Ներքին 1 ամիս առաջ - 12:30 26-09-2026

Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Այս օրերին Տավուշի մարզում ընթանում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթաց։ Oragir.News-ի հավաստի տեղեկություններով՝ սահմանագծման արդյունքում Նոյեմբերյանի Բերդավան գյուղի հարակից 4-5 հայկական մարտական դիրքեր անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս ռազմավարական նշանակության հենակետերի կորուստը ոչ միայն անվտանգային լուրջ սպառնալիք է ստեղծում գյուղի համար, այլև ուղղակիորեն հարվածում է տեղի բնակիչների հոգևոր ու պատմական ժառանգությանը։

Մեզ փոխանցված տեղեկություններով՝ նոր սահմանագիծն անցել է հենց բերդավանցիների դարավոր սրբատեղիով։ Այստեղ է գտնվում 10-11-րդ դարերի հռչակավոր Ղալինջաքար ամրոցը, իսկ դրանից ընդամենը 200 մետր հարավ-արևմուտք՝ միջնադարյան եռանավ եկեղեցու ավերակներն ու 12-13-րդ դարերի բացառիկ խաչքարերը։ Փաստացի, թշնամու նոր դիրքերն ու սահմանային սյուները հայտնվել են մեր սրբավայրերի կողքին՝ դրանք դարձնելով խոցելի։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրավիճակը հասկանալու համար Բերդավանի վարչական շրջանի ղեկավար Արամ Զուրաբյանն անձամբ է մեկնել սահմանագիծ։

Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ անձամբ համայնքի ղեկավարից։

- Պարոն Զուրաբյան, տեղեկություններ ունենք, որ սահմանազատման արդյունքում Բերդավանի հարակից 4-5 մարտական դիրք անցել են ադրբեջանական կողմին․ որքանով է սա համապատասխանում իրականությանը։

- Տենց ինֆորմացիա չունեմ ես։

- Բայց մեզ հասած տեղեկություններով՝ Դուք ներկա եք եղել, խոսել եք, փորձել եք իրավիճակը հասկանալ։

— Չկա տենց բան։ Ձեզ սխալ ինֆորմացիա են տվել։ Ոչ մի բան չկա, նման ինֆորմացիայի չեմ տիրապետում։ Իսկ Ղալինջաքար ամրոցը իրա տեղում ա։

Բնականաբար, ոչ ոք չէր պնդում, թե պատմական բերդը տեղաշարժվել է. հարցն այն էր, թե ում վերահսկողության տակ է այն հայտնվում և որքանով է անվտանգ դառնում սահմանագծին հայտնված սրբատեղին։

-Պարոն Զուրաբյան, իմ հարցն այլ է՝ արդյոք սահմանզատման ժամանակ նշածս ամրոցը, եկեղեցին, խաչքարերը հասանելի կլինե՞ն Հայաստանի քաղաքացիներին և որքանով անվտանգ կլինեն.․.

- Վստահաբար ասում եմ՝ հասանելի կլինեն։ Վաղը մենք պատարագ ունենք, Ձեզ նույնպես հրավիրում եմ խոնարհված եկեղեցուն։ Մենք քայլերթով ուխտ ենք անելու Բերդավանի գյուղամեջից մինչև ամրոցի հարակից Սուրբ Նշան եկեղեցին։

- Այսինքն՝ Դուք ամբողջովին հերքո՞ւմ եք այս տեղեկատվությունը։

- Ես վաղվա մեր պլաններն եմ Ձեզ ասում։

Իսկ թե ինչ պայմաններում ու ում նշանառության տակ է վաղը տեղի ունենալու բերդավանցիների պատարագը Սուրբ Նշան եկեղեցում, ցույց կտա ժամանակը։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը