Ուղիղ եթեր
Խորագիր 43 րոպե առաջ - 22:30 23-10-2026

Խորագիր. Անհարմար արտահերթը, ՔՊ-ական «բեսպրեդելը», կարգալույծների վճիռը, ֆեյք ականներ, ևս մեկ ադրբեջանցի

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

«Խորագիր» հաղորդաշարի տաղավարում Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևրոգ Էմին-Տերյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը վերլուծել և ամփոփել են այս շաբաթվա կարևոր իրադարձությունները:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել մասնավորապես երեկ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ընդդիմությանը կփորձեն համոզել Սահմանադրության տեքստը փոխելու հարցում, հակառակ դեպքում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Քննարկվել է արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորության, դրանց դեպքում հնարավոր զարգացումների հարցը:

Ըստ Գևորգ Էմին-Տերյանի՝ այս հարցը մի քանի շերտ ունի. «Առաջինն այն է, որ Փաշինյանի հիմնական ընտրական ընդդիմախոսները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը և Գագիկ Ծառուկյանը, բանտում են կամ տնային կալանքի տակ, և պարզ է, որ եթե հիմա լինի նախընտրական եռուզեռ, Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի դրան, խաղից դուրս վիճակում է, Գագիկ Ծառուկյանը դժվար մասնակցի, որովհետև ԲՀԿ-ն ստացել է գոտկատեղից ներքև հարված և ուշքի չի գալիս»:

Գևորգ Էմին-Տերյանը նշում է, որ սա հրաշալի մեթոդ է՝ բոլոր ընդդիմախոսներին բանտ ուղարկել կամ տնային կալանքի տակ պահել, ապա ընտրություններ անցկացնել:

«Եթե վերադառնանաք ընտրությունների տրամաբանությանը, այո, ամեն ինչ արել են, որպեսզի իրենցից ձայներ տարած ընդդիմությունը չկարողանա նույն հաջողությամբ կամ անհաջողությամբ ձայներ հավաքել ընտրությունների ժամանակ: Բայց պիտի հասկանանք, որ խորհրդարանով՝ Ազգային ժողովով, Սահմանադրություն չի փոխվում»,- նշեց Ավետիք Քերոբյանը:

Քննարկվել է օրերս մամուլում հայտնված հերթական ապօրինության դեպքը՝ կապված ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ. պարզվել է, որ Հովհաննիսյանի երկրորդ կինը՝ Էմմա Սարգսյանը, 2022 թ. գրանցվել է որպես համալսարանի մարքեթինգի բաժնի մասնագետ, սակայն տարիներ շարունակ չի ներկայացել աշխատանքի։ Հարց է բարձրացվել, թե ինչու այս փաստերի հիման վրա Մայր բուհի ռեկտորի դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվում:

«Ինձ համալսարանից ազատել են 5 րոպե ուշանալու համար, իսկ իր կինը 4 տարի շարունակ չի ներկայացել աշխատանքի և ստացել է փող: Ես կարծում եմ, որ եթե մենք ապրում ենք իրավական պետությունում, եթե կա գլխավոր դատախազ, որ Հոգաբարձուների խորհրդի անդամ է և շահերով կապված է Հովհաննես Հովհաննիսյանի հետ, եթե մենք ունենք դատարաններ, վարչապետ, ապա պետք է քրեական գործ հարուցվի Հովհաննես Հովհաննիսյանի նկատմամբ: Եթե քրեական գործ չի հարուցվում, ես կարծում եմ, որ սա մեսիջ է, որ իշխանությունն ասում է՝ ինչ ուզում եք, կարող եք անել, միայն թե աջակցեք Նիկոլ Փաշինյանին, մնացեք նրան հավատարիմ»,- ասաց Գևորգ Էմին-Տերյանը:

Անդրադարձ է եղել հոկտեմբերի 25-ի կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ՔՊ-ականների հետապնդումներին ու բռնաճնշումներին, Հայաստանի սահմանը օրեր առաջ հատած ադրբեջանցի հովվի դեպքին, նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցի վերաբերյալ վարույթները կարճելու դատարանի որոշմանը, Երևանում տրանսպորտի կոլապսին ու անվերջանալի խցանումներին:

Այս և այլ հարցերի մասին ամբողջական հաղորդումը՝ տեսանյութում:

Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված