Իսրայելական մարտական ինքնաթիռներն ու հրետանին մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային մի քանի բնակավայրերին։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։
Իսրայելական ինքնաթիռները մի քանի անգամ հարվածել են Ալ-Մանսուրի գյուղին, մինչդեռ հրետանին միաժամանակ գնդակոծել է Զուտար ալ-Շարքիան բնակավայրը և երկրի հարավում գտնվող այլ տարածքներ։
Իսրայելական անօդաչու թռչող սարքը պայթուցիկ նյութեր է նետել նաև Նաբաթիե ալ-Ֆաուկայի մերձակայքում գտնվող Ալ-Դաբշա տարածքում։ Հրետանային կրակի թիրախ է դարձել Այթարունը, որի ուղղությամբ իսրայելական զինվորականները նաև գնդացրային կրակ են բացել։
Հրետանային արկն ընկել է Բանի Հայյանի համայնքային վարչության շենքի վրա, իսկ իսրայելական անօդաչու թռչող սարքը վթարի է ենթարկվել Զիբքին գյուղի մերձակայքում։
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերն ավելի վաղ հայտնել էին, որ երկրի հարավում իսրայելական ռազմական գործողությունների նկատելի աճ է արձանագրվել։ Ըստ առաքելության տվյալների՝ խաղաղապահներն օգոստոսի 5-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արձանագրել են օրական միջինը 137 կրակոց, ընդ որում՝ շաբաթ օրը գրանցվել է 208, իսկ կիրակի օրը՝ 185 կրակոց։