Ներքին 2 ամիս առաջ - 18:00 30-03-2026

1.5 մլրդ դրամ՝ սեփական ֆուտբոլային ակումբին, 8.1 մլն դրամի սանտեխնիկա. «Տաշիր»-ի բարեգործությունները

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի «բարեգործության» գլխավոր շահառուն սեփական ֆուտբոլային ակումբն է՝ «Արարատ Արմենիա»-ն։ 2024 թ. գործունեության տարեկան հաշվետվության համաձայն՝ հիմնադրամն ավելի քան 2 մլրդ դրամ (2,096,591,196 դրամ) է ուղղել տարբեր ծրագրերի իրականացմանը, որոնց զգալի մասը բաժին է հասել ֆուտբոլային ակումբի ֆինանսավորմանը։ Այստեղից ամենախոշոր ֆինանսավորումը ստացել է «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը՝ մոտ՝ 1,5 մլրդ դրամ (1,437,866,520)։ Սա բարեգործությանը հատկացված գումարի մոտ 70%-ն է։



Այս փաստը ողջամիտ հարցեր է առաջացնում․ երբ բարեգործական միջոցների ճնշող մասն ուղղվում է մի կառույցի, որը կապվում է նույն բիզնես շահերի հետ, դա իրականում բարեգործությո՞ւն է, թե՞ ֆինանսական ռեսուրսների վերաօգտագործում, գուցե նաև փողերի լվացում, քանի որ բարեգործությունները շատ դեպքերում ազատված են հարկերից։ Բացի այդ, մինչ ֆուտբոլը ստանում է միլիարդավոր դրամներ, սոցիալական ուղղությունները մնում են մեղմ ասած մղվում են երկրորդ պլան։

Ստեղծվում է հստակ հակադրություն՝ մի կողմից սոցիալական կարիքներ, մյուս կողմից՝ մեծածավալ սպորտային ֆինանսավորում, այն էլ սեփական ակումբին։ Շարունակելով հաշվետվության ուսումնասիրությունը, պարզ է դառնում, որ ֆինանսական օգնության և բուժման կարիք ունեցող անձանց աջակցությունը 51 մլն դրամ է, կրթության աջակցությունը՝ 21 մլն դրամ, Արցախի տեղահանվածներին աջակցությունը՝ 104 մլն դրամ։

Բացի այդ, տասնյակ միլիոններ են տրամադրվել նաև համայնքային տարբեր ծրագրերի․ Տաշիր համայնքապետարան՝ 15 մլն դրամ, Լեռնահովիտ համայնքի ծրագրեր՝ 63 մլն դրամ, Սպիտակ քաղաքում մանկապարտեզի հարդարում և կահավորում՝ 31 մլն դրամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ 46 մլն դրամ, իրավաբանական անձանց աջակցություն՝ 73 մլն դրամ։



Հաշվետվությունում ուշագրավ է նաև մի «հետաքրքիր» նվիրատվություն՝ 8 մլն 111,880 դրամանոց սանտեխնիկայի ձեռքբերումը։ Զարմանալի է ոչ միայն գումարի չափը, այլև այն, որ այն փոխանցվել է անհայտ իրավաբանական անձանց․ այստեղ չի նշվում կոնկրետ նպատակ կամ շահառու․ ինչը դարձյալ տարօրինակ է։

Հաշվետվության մեջ նշվում է նաև, որ աջակցություն է տրամադրվել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների FAST հիմնադրամին՝ 97,362,500 դրամ։ Թեև այդ կազմակերպությունը զբաղվում է գիտության և տեխնոլոգիաների զարգացման ծրագրերով, այն հաճախ ասոցացվում է գործող իշխանությունների նախաձեռնությունների հետ, ինչը առաջացնում է հարց՝ արդյոք նման աջակցությունը բարեգործական է, թե՞ նաև ունի քաղաքական ազդեցության ենթատեքստ։

Ամփոփելով՝ «Տաշիր» հիմնադրամի գործունեությունը կարելի է դիտարկել ոչ միայն որպես բարեգործություն, այլև շատ դեպքերում պարզապես բարեգործության իմիտացիա, քանի որ, ինչպես հիշյալ օրինակում, շահառուն սեփական ֆուտբոլային ակումբն է։

Չենք բացառում, որ նման օրինակներ գուցե էլի լինեն, որոնք հայտնաբերելու դեպքում կներկայացնենք մեր ընթերցողների դատին։