Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։
Այսօր ուսումնասիրել ենք ՍԴ ներկայիս նախագահ Արման Դիլանյանի և նրա կնոջ՝ Նաիրա Ալեքսանյանի, հայտարարագրերը։
Հիշեցնենք, որ Արման Դիլանյանը ՍԴ-ում երկար տարիների աշխատանքային փորձ ունի, որի ընթացքում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ Նա ՍԴ դատավոր է ընտրվել 2018-ի սեպտեմբերին, իսկ նախագահ՝ 2020-ի հոկտեմբերին՝ այն բանից հետո, երբ նույն թվականի ամռանը ՔՊ-ական՝ այն ժամանակ քայլական պատգամավորները պաշտոնանկ արեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։
Որպես անշարժ գույք՝ Դիլանյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 2 բնակարան՝ Երևանում, որոնցից մեկը ձեռք է բերել 2022 թվականի սեպտեմբերի 8-ին, իսկ մյուսը նվիրատվությամբ ստացել է 2023 թվականի նոյեմբերի 30-ին, համատեղ սեփականությամբ ավտոկայանատեղի՝ Երևանում, որը ձեռք է բերել 2023-ի ապրիլի 20-ին, ինչպես նաև միանձնյա սեփականությամբ արտադրական շինություն՝ Վաղարշապատում, որը գնել է 2004 թվականի ապրիլի 27-ին։
Դիլանյանը 2025-ի հունվարի 15-ին 111 մլն 260․500 դրամով հողամաս է գնել Երևանում, որին տիրապետում է համատեղ սեփականությամբ, ինչպես նաև նույն թվականի սեպտեմբերի 10-ին իր բնակարաններից մեկը 57 մլն 365 հազար դրամով վաճառել է ոմն Գրիգոր Երիցյանին, իսկ նրա մյուս գույքերը պահպանվել են։
Շարժական գույք՝ տրանսպորտային միջոցներ, ՍԴ նախագահը չի հայտարարագրել։
Արման Դիլանյանը 111 մլն 260․500 դրամ փոխառություն է հայտարարագրել, որից նա փաստացի եկամուտ է ստանում։
Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 371․961,72 դրամ, 1․25 եվրո և 0․14 դոլար, տարեվերջին՝ 54 մլն 121․424,02 դրամ, 1․25 եվրո, 0․14 դոլար։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 5 մլն դրամ, 5000 դոլար և 1000 եվրո, տարեվերջին՝ 3․5 մլն դրամ, 5000 դոլար և 1000 եվրո։
2025 թվականի հաշվետու տարում Արման Դիլանյանի եկամուտները կազմել են 90 մլն 336․516,86 դրամ, որից 24 մլն 987 հազար դրամը ՍԴ-ից ստացած աշխատավարձն է, 2 մլն 180․265,1 դրամը՝ այլ եկամուտը, 21․188 դրամը՝ ԵՊՀ-ից ստացած աշխատավարձը, 783․708,9 դրամը՝ Ամերիաբանկին տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը, 173․192,86 դրամը՝ Կոնվերսբանկից ստացած այլ եկամուտը, 4 մլն 826․162 դրամը՝ եկամտային հարկի վերադարձը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 34 մլն 338․502,9 դրամ։
Նա իր եկամուտներից 4 մլն դրամ հատկացրել է հանգստի համար կատարված ճանապարհածախսին, 4 մլն 883 հազար դրամ՝ ուսման կամ այլ դասընթացի համար վճարվող վարձավճարին, 6 մլն 562․283 դրամ՝ վարկի մարմանը, 15 մլն դրամ՝ անշարժ գույքի վերանորոգմանը։
Դիլանյանի կինը՝ Նաիրա Ալեքսանյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է ամուսնու հայտարարագրած 2 բնակարաններն ու ավտոկայանատեղին, որոնց նա տիրապետում է համատեղ սեփականությամբ, ինչպես նաև բաժնային՝ 1/7 սեփականության իրավունքով բնակարան՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, որը նա ձեռք է բերել 1996 թվականի հոկտեմբերի 25-ին։
Բնակարաններից մեկը նա տարվա ընթացքում օտարել է։ Խոսքը նույն բնակարանի օտարման մասին է, որը տեղ է գտել Դիլանյանի հայտարարագրում, իսկ մյուս 3 միավոր գույքը պահպանվել է։
Շարժական գույք՝ տրանսպորտային միջոցներ, նա նույնպես չի հայտարարագրել։
Դիլանյանի կինը ևս փոխառությունների բաժնում 111 մլն 260․500 դրամ է հայտարարագրել, որից նա փաստացի եկամուտ է ստանում։
Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 87․732,61 դրամ, տարեվերջին՝ 1410։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 22 հազար դոլար, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։
2025 թվականի հաշվետու տարում Նաիրա Ալեքսանյանի եկամուտները կազմել են 5 մլն 657.600 դրամ, որից 10 հազար դոլարը՝ Ռոմիկ Ալեքսանյանից, 1 մլն 418 հազար դրամը՝ Իրինա Ալեքսանյանից ստացած նվիրատվությունն է, 559 հազար դրամը՝ Ինեկոբանկից ստացված փոխառությունը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 55 մլն 512 հազար դրամ։
Դավիթ Գույումջյան