«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը բացում է զինված ուժերի ներսում կուտակված լուրջ խնդիրների հերթական շերտը։ Թեև առանձին ցուցանիշներով արձանագրվել է որոշակի նվազում, ընդհանուր պատկերը շարունակում է մնալ խիստ մտահոգիչ։
2025 թվականին զինված ուժերում և զորամասերում արձանագրվել է 2248 դեպք՝ նախորդ տարվա 2093-ի դիմաց։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում դեպքերն աճել են 155-ով կամ 7.4 տոկոսով։
Ամենաաղմկահարույց աճը վերաբերում է պատահարներին։ Եթե 2024 թվականին արձանագրվել էր 762 պատահար, ապա 2025-ին այդ թիվը հասել է 1027-ի։ Սա նշանակում է 265 դեպքով կամ 34.8 տոկոսով կտրուկ աճ՝ փաստ, որը դժվար է բացատրել պատահականությամբ։
Թեև ընդհանուր հանցագործությունների թիվը որոշ չափով նվազել է՝ 1331-ից դառնալով 1221, դա իրավիճակը դրական ներկայացնելու հիմք չի տալիս։ Այո, նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները՝ 217-ից հասնելով 143-ի, բայց միաժամանակ պահպանվում է բարձր քրեական ֆոնը, իսկ մի շարք ուղղություններով վիճակը նույնիսկ վատթարացել է։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանն ու իր ցուցակի առաջին 50 համարը հունիսի 7-ի նախընտրական քարոզարշավը մտադիր են սկսել հարավից՝ Սյունիքից։
Մեր տեղեկություններով, մայիսի 8-ին նրանք կշրջեն Սիսիանում եւ հարակից համայնքներում, իսկ մայիսի 9-ին մարզկենտրոն Կապանում մեծ հանրահավաք կանեն։
Մենք գրել էինք, որ ՔՊ-ն որոշել է բոլոր մարզկենտրոններում հանրահավաք անել, քանի որ ընդդիմախոսները հենց դա են համարում նրանց աքիլեսյան գարշապարը, որ, ունենալով վարչական ռեսուրս եւ լծակներ, այնուամենայնիվ, չեն կարողանում մարդաշատ հանրահավաքներ անել, այլ համերգներ են կազմակերպում, որ երաժշտություն լսելու համար մարդիկ գան։
Հիմա որոշել են ապացուցել, որ կարող են, իսկ վերջում էլ ծրագրում են Երեւանում ամփոփիչ հանրահավաք անել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Չնայած իշխող թիմում ի սկզբանե հակված էին, որ նախընտրական պաստառի վրա լինի միայն իրենց «ֆեյք բրենդը» դարձրած խաղաղության մասին գրառումը, օրինակ` «Տեր կանգնիր խաղաղությանը», հիմա որոշել են, որ, այդուհանդերձ, առաջնորդի՝ Փաշինյանի լուսանկարներն էլ պետք է լինեն, քանի որ, ամեն դեպքում, իրենց էլեկտորատում գերակշռում են Փաշինյանի «ֆանատները» նրանց ո՛չ խաղաղությունն է հետաքրքրում, ո՛չ էլ այլ բան, ուղղակի Փաշինյանին ընկալում են որպես ժողովրդի ծոցից դուրս եկած մարդ իրենցից մեկը։
Բայց զավեշտն այն է, որ նոր պլակատն ուսումնասիրելով մարդիկ նկատել են, որ այս հարցում էլ Փաշինյանն ընդօրինակել է Սերժ Սարգսյանին` քարոզչական պաստառի վրա ֆոտոշոփ արված լուսանկար է, որից պարզ երեւում է, որ ՔՊ առաջնորդի ականջները «հետ են տարել», որ շատ «լոշտակ» չերեւան։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թեպետ ՔՊ-ում վերեւից հրահանգ է իջել՝ ԵՄ գագաթնաժողովը քարոզչական դրոշակ դարձնել՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի ինքնիշխանության, սուվերենության դրսեւորում, սակայն ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա։
Հատկապես ՌԴ-ի հետ հարաբերությունների ինչ-որ մակարդակ պահելու կողմնակիցներն են հիասթափված ու զայրացած մեր բյուջեի վրա միլիարդներ նստած այս միջոցառումից:
Նրանք մասնավոր զրույցներում խոստովանում են, որ այս միջոցառումը Հայաստանին ոչինչ չտվեց, փոխարենը՝ եվրոպացիները Հայաստանը հերթական անգամ իրենց աշխարհաքաղաքական հակամարտության պլացդարմը դարձրին՝ Ռուսաստանի դեմ իրենց ագրեսիան դրսեւորելով։
«Իրավունք» թերթը գրում է. «Պարզվում է երբեմնի ընկերներ Աշոտ Բլեյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները այնքան են լարվել, որ վերջինս ջանք չի խնայում, ինչպես լավատեղյակ աղբյուրն է հայտնում. «նեղը գցել» Բլեյանի՝ մասնավորապես իր հիմնած «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։ Բանն այն է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ ԿԳՄՍՆ–ն որոել է կրթահամալիրի ուսուցիչների դրույքաչափերը նվազեցնել, բայց ուշադրություն, միայն կրթահամալիրի, ոչ մնացած դպրոցների։
Այս փաստի շուրջ պարզաբանումներ է պահանջել ինքը՝ Բլեյանը, սակայն, վերջինիս տվել են հետեւյալ պատասխան՝ մասնավոր դպրոց ես, մնացած ծախսերը դու հոգա։ Բանը հասել է նրան, որ Բլեյանը կրթահամալիրի ծնողներին առաջարկել նամակ պատրաստել եւ ուղարկել անձամբ Փաշինյանին, վերջիններս, ըստ լուրերի այդպես էլ արել են, բայց պատասխան դեռ չկա: Դպրոցական կոլեկտիվը ահազանգում է, որ եթե այս կերպ շարունակվի, ապա դպրոցը կկանգնի լուրջ ֆինանսական խնդիրների առաջ, արդյունքում չի բացառվում, որ կրճատումներ լինեն: