Հանրությունն ակտիվորեն քննարկում է, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը իր կոշիկները սրբելը տեսանկարել և տեսանյութը տեղադրել իր պաշտոնական էջում, ի՞նչ է սա խորհրդանշում, սա հատուկ ուղե՞րձ է, կոշիկների մասին նա երա՞զ է տեսել, թե՞ պատրաստվում է ճանապարհ ընկնել։ Սրանք ի՞ր կոշիկներն են, Ալիևի՞, Պուտինի՞, թե՞ Թրամփի։ Այս կենցաղային դրվագից զատ, Փաշինյանն այլ կարևոր ասելիք չունի՞։
Կոշիկները խորհրդանշում են ճանապարհ, կյանքի փոփոխություններ։ Այս առումով՝ իրարանցում է առաջացել նրա համակիրների շրջանում։ Փաշինյանասերները մտահոգություն են հայտնում, որ սիրելի առաջնորդը թողնելու է իրենց ու գնալու է։ Այդ ի՞նչ է եղել, որ նա ուզում է գնալ, ումի՞ց է նեղացել և ո՞ւր է գնալու։
Մեկ այլ վարկածով՝ Փաշինյանը կոշիկ մաքրելով ակնարկում է, թե պատրաստվում է Մոսկվա գնալ, հանդիպել Պուտինի հետ, մաքուր, եղբայրական զրույց ունենալ։ Դե ուրիշ էլ ո՞ւր կարող է գնալ նա, որը 2018-ին ռուսների աջակցությամբ է իշխանության եկել ու պահպանում է նրանց հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Ուրույն տեսակետ է հայտնում հայտնի հասարակական գործիչ, իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը՝ հիշեցնելով, որ 1960 թվականի հոկտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը հանեց կոշիկը և սկսեց դրանով խփել սեղանին։ «Հաշվի առնելով կոշիկն ու Խրուշչովին, տրամաբանական է մտածել, որ Փաշինյան Նիկոլի մեսիջն ուղղված է Ռուսաստանին: Այլ կերպ ասած՝ գալիս է կոշիկով սեղանին խփելու ժամանակը»,- գրել է Կարեն Հեքիմյանը:
Կոշիկի տակը ցույց տալը իսլամական մշակույթում համարվում է վիրավորական և անհարգալից ժեստ։ Փաշինյանի տեղադրած տեսանյութում նա ոչ միայն սրբում է, այլև կոշիկի տակն է ցույց տալիս։ Ո՞ւմ է հասցեագրված Փաշինյանի այս վիրավորանքը՝ նախկինների՞ն, թե՞ այն երկրների ղեկավարներին, որոնք արհամարհեցին Փաշինյանի հրավերն ու չեկան Երևան, COP17-ին մասնակցելու։
Ոմանց կարծիքով՝ այսպես նա ցույց է տալիս, թե բարկացած է թիմակիցների, մասնավորապես՝ ՏԻՄ ընտրություններում ՔՊ թեկնածուների, շտաբի պետերի, մարզպետերի վրա։ Այսպիսով՝ ակնարկում է, թե կոշիկով ծեծելու է նրանց, եթե պարտվեն հոկտեմբերի 25-ի ընտրություններում։
Մեկ այլ վարկածով՝ սա պատասխան է տարածվող ասեկոսեների, թե Փաշինյանը տանը ծառաներ է պահում, որոնք մաքրում են նրա կոշիկները։ Այսպիսով՝ նա հերքում է այդ ասեկոսեները՝ ցույց տալով, որ ինքն է իր կոշիկները մաքրում, ծառա չունի։ Տան անդամները ևս չեն մաքրում նրա կոշիկները։ Այսինքն՝ նա ոչ ոքի թույլ չի տալիս մաքրել իր կոշիկները, ինքն է անում։
Ընդդիմախոսները շտապում են ենթադրել, որ կոշիկները մաքրելը խորհրդանշում է, որ Փաշինյանն ուզում է լքել կառավարական առանձնատունը, այսինքն՝ հրաժարական տալ և արտահերթ ընտրություններ նշանակել, ինչի մասին ակնարկել է հոկտեմբերի 22-ին ճեպազրույցի ժամանակ։ Եթե այս ենթադրությունը ճիշտ է, ապա ընդդիմադիրները պետք է լավ պատրաստվեն, որ չկրկնեն հունիսի 7-ի ֆիասկոն։
«Փախուստ Շոուշենկից» ֆիլմի հերոսը երկար նախապատրաստված փախուստից առաջ հանգիստ, անշտապ մաքրում է բանտապետի կոշիկները, որոնք հետո տանում է իր հետ՝ հիմարացնելով բանտապետին։ Նրա փախուստն անակնկալ էր բոլորի համար։ Գուցե Փաշինյանը նույնպես բոլորի համար անսպասելի պատրաստվում է փախուստի դիմել կառավարական առանձնատնից, թունել է փորել ու ծլկելու է՝ հիմարացնելով բոլորին։
Կա նաև հոգեբանական բացատրություն այս դրվագին։ Կոշիկ մաքրելը հոգեբանական վերլուծությամբ նշանակում է ազատվել անցյալի բեռից, կոշիկների վրա մնացած ցեխից, փոշուց, պատրաստվել նոր, մաքուր ու հաջողակ փուլի։ Ենթադրելի է, որ արտահերթ ընտրությունների շեմին Փաշինյանը փորձում է պատրանք ստեղծել, թե ուզում է ազատվել ռուսների հետ պայմանավորվածություններից, առաջնորդվել ազգային շահերով։
Վերջապես՝ կա սթափ բացատրություն այս դրվագին։ Փաշինյանին հետաքրքրում է իր ժողովրդականությունը։ Քանի դեռ իր վարկանիշն աղետալի ցածր է, նրա ամենակարևոր գործը լինելու է այն բարձրացնելը։ Դրա համար նա պատրաստ է լուսանցքային, կենցաղային, պրիմիտիվ տեսանյութեր տեղադրել, աղմկահարույց հայտարարություններ անել, միայն թե մնա հանրության ուշադրության կենտրոնում, որ մարդիկ խոսեն իր մասին, իր կյանքի, գործի, նույնիսկ կենցաղի մասին, իր տեսանյութերը քննարկեն, իր ասելիքը վերլուծեն, բանավիճեն իր օրակարգի շուրջ, ոչ թե այլ քաղաքական առաջնորդների։
Թաթուլ Մկրտչյան