Ներքին 1 ժամ առաջ - 18:40 26-09-2026

Կենտրոնում՝ 41%, Էրեբունիում՝ 71% աճ․ անշարժ գույքի շուկան և Երևանի գերթանկ բնակարանները

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանի անշարժ գույքի շուկան վերջին տարիներին գտնվում է տնտեսական կտրուկ տատանումների և արտաքին ազդակների կենտրոնում։

Շուկայում տիրող իրավիճակը, գների դինամիկան և դրանց սոցիալական հետևանքները պարզաբանել է տնտեսագետ, Tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը։ Նրա խոսքով՝ պաշտոնական վիճակագրությունն ու շուկայի իրական պատկերը առաջին հայացքից կարող են հակասական թվալ, քանի որ վերջին շրջանում նկատվող գների սառեցմանը զուգահեռ՝ որոշ սեգմենտներում գրանցվում է նոր թռիչքաձև աճ։

Աղասի Թավադյանը Oragir.News-ի տաղավարում անդրադառնում է շուկայի ներկա վիճակին և դրա պատճառներին։ «Եթե նայենք ընդհանուր առմամբ անշարժ գույքի շուկայի մասին տեղեկատվությունը վերջին երկու տարվա ընթացքում, ապա տվյալները իրարամերժ են։ Ըստ Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակվող ցուցանիշների՝ 2025 թվականի կեսերից մինչև 2026 թվականը մենք ունեինք անշարժ գույքի շուկայում գների ընդհանուր սառեցում։ Սակայն վերջին ցուցանիշները ցույց են տալիս, որ բավականին աճել են և՛ վարձակալության գները, և՛ ինչպես նաև աշխուժացել է անշարժ գույքի ու շինարարության շուկան. այնտեղ գները ավելի են բարձրացել։ Հիմնականում ազդակը եկել է Ռուսաստանի Դաշնությունից, ճիշտ ինչպես 2022 թվականին էր։ Հիշենք, որ քաղաքական իրադարձություններով պայմանավորված՝ 2022 թվականին Ռուսաստանը հայտարարեց 300 000 հոգու մոբիլիզացիա, որը բերեց նրան, որ բավականին մեծ քանակությամբ մարդիկ արտահոսեցին ՌԴ-ից։ Նաև արտահոսեց բավականին մեծ քանակությամբ կապիտալ՝ պայմանավորված սանկցիաներով»,- բացատրում է տնտեսագետը։

Տնտեսագետի փոխանցմամբ՝ Ռուսաստանից հեռացած քաղաքացիների և կապիտալի զգալի մասի հանգրվանը դարձավ Հայաստանը, ինչն էլ դարձավ շուկայի կտրուկ տրանսֆորմացիայի հիմնական շարժիչ ուժը։ Ներկայացնելով վերջին ամիսների դինամիկան և թվային կոնկրետ պատկերը՝ Աղասի Թավադյանը մատնանշում է շուկայական նոր անոմալիաները. «Եթե երեք ամիս առաջվա համեմատ նայենք, ապա այս պահին շուկայում գները բարձրացել են հետևյալ կերպ՝ Կենտրոնում՝ 41 տոկոսով, Արաբկիրում՝ 48 տոկոսով, իսկ Էրեբունիում՝ 71 տոկոսով։ Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ էժան տները միանգամից սպառվել են։

Իրականում ոչ բոլոր սեփականատերերն են բարձրացրել իրենց գները (մոտ 50 տոկոսը նույնն է թողել)։ Սակայն այն տները, որոնց գները սեփականատերերը նույնն էին թողել, շուկայից միանգամից վերցրել են, և այդ հատվածն արագ սպառվել է։ Արդյունքում՝ շուկայում այսօր հիմնականում մնացել են միայն բարձր արժեք ունեցող բնակարանները»,- նշում է Աղասի Թավադյանը՝ կանխատեսելով, որ այս երևույթը ժամանակավոր բնույթ է կրում, և իրավիճակը շուտով կհանդարտվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում