Ներքին 1 ամիս առաջ - 23:55 01-05-2026

Կերտել արդար, երաշխավորված աշխատանքային իրավունքներով Հայաստան․ մայիսի 1-ը՝ ազգային երազանքի իրականացման հնարավորություն

Genesis Armenia-ն շնորհավորում է Մայիսի 1-ը՝ Աշխատավորության միջազգային օրը:

Այն միայն խորհրդանշական ժառանգության օր չէ, այլ նաև հնարավորություն՝ վերաիմաստավորելու արժանապատիվ աշխատանքի և սոցիալական արդարության հիմնարար արժեքները՝ 21-րդ դարի Հայաստանի պետական և հասարակական զարգացման համատեքստում։

Genesis Armenia-ի համար աշխատավորի արժանապատվությունը պետության կայունության առանցքային հենասյուներից է։ Ազգային պետությունը չի կարող լինել կենսունակ, եթե նրա աշխատող քաղաքացին զրկված է սոցիալական պաշտպանությունից, արդար վարձատրությունից և իր աշխատանքի արդյունքի նկատմամբ վստահությունից։

Այսօր, երբ համաշխարհային տնտեսությունը վերաձևակերպվում է տեխնոլոգիական հեղափոխությունների, գլոբալ մրցակցության և տարածաշրջանային ճգնաժամերի պայմաններում, Հայաստանի համար առաջնահերթ է դառնում ոչ միայն աշխատատեղերի ստեղծումը, այլ դրանց որակը՝ արտադրողականություն, ստեղծարարություն և ազգային արժեքների վրա հիմնված տնտեսական մշակույթ։

Անկախությանը հաջորդած առաջին տարիներից Հայաստանի սոցիալ-տնտեսական իրականությունում ձևավորվեցին վայրիկապիտալիզմի ծայրահեղ երևույթներ, որոնք սնուցվեցին արժեքային աղավաղումներով և հանգեցրին եկամուտների կտրուկ բևեռացման, աշխատանքի արժեզրկման, սպառողական մտածողության գերակայության և ազգային գիտաարտադրական ներուժի թուլացման։ Սա սոցիալական արդարության հարցը դարձավ ոչ միայն բարոյական ընկալումների ու դրսևորումների, այլ նաև ազգային անվտանգության խնդիր։
Genesis Armenia-ն իր սոցիալական-պետականամետ գաղափարախոսության շրջանակում համարում է, որ շուկան ինքնին չի կարող ապահովել արդարություն։ Պետության դերակատարումը պետք է լինի ակտիվ և ռազմավարական՝ ուղղված հանրային բարիքի ստեղծմանն ու պաշտպանությանը, ազգային կապիտալի ձևավորմանը և աշխատավորի շահերի համակարգային պաշտպանությանը։

Այս համատեքստում առանձնացնում ենք մի քանի առանցքային շեշտադրում.
1. աշխատանքի առաջնահերթություն կապիտալի նկատմամբ։ Տնտեսական համակարգը պետք է կառուցվի այնպես, որ ստեղծվող արժեքի բաշխման մեջ առաջնային լինի աշխատավորի ներդրումը, այլ ոչ թե միայն ֆինանսական կապիտալի շահույթը,

2. սոցիալական համերաշխության վերականգնում։ Ծայրահեղ անհավասարությունը քայքայում է հասարակական համախմբվածությունը, նվազեցնում վստահությունը պետության նկատմամբ և խաթարում ազգային միասնականության հիմքերը։ Համերաշխությունը ոչ միայն կարգախոս է, այլ նաև հիմնական գործոն, որով հնարավոր է վերակառուցել հասարակությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և ազգային միասնության վրա։

3. ռազմավարական ոլորտների պետական կամ խառը վերահսկողություն։ Էներգետիկան, ջուրը, ենթակառուցվածքները, կենսական նշանակության արտադրությունները չեն կարող ամբողջությամբ ենթարկվել շուկայական անկանխատեսելիությանը,

4. արժանապատիվ աշխատանքի երաշխավորում։ Աշխատավարձը պետք է ապահովի ոչ միայն ֆիզիկական գոյատևում, այլ նաև սոցիալական վերարտադրություն՝ կրթություն, առողջապահություն, մշակութային կյանք։
Սոցիալական համերաշխության առանցքը աշխատանքային հարաբերություններում արդարության և իրավունքի պաշտպանության դրույթներն են։ Հայաստանի ապագան պիտի կառուցվի ոչ միայն քաղաքական որոշումներով, այլ առաջին հերթին՝ աշխատող մարդու ամենօրյա ջանքով։

Հարգանք յուրաքանչյուր աշխատավորի, որը և´ իր գործով ամրացնում է պետությունը, և´ նպաստում ազգային երազանքի իրականացմանը։

Թող այս օրը դառնա նոր մեկնակետ համախմբված Հայաստանի կերտման ճանապարհին։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»

Ձեզ գուցե հետաքրքրի