Ներքին 45 րոպե առաջ - 16:00 22-10-2026

Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս գալով

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ժողովրդավարության ջատագովները մեծ տոկոս են կազմում, բայց նրանց տեսակետներն արտահայտող ուժերը համարժեք ակտիվ չեն։ Սա տարօրինակ է։

Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ներկայացրել են զեկույց ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր բացասական հետևանքների մասին։ Հոկտեմբերի 20-ին հայտնել են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությանը։

Իսկ ո՞ւր են անկախության պաշտպանները, ժողովրդավարները, ԵՄ-ին միանալու քարոզ անողները, ինչո՞ւ չեն հակադարձում այս զեկույցին։

Այս զեկույցն աշխույժ քննարկում է ռուսամետ սեգմենտը՝ կրկնելով ռուսական շանտաժները, թե ինչ աղետալի հետևանքներ են սպասվում Հայաստանին, եթե նրան ԵԱՏՄ-ից դուրս հանեն։ Իսկ ՔՊ-ական պաշտոնյաներն այս թեմայի շուրջ անորոշ են խոսում, ինչը թյուրըմբռնումներ է առաջացնում։

«Մեզ հայտնի չէ որևէ իրավական մեխանիզմ, որով ԵԱՏՄ անդամ X թվով պետությունները, Y-ին կամ Y-ներին հանել ԵԱՏՄ-ից, նույնիսկ սառեցման մեխանիզմ: Բայց մենք կուսումնասիրենք, ռեակցիա կտանք: Ցանկացած պարագայում անշուշտ մեր քաղաքացիների բարեկեցությունը, առևտուրը, տնտեսական շահերը, մեր ավանդական կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, ԵԱՏՄ մյուս անդամների հետ մեզ համար կարևոր են, բայց կա մի բան, որ գերկարևոր է և կարևոր է ամեն ինչից, դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է, անկախությունն է»,- հոկտեմբերի 21-ին ասել է նախարար Արարատ Միրզոյանը։

Եթե սա թարգմանենք դիվանագիտական լեզվից, ապա նախարարը շանտաժ է որակում 4 երկրների զեկույցը, քանի որ ՀՀ-ին ԵԱՏՄ-ից հանելու մեխանիզմ չկա։ Նախարարի այս պատասխանը վիրավորական, ոչ համարժեք արձագանք է։

Նկատենք, որ այս շանտաժը նորություն չէ։ Շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե եթե Կրեմլը գազը թանկացնի, ապա ՀՀ-ն էլ գումար կպահանջի ռուսական ռազմական ներկայության դիմաց։ Դրան ի պատասխան՝ նախագահ Պուտինը պատրաստակամություն էր հայտնել՝ հենց վաղը դուրս բերել բազան։ Իսկ հիմա, երբ ԵԱՏՄ 4 երկրները 70 էջանոց շանտաժ են ներկայացնում, Փաշինյանը նույնը կամ նման բան չի ասում։ Սա ևս մտավախություններ է առաջացնում։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ է արձագանքել ռուսական զեկույցին։ «Զեկույցում մի 50 տոկոս ամեն ինչ ուռճացված է, էդ զեկույցի թվերին մենք էլ ենք տիրապետում, մենք ավելի շուտ էինք արել»: Այսպիսով՝ նա ակնարկում է, թե զեկույցը կազմողները ստում են՝ ուռճացնելով թվերը։ Սա նույնպես վիրավորական է։

Գուցե ՔՊ-ական պաշտոնյաներն ու ԵԱՏՄ գործընկերները միմյանց մասին այնքան վատ բաներ գիտեն, որ կարող են միմյանց վիրավորել ու իրարից չնեղանալ։ Սակայն ռեալ քաղաքականության առումով՝ ՀՀ պաշտոնյաների արձագանքները համարժեք չեն, նույնիսկ՝ ապաքաղաքական կարող են որակվել։

Համարժեք կլինի, եթե ԵՄ-ին միանալու ջատագովները հանդես գան 70 էջանոց զեկույցներով՝ ցույց տալով, թե ինչ կշահեն ՀՀ-ն ու ժողովուրդը ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ին միանալու արդյունքում։ Առանձին բաժնով կարող են ներկայացնել նաև, թե ինչպես կտուժի ՌԴ-ն։ Սա հորիզոնական պատասխան կլինի, որը գուցե կպաշտպանի ժողովրդին և կսթափեցնի ԵԱՏՄ քառյակին։

Պարզ ասած՝ անկախության և ժողովրդավարության ջատագովները կարող են օգտագործել առիթն ու նշել, որ ԵԱՏՄ-ում ժողովրդավար պետություն չկա, ԵԱՏՄ-ն կոչված է սպասարկելու ռուսական աշխարհաքաղաքական շահերն ու նկրտումները, ԵԱՏՄ-ից դուրս գալով՝ ՀՀ-ն իրապես ժողովրդավար պետություն կդառնա, ձեռք կբերի զարգացման և ժողովրդավարական առաջընթացի հնարավորություններ, կմեծանա ՀՀ միջազգային հեղինակությունը որպես անկախ պետություն, կավելանան արտաքին ներդրումները, տնտեսությունը կզարգանա, ընդհանուր բարեկեցության մակարդակը կբարձրանա։

Ցավոք, ՔՊ-ական նախարարներն շրջանցում են այս կարևոր խոսույթը։ ԵՄ-ին միանալու օրենքին կողմ քվեարկածները նույնպես չեն խոսում այս մասին, որ ժողովուրդը չվախենա ռուսական շանտաժից, «Չարի վերջի» կկվի նման ձագին չտա աղվեսին։ Եվ այս ոչ համարժեք վերաբերմունքը հիմք է տալիս ենթադրելու, որ ՔՊ-ն ռուսամետ է, իսկ արևմտամետները հուսահատվել են, հոգնել, քնած են մնացել կամ սպասում են Փաշինյանի ազդանշանին, որը չկա։


Թաթուլ Մկրտչյան