Մամուլ 3 ժամ առաջ - 07:21 17-10-2026

Ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 15-ի նիստում ՀՀ կառավարության ընդունած որոշումը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու մասին, դուրս է գալիս սովորական տնտեսական կամ իրավական կարգավորման շրջանակներից: Գործադիրը, հղում անելով ռազմավարական ենթակառուցվածքների անվտանգությանն ու քաղաքացիների՝ անխափան ծառայություններ ստանալու սահմանադրական իրավունքին, փաստացի մեկնարկեց խոշորագույն մասնավոր ակտիվի վերաբաշխման նոր փուլ:

Մինչ պաշտոնական հիմնավորումները փաթեթավորվում են անվտանգային բարձրագոչ լոզունգներով, իրականում տեղի ունեցողը ստեղծում է իրավական ու քաղաքական վտանգավոր նախադեպ: Հայաստանյան իրավակիրառ պրակտիկայում «հանրային գերակա շահ» հասկացությունը մշտապես ծառայել է որոշակի անշարժ գույքի կամ տարածքների օտարման համար՝ պետական կամ համայնքային նշանակության ծրագրեր իրականացնելու նպատակով: Ամբողջական բաժնետիրական ընկերության, այն էլ երկրի խոշորագույն գործատուներից ու հարկատուներից մեկի 100 % բաժնետոմսերն այս գործիքակազմով վերցնելը ոչ միայն հարցականի տակ է դնում սեփականության անձեռնմխելիության սահմանադրական սկզբունքը, այլև ուղիղ ազդակ է հղում բիզնես միջավայրին:

Այս գործընթացը խորքային հարված է հասցնում երկրի ներդրումային գրավչությանը: Ցանկացած խոշոր կապիտալ, լինի տեղական թե արտասահմանյան, առաջնորդվում է կանխատեսելիության և իրավական պաշտպանվածության կանոններով: Երբ պետական ապարատը ցանկացած պահի կարող է վարչական լծակներով դադարեցնել լիցենզիան, իսկ հետո «գերակա շահի» մեխանիզմով սեփականազրկել ընկերությունը, շուկայում ձևավորվում է անվստահության այնպիսի մթնոլորտ, որի հետևանքները տարիներով հնարավոր չի լինի հաղթահարել:

Խնդրի մյուս կողմը միջազգային իրավական ու ֆինանսական ռիսկերն են: Միջազգային արբիտրաժային դատարաններում նմանօրինակ գործընթացները տարիներ են տևում և, որպես կանոն, պետությունների համար ավարտվում են հսկայական ֆինանսական կորուստներով: Արդյունքում՝ քաղաքական որոշումների կայացման պահին առաջնորդվող կարճաժամկետ շահերը հետագայում կարող են ծանրագույն ֆինանսական բեռ դառնալ պետական բյուջեի և հարկատուների համար:

Ակնհայտ է, որ կառավարությունն այս քայլով ոչ թե էներգետիկ անվտանգությունն է ապահովում, այլ սեփական քաղաքական կամակորություններն է սպասարկում՝ երկրի տնտեսությունը կանգնեցնելով աղետի առջև։ Սեփականության իրավունքն ու օրենքի գերակայությունը ոտնահարող, ներդրումային միջավայրը հողին հավասարեցնող այս ավանտյուրայի ամբողջ ծանրությունն ի վերջո ընկնելու է հենց քաղաքացիների ու պետական բյուջեի ուսերին, իսկ իշխանության անպատասխանատու որոշումների ֆինանսական ու քաղաքական հաշիվը ստիպված են լինելու վճարել բոլորը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը