Ներքին 1 ժամ առաջ - 20:00 25-09-2026

Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Սարսափելի վանդալիզմ է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են Ալբերտ Հովհաննիսյանի գրաֆիտի նկարը։ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Ալբերտ Հովհաննիսյանի գրաֆիտին պատկերված էր «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի աջակողմյան հատվածի պատին։ «Հաղթանակ» զբոսայգի այցելողները ծաղիկներ էին խոնարհում նաև Արցախի ազատության համար պայքարի խորհրդանիշ դարձած հերոսի նկարի առջև։

Ինչո՞ւ են ջնջել հերոսի նկարը։ Սա թշնամի՞ն է արել, թե՞ մեզ հերոս պետք չէ։

Այսպիսի վանդալիզմ կարող էր անել թշնամին։ Արցախը զավթելուց հետո ադրբեջանցիներն այդպես էին վարվում մեր հերոսների արձանների հետ, պղծում էին եկեղեցիները, սրբավայրերը։ Օրեր առաջ էլ Գանձասարում կազմակերպեցին սադրանք, թե հայերը չունեն մշակութային ժառանգություն։ Ենթադրելի է, որ սա նույն շարքում կատարված վանդալիզմի արտահայտություն է։

Այսպիսի վանդալիզմի թիրախը ժողովրդի հոգին է, միտքը։ Այսպիսով փորձում են ցույց տալ, թե հայերն իրենց ազատության համար պայքարող հերոս չունեն, ազատության համար կռվող չեն։ Ժողովրդի ազատության համար կռվողն ու նահատակվողը հարգանքի, խոնարհումի արժանի չէ։ Այդպիսի ժողովուրդը, բնականաբար, չի կռվի ենթադրյալ ագրեսիայի ժամանակ։ Այսինքն՝ այսպիսի վանդալիզմով փորձում են կոտրել ժողովրդի պայքարի ոգին, խեղել նրա միտքը, ժողովրդի ազատության համար պայքարն իմաստազրկել։

Այս վանդալիզմը լուրջ մտահոգություն է առաջացնում ազգային անվտանգային առումով։ Եթե հասել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարը ջնջելուն, ապա ենթադրելի է, որ չբարեկամներն են որոշում, թե ում նկարը լինի քաղաքի պատերին, ով է օրինակելի, ինչ վերաբերմունքի են արժանի նահատակները։ Պատկերավոր ասած՝ թշնամիները երկրորդ անգամ են սպանել Ալբերտին, այս անգամ Երևանում։

Կա նաև սարսափելի վարկած, որ հերոսի նկարը պատից ջնջել են ՔՊ-ական իշխանությունները։ Էլ ավելի սարսափելի է կարծելը, թե իշխանություններն օտարի թելադրանքով են ջնջել հերոսի գրաֆիտին, որը ուխատեղի էր դարձել։

Օրեր առաջ բարձրագույն պաշտոնյաները Անկախության օրվա տոնական ուղերձների վերին տողում ասում էին՝ «փառք նահատակներին»։ Իսկ զուգահեռաբար՝ հերոսի նկարը ջնջվում է պատից։ Եթե իշխանությունների ձեռքով է ջնջվել հերոսի նկարը, նշանակում է նրանց խոսքն ու գործը չեն համապատասխանում։ Եվ քանի որ մարդու մասին դատում են նրա արարքներով, ապա կարող ենք ասել, որ ՔՊ-ական բարձրագույն պաշտոնյաները կեղծում են։ Իրականում՝ նրանք նահատակներին չեն հարգում։ Եթե հարգեին, ապա Ալբերտ Հովհաննիսյանի նկարը չէին ջնջի պատից։

Ո՞ւմ էր խանգարում Ալբերտ Հովհաննիսյանի նկարը։ Հավանաբար՝ ՔՊ-ականները չէին կարողանում հանգիստ նայել հերոսի նկարին, քանի որ այս նկարը ՔՊ-ական պաշտոնյաներին հիշեցնում էր, թե ինչ աղետներ են պատճառել ժողովրդին ու պետությանը։ Նկարին նայելիս հավանաբար, ամաչում էին, որ իրենց գործած աղետալի սխալների հետևանքով այդքան շատ զոհեր ենք ունեցել։ Ու այդ ամոթից նրանք փոքրանում էին, մի բուռ դառնում, ուզում հրաժարական տալ։ Իսկ ջնջելուց հետո նրանք, հավանաբար, իրենց աչքին կրկին մեծացել են ու առանց ընկճվելու շարունակում են պաշտոնավարել, կարծես չենք պարտվել իրենց սխալների պատճառով։

Կարճ ասած՝ այս սարսափելի վանդալիզմի հեղինակին հայտնաբերելը իշխանությունների պատվի հարցն է։ Մինչ այդ հանրությունն իրավունք ունի կասկածելու, որ ՔՊ-ական իշխանություններն են կատարել այդ հրեշավոր արարքը։ Իսկ եթե իրենք չեն արել, ապա այնքան թույլ են, որ չբարեկամները կարողացել են Երևանում ջնջել ժողովրդի կողմից ամենասիրված հերոսներից մեկի նկարը։




Թաթուլ Մկրտչյան