Ռուսաստանը պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցություններն Ուկրաինայի շուրջ՝ վերջնական խաղաղ համաձայնագրի հասնելու, այլ ոչ թե մարտական գործողությունները կանգնեցնելու նպատակով:
Այս մասին լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Վերջնական տարբերակով, այլ ոչ թե ինչ-որ կարճ ժամանակահատվածով մարտական գործողությունները կասեցնելու արդյունքում: Մենք պատրաստ ենք վերսկսել այդ շփումները նշված նպատակին հասնելու համար: Միևնույն ժամանակ, ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ եթե մենք քննարկենք ապագայում ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի անվտանգության ապահովման հետ կապված հարցերը, ապա, բնականաբար, պետք է խոսել նաև եվրոպական անվտանգության ճարտարապետության մասին»,- նշել է նա:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Եվրոպայի ժողովուրդները չեն ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ, ՌԴ-ն էլ չի ցանկանում ու չի պատրաստվում պատերազմել Եվրոպայի հետ: Իսկ նրանք, ովքեր ձգտում են Ռուսաստանի ռազմավարական պարտությանը, գիտակցում են կյանքի իրողությունները և կհասկանան, որ ՌԴ-ի հետ ավելի լավ է ապրել համերաշխ:
«Դա համապատասխանում է նրանց ժողովուրդների շահերին, որովհետև, եթե նայենք նույն Եվրոպայում ընթացող քաղաքական գործընթացներին, ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի հետ պատերազմել Եվրոպայի ժողովուրդները չեն ցանկանում: Ուզում եմ, որ մեզ լսեն՝ մենք նույնպես չենք ցանկանում, մենք չենք պատրաստվում որևէ տեսակի պատերազմի Եվրոպայի հետ»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Մոսկվան հիմա էլ պատրաստ է պայմանավորվել և հանգուցալուծումներ փնտրել ուկրաինական հակամարտության շուրջ:
«Մենք հիմա էլ պատրաստ ենք պայմանավորվել և հանգուցալուծումներ փնտրել այս ծանր, բարդ իրավիճակից՝ այն իմաստով, որ նրանք մեզ բարեկամ ժողովուրդ են»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը: