3 անշարժ գույք, 2 մեքենա, 15.4 մլն անկանխիկ, 13.3 մլն կանխիկ, 34.3 մլն եկամուտ. Մխիթար Հայրապետյանի և կնոջ ունեցվածքը
copy image url

3 անշարժ գույք, 2 մեքենա, 15.4 մլն անկանխիկ, 13.3 մլն կանխիկ, 34.3 մլն եկամուտ. Մխիթար Հայրապետյանի և կնոջ ունեցվածքը

Հայտարարագիր 9 ժամ առաջ - 22:45 05-07-2025

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը զբաղեցնող Մխիթար Հայրապետյանի և նրա կնոջ՝ Լուսին Վանա Կարապետ Ավետիսի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Մխիթար Հայրապետյանը 2018-ի իշխանափոխությունից հետո մինչև 2019-ի հունվարի 14-ը զբաղեցրել է Սփյուռքի նախարարի պաշտոնը, 2019-ի հունվարից մինչև 2021-ի օգոստոսի 1-ը եղել է ԱԺ պատգամավոր, 2021-ի սետպեմբերի 28-ից ընտրվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, իսկ 2023-ի դեկտեմբերի 29-ին նշանակվել է ԲՏԱ նախարար։

Որպես անշարժ գույք՝ Հայրապետյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ բնակարան և ավտոկայանատեղի՝ Երևան քաղաքում, որոնք նա գնել է համապատասխանաբար 2021-ի փետրվարի 18-ին և 2023 թվականի հուլիսի 12-ին, ինչպես նաև միանձնյա սեփականությամբ հողամաս՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում, որը նա գնել է 2023 թվականի հոկտեմբերի 23-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։

2024 թվականի ընթացքում Մխիթար Հայրապետյանը Հայասա կառուցապատում ՍՊԸ-ում ունեցել է 8 մլն փոխառություն, որը տարեվերջին պահպանվել է, ինչպես նաև տարեսկզբի դրությամբ 16 հազար դոլարի չափով փոխոռություն է ունեցել ոմն Կարեն Խաչատրյանից, որից 6000 դոլարը վերջինս 2024-ին վերադարձրել է, ու փոխառության չափը տարեվերջի դրությամբ կազմել է 10 հազար դոլար։

Մխիթար Հայրապետյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 8 մլն 50.259 դրամ և 15.915 դոլար, տարեվերջին՝ 8 մլն 568.329,7 դրամ և 15.915 դոլար։ Բացի այդ, նա տարեսկզբին ունեցել է 4 մլն 100 հազար դրամ և 6100 եվրո կանխիկ գումար, տարեվերջին՝ 4 մլն 910 հազար դրամ և 8700 եվրո։

2024 թվականի հաշվետու տարում Մխիթարի Հայրապետյանի եկամուտները կազմել են 23 մլն 684.756 դրամ, որից 20 մլն 684.756 դրամը ԲՏԱ նախարարությունից ստացած աշխատավարձն է, 2 մլն 747.530 դրամը՝ եկամտային հարկի վերադարձը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 30 մլն 7205 դրամ։

Վերջինս իր եկամուտներից 3 մլն 393.577 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Հայրապետյանի կինը՝ Լուսին Վանա Կարապետ Ավետիսին, անշարժ գույք չի հայտարարագրել։

Որպես շարժական գույք՝ վերջինս հայտարարագրել է 2022 թվականի արտադրության DONGFENG մակնիշի և 2001 թվականի արտադրության VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենաներ։ Առաջին մեքենան նա գնել է 2022-ի դեկտեմբերի 9-ին, երկրորդը՝ 2018-ի հունվարի 15-ին։ Երկու մեքենաներն էլ տարեվերջին պահպանվել են։

Լուսին Վանա Կարապետ Ավետիսիի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 513.745,56 դրամ, տարեվերջին՝ 689.797,97 դրամ։ Բացի այդ, նա տարեսկզբին ունեցել է 4 մլն 500 հազար դրամ կանխիկ գումար, տարեվերջին՝ 4 մլն 500 հազար դրամ և 600 դոլար։

2024 թվականի հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 10 մլն 759.348 դրամ, որից 6 մլն 384.668 դրամը Հանրային հեռուստաընկերությունից քաղիրավական պայմանագրերով ստացած եկամուտն է, 4 մլն 307.780 դրամը՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից (հանրությանն առավել հայտնի է որպես «ֆեյքերի» ՊՈԱԿ), 66.900 դրամն էլ՝ ԵՊՀ-ից ստացած աշխատավարձն է։