Մամուլ 3 ամիս առաջ - 08:23 15-07-2026

ՀՀ 10 մարզպետներ անգործ կմնան. մարզպետարանները լուծարման փուլում են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կառավարությունում քննարկվում է պետական կառավարման համակարգի հերթական խոշոր վերափոխումը, որի արդյունքում մինչև 2028 թվականը կարող է փուլային կարգով դադարեցվել գործող մարզպետարանների ինստիտուտը։ «Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվող մոդելի համաձայն՝ ներկայիս մարզպետարանների փոխարեն յուրաքանչյուր մարզում կարող է գործել ընդամենը մեկ Կառավարության ներկայացուցիչ՝ փոքր աշխատակազմով և սահմանափակ գործառույթներով։

Թեև այս նախաձեռնության վերաբերյալ առայժմ պաշտոնական հայտարարություն չի արվել, կառավարությունում քննարկվող մոտեցման հիմքում վարչական համակարգի օպտիմալացումն է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գործադիրում գնալով ավելի հաճախ է հնչում այն տեսակետը, որ մարզպետարաններն այլևս չեն իրականացնում այնպիսի գործառույթներ, որոնք կարդարացնեն գործող ծավալուն կառույցների պահպանումը։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջին տարիներին մարզպետարաններից աստիճանաբար դուրս են բերվել մի շարք առանցքային լիազորություններ։ Արդեն այսօր պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ բժշկական կենտրոնների տնօրենների նշանակման և ազատման գործընթացը կենտրոնացվել է Առողջապահության նախարարությունում։ Կրթության ոլորտում նույնպես շարունակվում է կառավարման կենտրոնացումը․ սեպտեմբերից հանրակրթական դպրոցների կառավարման գործառույթներն ամբողջությամբ անցնելու են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տիրույթ։ Սոցիալական ծառայությունների մի շարք գործառույթներ նույնպես վերակազմակերպվել են՝ փոխանցվելով տեղական ինքնակառավարման մարմիններին կամ համապատասխան կենտրոնական մարմիններին։

Այս փոփոխությունների ֆոնին կառավարությունում քննարկվում է հարցը, թե ինչ գործառույթներ են փաստացի մնում մարզպետարաններին, և արդյոք հիմնավորված է պահպանել ներկայիս բազմաշերտ վարչական համակարգը՝ մարզպետներով, փոխմարզպետներով, վարչությունների ղեկավարներով և տասնյակ աշխատակիցներից կազմված ապարատներով։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվող տարբերակի դեպքում յուրաքանչյուր մարզում կարող է պահպանվել միայն Կառավարության ներկայացուցիչը, որը կապահովի կենտրոնական իշխանության ներկայացվածությունը մարզում, իսկ ոլորտային քաղաքականության իրականացումն ամբողջությամբ կկենտրոնացվի նախարարություններում և տեղական ինքնակառավարման մարմիններում։

Քննարկումների քաղաքական ենթատեքստը ևս ուշագրավ է։ Իշխանության ներսում չեն բացառում, որ նման բարեփոխման դեպքում մարզպետի պաշտոնը կարող է դառնալ ժամանակավոր կամ անցումային։ Հենց այդ հանգամանքով էլ քաղաքական շրջանակներում բացատրում են, թե ինչու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ պատգամավորներ, որոնք անցողիկ տեղերում են եղել և ընտրվել են պատգամավոր, չեն շտապում հրաժարվել պատգամավորական մանդատներից։ Եթե մինչև 2028 թվականը մարզպետարանների ինստիտուտի վերակազմավորումը կյանքի կոչվի, ապա մարզպետները անգործ կմնան»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան