Ավելին 32 րոպե առաջ - 23:50 17-10-2026

Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար

Իլոն Մասկը կրճատել է իր երեխաներից մեկի մոր՝ Էշլի Սենթ Քլերի ամսական վճարումները՝ դրանք հասցնելով 20 հազար դոլարի։ Այս մասին պնդվում է ռեժիսոր Ալեքս Գիբնիի նոր՝ «Մասկ» վավերագրական ֆիլմում, որը կինոթատրոններում է հայտնվել հոկտեմբերի 16-ին։

28-ամյա Սենթ Քլերը, որը նախկինում հայտնի էր որպես պահպանողական հայացքներ ունեցող ինֆլուենսեր, Մասկի հետ ծանոթացել է 2023 թվականին՝ Twitter սոցիալական ցանցի միջոցով, որը հետագայում վերանվանվել է X։ Նրա խոսքով՝ միլիարդատերը պարբերաբար արձագանքել է իր հրապարակումներին, իսկ Մայրերի օրվան նվիրված գրառումից հետո գրել է, որ նա պետք է ավելի շատ երեխաներ ունենա։

Սենթ Քլերի պատմելով՝ դրանից կարճ ժամանակ անց Մասկը նրան մասնավոր ինքնաթիռով հրավիրել է Փրովիդենս՝ Ռոդ Այլենդ։ Նա միլիարդատիրոջը բնութագրել է որպես խելացի և բարի, թեև բավականին անսովոր մարդու։ Էշլիի խոսքով՝ Մասկը բազմիցս հայտնել է, որ ցանկանում է նրանից երեխաներ ունենալ, և նույնիսկ առաջարկել է տասը երեխա ունենալ։

Սակայն, ըստ Սենթ Քլերի, նրանց հարաբերությունները փոխվել են որդու՝ Ռոմուլուսի ծնվելուց հետո։
Վավերագրական ֆիլմում նշվում է, որ Մասկի մտերիմ օգնական Ջարեդ Բիրչալը Սենթ Քլերի հետ քննարկել է գաղտնիության համաձայնագիր, որը ներկայացվել է որպես ալիմենտի պայմանագիր։ Էշլիի խոսքով՝ փաստաթուղթը նախատեսում էր 15 միլիոն դոլարի միանվագ վճարում և ամսական 100 հազար դոլար՝ 20 տարվա ընթացքում։
Նա հրաժարվել է ստորագրել այն։

Ֆիլմի համաձայն՝ 2024 թվականի վերջին, երբ Սենթ Քլերը հրապարակայնորեն հայտարարեց երեխայի ծննդյան մասին, ամսական վճարումները 100 հազար դոլարից նվազել են մինչև 40 հազար դոլար, իսկ ավելի ուշ՝ մինչև 20 հազար դոլար։ The Wall Street Journal-ը նախկինում նույնպես հաղորդել էր վճարումների փոփոխության մասին։

«Նա, կարծես, թաքցնում էր իր որոշակի կողմը, մինչև մենք երեխա ունեցանք»,-վավերագրական ֆիլմում ասել է Սենթ Քլերը։

Նախկին զուգընկերները շարունակում են իրավական վեճը՝ որդու խնամակալության հարցով։ Էշլին հայց է ներկայացրել՝ պահանջելով միանձնյա խնամակալություն, իսկ Մասկը հայտարարել է, որ մտադիր է նույն պահանջով դիմել դատարան։

Ալեքս Գիբնիի ֆիլմն ուսումնասիրում է Մասկի ազդեցությունը բիզնեսի, տեխնոլոգիաների և քաղաքականության վրա՝ անդրադառնալով նաև նրա անձնական կյանքին։ Հարցազրույցների մասնակիցների թվում են Սենթ Քլերը և միլիարդատիրոջ նախկին կինը՝ Ջասթին Մասկը։

Ինքը՝ Իլոն Մասկը, հրաժարվել է մասնակցել ֆիլմին՝ այն անվանելով կողմնակալ և իր հեղինակությանը վնասելու փորձ։ Մասկի և Բիրչալի ներկայացուցիչները չեն պատասխանել People-ի մեկնաբանության խնդրանքներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով