Ներքին 2 ամիս առաջ - 13:30 07-04-2026

Ապրիլի 7. ինչքան սեր կա՝ տվեք կանանց ու մայրերին

Մայրության և գեղեցկության տոնն է այսօր։ Իսկ ի՞նչ ենք անում, որ այն տոն դառնա, ոչ թե ձևական մաղթանքների օր։

Անկախության հռչակումից հետո ներդաշնակության էինք ձգտում Աստծո հետ, փորձում ամրացնել մեր քրիստոնեական արմատները, ուզում էինք ունենալ մեր ազգային տոներն ու ազատվել զավթիչների պարտադրած խորթ, օտար բարքերից։ Այդ շրջանում Ապրիլի 7-ը քաղաքացիություն ստացավ, որն ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի՝ Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։

Ապրիլի 7-ը մեր ամենասիրված տոնը պիտի դառնար, պիտի միավորեր ժողովրդին, քանի որ մայրը և՛ քրիստոնյայի, և՛ անհավատի համար սրբություն է, կինը՝ ընտանիքի սյուն, սիրո, հոգատարության մարմնացում։ Ոչ միայն օրենքներով ու քաղաքական որոշումներով պետք էր բարձրացնել մայրերի դերը, այլև բարոյական նորմեր սերմանել դաստիարակության, կրթության, գրականության, երաժշտության, արվեստի այլ ճյուղերի միջոցով։

Օրինակ՝ գերմանացիներն առաջինը եվրոպացիների շարքում հասկացան կնոջ և մայրանալու կարևոր նշանակությունը ու կարճ ժամանակում դարձան ամենամեծ ժողովուրդն աշխարհամասում։ Նրանք հավատում էին, որ մայրանալուց հետո ներվում են կնոջ մինչ այդ գործած բոլոր մեղքերը։ Սա մայրերի սրբության ամենահին բանաձևերից էր։ Այս նորմը հետագայում տեղ գտավ բողոքական ընկալումներում, հետո Արևմտյան քաղաքակարթության երկրներում մայրերի հանդեպ սոցիալական հոգատարությունը օրենքի ուժ ստացավ։

Գալով Աստվածածնին, հարկ է ընդգծել, որ նրա սրբությունը ոչ միայն էմանացիայի հրաշքով է բացատրվում, այլև հիմք է տալիս, որ քրիստոնյան մայրերին հատուկ հարգանքով վերաբերվի։ Այսինքն՝ քրիստոնյան մայրերի, կանանց հանդեպ դրսևորում է սեր և հոգատարություն, մեծահոգություն, ուշադրություն։

Ի վերջո՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, արևմտյան քաղաքակարթական արժեքներով առաջնորդվող պետություն, որտեղ մայրերի, կանանց, հատկապես՝ միայնակ կանանց հանդեպ հոգատարությունը բարոյական նորմ է։ Բազմաթիվ օրենքներ ու որոշումներ են ընդունվում կանանց իրավունքների, մայրերին սոցիալական ծրագրերում ներգրավելու մասին։

Ցավոք՝ մեր երկրում իրականությունը հեռու է և՛ քրիստոնեական ընկալումներից, և՛ ժողովրդավարական նորմերից, և՛ հայկական ավանդույթներից։ Մայրերի, կանանց մի մասը իրենցից անկախ պատճառներով՝ հարգված, սիրված, երջանիկ չէ։

Միայնակ կանանց քանակն արդեն տագնապալի չափերի հասնում Հայաստանում։ Նույնիսկ պետության ամենաբարձրաստիճան պաշտոնյաներն են առանց որևէ պատճառի՝ լքում իրենց կանանց։ Եվ այս անպատասխանատու արարքից հետո կրկին ակնկալում են ստանալ կանանց ու մայրերի քվե՞ն։

Ավելին՝ մեր երկրում քաղաքական առաջնորդը կարող է կորցնել ինքնատիրապետումը և մետրոյում վիճել երիտասարդ մոր հետ նրա երեխա տղայի ներկայությամբ։ Ի՞նչ օրինակ պետք է վերցնի ժողովուրդն այս առաջնորդից։

Ի վերջո՝ հիշենք, որ Աստված կնոջը ստեղծեց, երբ տղամարը մենակ, տխուր էր։ Ու եթե տղամարդն անշնորհակալ չէ, ապա պարտավոր է Ապրիլի 7-ն իրապես տոն դարձնել սիրելի կանանց ու մայրերի համար, հրաշք դառնալ նրանց համար, երջանիկ պահեր նվիրել։

Եվ ուրեմն՝ ինչքան սեր կա ձեր տղամարդկային սրտում, բոլորն այսօր տվեք կանանց ու մայրերին, ծաղիկներ նվիրեք և այլն, Ապրիլի 7-ն իրապես տոն դարձրեք ձեր սիրելի կանանց ու մայրերի համար, եթե իրապես տղամարդ եք, քրիստոնա, ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող երկրի քաղաքացի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը