Նախկինում հերոսը կիսաստված էր։ Հերոսությունը բոլոր ժամանակներում ուղղակի առնչություն է ունեցել Աստծո, բարձրագույն արժեքների, իդեալների, առավելապես՝ ազգային իդեալի հետ։ Հերոսին հանրային սիրո և հարգանքի են արժանացնում։ Եվ այս վերաբերմունքն է մղում մարդուն հետևել հերոսի օրինակին, որ ինքն էլ հանրության կողմից արաժանանա նման վերաբերմունքի։ Եթե մարդը հանուն Աստծո, բարձրագույն արժեքի, իդեալի անում է մեծ, անհնարին թվացող մի բան, ապա իշխանությունը նրան հռչակում է հերոս, որ մարդիկ ձգտեն նմանվել նրան, հերոսի օրինակով գործեն հանուն Աստծո, պաշտպանեն բարձրագույն արժեքները, իդեալների իրականացման ուղղված քայլեր անեն և այլն։ Օրինակ՝ եթե բարձրագույն արժեքը մարդկային կյանքն է, ապա մարդկային կյանքեր փրկողը համարվում է հերոս։ Երբ ամենակարևորը փողն է, ապա հերոս կհամարեն նրան, ով շատ փող կտա։ Այդպես՝ ՀՀ-ին 1 մլրդ դոլար նվիրաբերած ամերիկահայ Քըրք Քրքորյանը ազգային հերոսի կոչում ստացավ։
Պետությունը բարձրագույն արժեք է բոլոր անկախ երկրների քաղաքացիերի համար։ Այս տեսանկյունից՝ պետության ինքնիշխան սահմանը պահելիս, ազգային շահերը, անվտանգությունը պաշտանելիս սխրանք գործած զինվորը հերոսացվում է։ Այս առումով սխալ է զինվորին ու քաղաքացուն հակադրելը, քանի որ այսօրվա զինվորը երեկվա ու վաղվա քաղաքացին է, որն այսօր զինվոր է և պաշտպանում է պետությունը, անկախությունը, կամ ինչպես ասում են՝ ժողովրդի ազատությունը որպես բարձրագույն արժեք։
Բանակը պետության, անկախության, ազգի ազատության պաշտպանության առաքելությունն ունի։ Ուստի՝ տարօրինակ է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն ընդգծում, որ բանակն, ավելի ճիշտ Պաշտպանության նախարարությունը 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակում է։ Նույնիսկ եթե բանակը լիներ խոշոր հարկատուների ցանկում 1000-րդը, դա ամենևին չէր նվազեցնելու նրա դերն ու նշանակությունը պետության համար, ոչ էլ կասկածի տակ էր դնելու սխրանք գործած զինվորին հերոսացնելու հիմքերը։
Վտանգավոր են նաև վարչապետի դիտարկումները փողի վերաբերյալ։ Իհարկե՝ նա իրավացի է, երբ ասում է, թե փողը «կառավարման գործիք է, առանց որի՝ որևէ կառավարում տեղի ունենալ չի կարող, առանց որի պետություն գոյություն ունենալ չի կարող, առանց որի նույնիսկ հանրություն գոյություն ունենալ չի կարող»: Սակայն փողի մասին նրա հաջորդիվ գնահատականները մտահոգություն են առաջացնում։
Մասնավորապես նա ընդհանրացնում է Աստվածաշնչից մեջբերված տողն ու սխալ եզրակացություն անում, ակնարկելով, թե Հայաստանի Հանրապետության բարեկամը փողն է։ Սա իրապես ապապետական մոտեցում է։ Իսկ ռեալ քաղաքականության տեսանկյունից՝ այսպիսի մոտեցումն անբարոյական է։ Պետությունը բարեկամ կամ դաշնակից ընտրում է ըստ իր ազգային իդեալի, ազգային ռեալ հետաքրքրությունների։ Այս առումով, եթե ՀՀ բարեկամը փողն է, ապա արդյո՞ք նշանակում է, որ Փաշինյանը կարող է փողի դիմաց նահանջել ժողովրդավարությունից, ոտնահարել մարդու իրավուքնները, երբ դրա փոխարեն լավ փող տվող լինի, ինքնիշխան տարածքի մի հատվածը կարո՞ղ է նվիրել թշնամուն, երբ վճարեն դրա համար և այլն։
Իհարկե, լավ ցանկություն է հայտնում Փաշինյանն, ասելով՝ «Եթե մենք ուզում ենք ուժեղ պետություն ունենալ՝ պիտի բոլորով միասին՝ որպես ժողովուրդ, որպես քաղաքացի, հնարավորինս շատ փող աշխատենք, օրինական փողի մասին է խոսքը, իրար հետ՝ որպես պետություն, որպես քաղաքացիներ, հնարավորինս մեծ եկամուտներ գեներացնենք և հնարավորինս հարստացնենք մեր համընդհանուր ընտանեկան բյուջեն, այսինքն՝ մեր պետական բյուջեն հարկերի միջոցով»։
Սրանք դատարկ խոսքեր են, քանի որ իրականում ՔՊ-ական իշխանությունը շատ քիչ բան է անում ներդրումներ ներգրավելու, աշխատատեղեր ստեղծելու, հայկական ապրանքի համար արտաքին շուկաներ բացելու, աշխատանքի փիլիսոփայություն արմատավորելու, աշխատանքային իրավունքները պաշտպանելու ու, իհարկե՝ հարկային օրենսգիրքը բարեփոխելու ուղղությամբ։ Հակառակը՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տնտեսությունը կապել է հակաքաղաքակրթական դիրքավորում ունեցող Ռուսաստանի սայլին, ՌԴ-ի հետ այս կապերի պատճառով վանում է արտաքին ներդրողներին, երբեմն ուղղակի մերժում արտաքին ներդրումները։ Ընդամենը մեկ ավտոճանապարհ է ՀՀ-ն միացնում արտաքին աշխարհին՝ Վերին Լարսը, որը տարվա կեսը փակ է, մյուս կեսն էլ այնքան մեծ հերթեր են, որ ապրանքի մի մասը փչանում է, կորցնում որակը կամ պահանջարկը։ Այս իրավիճակում փող աշխատելու հնարավորությունները, աշխատելու ցանկությունը, աշխատած փողի չափը սահմանափակվում են օբյեկտիվորեն։ Այսինքն՝ գնդակն իշխանության դաշտում է, որն այս առումով՝ անգործության է մատնված։ Հետևապես՝ ժողովրդից շատ աշխատանք ու շատ փող ակնկալելն արդար չէ։
Մտահոգիչ է նաև, որ Նիկոլ Փաշինյանն Աստվածաշնչից մեջբերումներ է անում միայն փողի կամ իշխանության վերաբերյալ, ուշադրություն չդարձնելով պատվիրանները, բարոյական առակները, առաքինության օրինակները, որոնց հանրահռչակումը կարող է առողջացնել սոցիալ հոգեբանությունը, առաջին հերթին ՔՊ-ական պաշտոնյաների մտածողությունն ու վարքը։ Հատվածական այս մոտեցումը վկայում է, որ ՔՊ առաջնորդին իրականում հետաքրքրում են երկու բան՝ փողն ու իշխանությունը։ Փողը նրան հետաքրքրում է իշխանությունը պահելու համար, իսկ իշխանությունը՝ փող հավաքելու իրավունքի համար։
Ահա, այսպիսի սահմանափակ հետաքրքրություններ ունի Նիկոլ Փաշինյանը, ինչը նշանակում է, որ առաջիկայում չեն սպասվում էական առաջընթաց անկախության և ժողովորդավարության հարթություններում, նույնիսկ տնտեսության դրական զարգացում չի սպասվում։ Միայն հանրային դժգոհությունը կարող է աճել, քանի որ ո՛չ թոշակն է բարձրանալու, ո՛չ աշխատավարձերը, ո՛չ ՀՀ տարածքներն են ազատագրվելու, ո՛չ Արցախն են հետ բերելու, ո՛չ էլ մարդիկ են ավելի արդար ու առաքինի դառնալու, քանի որ Մոսկվային տված խոստումներով կաշկանդված, փողի հանդեպ անառողջ հետաքրքրությամբ տոգորված ՔՊ-ական իշխանությունը ապապետական, ապաժողովրդավարական, ապատնտեսական և ապաբարոյական ուղերձներ է հղում հանրությանն ու աշխարհին։
Թաթուլ Մկրտչյան