձայնագրի պահանջներից է։ Իսկ վարորդներին ու քաղաքացիներին վստահեցնում են՝ այս նորամուծության պատճառով պետական բյուջեից լրացուցիչ գումարներ չեն ծախսվի։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում
17:21 Հայաստանի քաղաքացին մեղր է ուտում, բայց չգիտի, որ դրա մեջ անտիբիոտիկների բարձր մակարդակ կա