«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր հայրենի կառավարությունը մի ուշագրավ որոշում պետք է կայացնի։
Մենք տեղեկացանք, որ նիստում կքննարկվի և, ամենայն հավանականությամբ, կընդունվի որոշում, որով կդադարեցվի Գրիգոր Արթուրի Հարությունյանին տրամադրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումը։ Տարկետման հիմքը եղել էր նրա ընդունվելը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկում ներառված «Էներգետիկա /ատոմային էներգետիկա/» մասնագիտությամբ, ընդ որում՝ ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ՝ անվճար հիմունքներով։
Սակայն, ըստ նախագծում ներկայացված տվյալների, Գրիգոր Արթուրի Հարությունյանը 2026 թվականի մարտի 13-ից անբավարար առաջադիմության պատճառով հեռացվել է համալսարանից։ Այս հանգամանքը, գործող օրենսդրության համաձայն, համարվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրամադրված տարկետման դադարեցման իրավական հիմք։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, հունիսի 7-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության կարկառուն ՔՊ-ականները, որոնք մասնակցելու են քարոզարշավին, արձակուրդ են գնալու։
Չնայած դեռեւս 2018 թվականին Փաշինյանը պնդում էր, որ Ընտրական օրենսգիրքը չի պարտադրում, որ քարոզարշավի ժամանակ թեկնածու համարվող կառավարության անդամներն արձակուրդ վերցնեն, եւ անգամ պնդում էր, որ աշխատանքային ժամերին էլ կարող է քարոզարշավ իրականացնել, սակայն այնքան շատ օրենքներ են խախտել, որ որոշել են գոնե ձեւական արձակուրդ վերցնել եւ 24/7 ռեժիմով լծվել նախընտրական քարոզչությանը։ Քարոզարշավի մեկնարկը տրվելու է մայիսի 8-ին:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ շարքերում խոր անորոշություն է, ցուցակի 50-յակում չընդգրկվածները չեն թաքցնում, որ անկյուն են մղվել եւ չեն պատրաստվում իրենց կոտորել` քարոզչությամբ զբաղվել։
Փաշինյանը որոշել է պաշտոնական քարոզարշավին ցուցակի առաջին 50-յակի հետ շրջել, եթե բացականեր լինեն, նոր հաջորդ համարները կգնան։ Եվ 50-ից հետո ընդգրկվածների թիվ մեկ խնդիրը դարձել է իրենց ապագա աշխատավայրի եւ մերձավորներին տեղավորելու հարցը։
Չնայած Փաշինյանը վարչության անդամների միջոցով փոխանցել է, որ ոչ մեկն անգործ չի մնա, եթե հաղթեն, բայց պետք է ընտրություններին բոլորը «վիզ դնեն», սակայն նրանք վստահ չեն հաղթանակի հարցում եւ չեն հավատում ստելու մեծ վարպետ Փաշինյանի խոստումներին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը գրեթե մեկ ամիս է՝ նիստեր չի գումարել։ Ըստ արդարադատության նախարարության՝ վերջին նիստը տեղի է ունեցել ապրիլի 1-ին, նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ քննարկվել են գործադիր իշխանությանը վերաբերող կարգավորումները, ինչպես նաեւ՝ սահմանադրության ընդունման կարգի փոփոխության եւ հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները։
Նիստից մոտ 10 օր առաջ էլ Գալյանը հայտարարեց, որ տեքստն արդեն պատրաստ է, այն կուղարկվի ՔՊ վարչության քննարկմանը։ Թե ինչ կապ ունի իշխող կուսակցությունը ՀՀ սահմանադրության նախագծի հետ, պարզ չէ, բայց մենք տեղեկացանք, որ ՔՊ վարչությունում սահմանադրության տեքստը չեն քննարկել եւ անգամ չեն տեսել:
Հպանցիկ խոսակցություն է գնացել այդ մասին, եւ Փաշինյանն ասել է, որ դրա ժամանակը չէ` ընտրություններից հետո կանդրադառնանք: Ոչ էլ սահմանադրական բարեփոխումների խորհուրդն է տեսել սահմանադրության որեւէ պատրաստի տեքստ:
Ավելին, խորհուրդը շուրջ մեկ ամիս է՝ նիստեր չի հրավիրում։
«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Նիկոլ Փաշինյանին անվանական փորագրությամբ եւ ընկերության տարբերանշանով ձեռքի ժամացույց է նվիրել։ Ժամացույցի արժեքը 45 հազար դրամ է։
Նվերը հանձնել են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողության ժամանակ, որը կազմակերպվել էր Սպորտի միջազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակներում՝ ապրիլի 6-ին։
Նույն մրցանակաբաշխության ժամանակ Փաշինյանին Հայաստանի հրաձգության ֆեդերացիան 40 հազար դրամ արժողությամբ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» բրոնզե հուշամեդալ է նվիրել։
Նիկոլ Փաշինյանին նվերներ են բերել նաեւ արտերկրից ժամանած պատվիրակությունները: Օրինակ, Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաեւի գլխավորած պատվիրակությունը, որն ապրիլի 9-ին ժամանել էր Հայաստան, նրան սըրմակ (նախշազարդ ղազախական գորգ) է նվիրել։
ԿԿՀ-ի գնահատմամբ, գորգն արժե 102 հազար 527 դրամ։
Իսկ ապրիլի 10-ին Էստոնիայի ԱԳՆ Մարգուս Ցահքնայի գլխավորած պատվիրակությունը Փաշինյանին նվիրել է Hyti ապրանքանիշի ափսե, որը, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գնահատման, արժե 45 հազար 382 դրամ։
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, վերջերս փոփոխություններ են եղել Ռուսաստանի Դաշնության նախագահին կից պետական ազգային քաղաքականության տարածաշրջանային ասպեկտների և հասարակական ինստիտուտների զարգացման հանձնաժողովի կազմում: Մասնավորաբար, հանձնաժողովի անդամ է ընտրվել Արտյոմ Վարդանյանը:
Նա Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ազգությունների հարցերով կոմիտեի փորձագիտական խորհրդի անդամ է, «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության վարչության անդամ, Մոսկվայում և տարածաշրջաններում «Ռուսաստանի հայերի միության» նախագահի լիազոր ներկայացուցիչը:
Նշենք, որ նշյալ հանձնաժողովի անդամ լինելու համար բավական լուրջ չափանիշներ են գործում, այդ թվում՝ իր համայնքում հեղինակությունը, փորձագիտական գիտելիքները, գործնական փորձառությունը և այլն: