Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային Բաստիոն» հաղորդման տաղավարում հյուրընկալվել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
Սուրեն Սուրենյանցը խոսել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի, դրա ուղերձի, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ արևմտյան կառույցների մեղմ վերաբերմունքի, ընդդիմության՝ միջազգային կառույցների հետ ոչ բավարար աշխատելու, Գագիկ Ծառուկյանի կալանավորման, Քոչարյանին Մարտի 1-ի գործով արդարացնելու, քաղաքակրթական պատերազմում Փաշինյանի հաղթելու դեպքում հավանական սցենարների մասին:
«Դա քաղաքական կուրսի փոփոխություն չէր արևմտյան կառույցների կողմից, այսինքն՝ իրենք շարունակում են խնամել, գուրգուրել Նիկոլ Փաշինյանին, զեկույցի հռետորաբանությւոնն էլ դուրս չէր այդ համատեքստից: Ակնհայտ դիսոնանս կար բերված փաստերի և ավարտական եզրահանգման միջև»,- նշում է քաղաքագետը՝ անդրադառնալով ԵԽԽՎ զեկույցին:
Ըստ Սուրենյանցի՝ ԲՀԿ-ին առնչվող դրվագը շատ օբյեկտիվ էր. խեղաթյուրվել է Ազգային ժողովի խճանկարը, քանի որ եթե ԲՀԿ-ն լիներ խորհրդարանում, բոլորովին այլ պատկեր կունենայինք, առնվազն Փաշինյանի ավտորիտար նկրտումները կզսպվեին, մի շարք օրենքներ չէին կարողանա ընդունել, պաշտոնյաներ նշանակել և այլն:
Սուրենյանցը նշում է, որ արևմտյան կառույցները նախկին իշխանությունների նկատմամբ ավելի անտարբեր էին, այս գուրգուրանքը չունեին, որի պատճառները մի քանիսն են. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իր պրիմիտիվ հակառուսականությամբ խիստ ձեռնտու է Արևմուտքին, կա ընդդիմության ոչ բավարար աշխատանք միջազգային կառույցների հետ»:
Խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին բանտարկելու պատճառների մասին՝ քաղաքագետն առանձնացրեց երեքը՝ քաղաքական հաշվեհարդար, դիմադրության մեծ ու փոքր կենտրոնների չեզոքացում, ստրատեգիական կուրսի փոփոխություն. «Փաշինյանը թիրախավորել է այն մարդկանց և ուժերին, որոնք անցած 20-30 տարիների ընթացքում ամբողջացրել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների համատեքստը»:
Այս և այլ ուշագրավ հարցերի մասին ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
Գևորգ Էմին-Տերյան