Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:30 25-03-2026

Սապոգի հայրենասիրությունն ու հորթի կարգավիճակը, ՍԴ նոր դատավորը,  ՀՀԿ-ն չի պառակտելու․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է մարտի 25-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, որ Հայաստանի և Արցախի էլիտան Արցախի ժողովրդին պահել է պատանդի կարգավիճակում: «30 տարի մարդկանց պահել են անորոշությունների մեջ՝ չստեղծելով նորմալ կրթական համակարգ և այդպես շարունակ: Իրենք Ղարաբաղին լու՞րջ են վերաբերվել, ոչ, լուրջ չեն վերաբերվել, ես 2018 թվականին հարց եմ տվել, թե քանի՞ հոգի է Ղարաբաղից պետական միջոցներով թոփ համալսարաններում կրթություն ստացել ու հետ եկել, մատների վրա կարելի է հաշվել, այն էլ որոշակի անձնական կապերով՝ թոփ ընտանիքների թոփ ներկայացուցիչներ: Գեներալների մասին խոսելիս ես ասել եմ, որ վախկոտ դավաճաններն ու փախած էլիտաները այս պատմության մեջ պետք է իրենց գնահատականին արժանանան՝ որպես Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդին պատանդ պահածներ»,- նշել է նա: Նիկոլ Փաշինյանը նաև ասել է, թե հայրենասիրության այն մոդելը, որով մենք բոլորս, այդ թվում նաև ինքը ապրել ենք, Խորհրդային միության Կոմունիստական կուսակցությունն է ստեղծել և Իոսիֆ Ստալինն ասել է՝ հայ ժողովուրդ, դուք պետք է այսպիսին լինեք: Ըստ նրա՝ դա Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելն է, որից մենք այժմ հրաժարվում ենք։ Փաշինյանի համոզմամբ՝ բոլորին ձեռք էր տալիս Հայաստանի Հանրապետությունը ունենալ հորթի կարգավիճակում, որի վզից պարանը գցած որտեղ ուզում՝ տանում էին: «Գիտակցված զոհոհության մենք գնացել ենք 2020 թվականին, դրա արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն: Սրանից առաջ բոլոր զոհոհությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են Կառափնարան և զոհել են իրենց շահերին, առաջին անգամ մենք զոհոհության ենք գնացել մեր շահերի, մեր պետության ու ինքնության, ապագայի համար»,- ասաց նա, ապա շարունակեց․ «Երաշխավորն այն է, որ պարանը գցել է հորթի վիզը, և երաշխավորում է, որ ինքը նույնիսկ իրավունք չունի որոշել, թե երբ զոհոհության գնա, ինքը իրավունք չունի իրա համար զոհոհության գնա, կարող է զոհոհության գնալ միայն երաշխավորի համար՝ երբ երաշխավորը ասի, որ եկել է քո մորթվելու ժամանակը, գնա մորթվիր»։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ վերնախավի հետ Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում էր՝ հարգանքի տուրք մատուցելու ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Լրագրողի հարցին՝ ինչպես է վերաբերվում, որ իր հետ փոխկապակցված անձինք այս փուլում ընդդիմադիր դաշտը փորձում են պառակտել, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ձեզ է թվում, այդ դուք եք ուզում պառակտել: Ընդդիմադիր դաշտը երբեք չենք պառակտելու: Կգաք համագումարի, ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ: Ցտեսություն»: Պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Փաշինյանի հայտարարությունը, որ «սեպտեմբերին պատերազմ է լինելու և աղետաբեր պատերազմ, եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունենա»՝ Սարգսյանն ասաց․ «Պահ, իրենց ինչ կա՝ ինչ ուզեն, կասեն»։ Երրորդ նախագահը հայտարարել է նաև, որ որևէ իշխանություն իրավունք չունի փակել Արցախ վերադարձի էջը։ Նա տեղեկացրեց, որ ապրիլի 4-ին լինելու է ՀՀԿ համագումարը, որի ժամանակ բոլոր հարցերի պատասխանները կտա։

Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործը քննող դատավորը կփոխվի։ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում մեկնարկած առաջին նիստի ժամանակ սրբազանի փաստաբանները բացարկի միջնորդություն ներկայացրին նիստը նախագահող Գևորգ Մանուկյանին, դատարանը բավարարեց միջնորդությունը։ Պատճառը Մանուկյանի՝ նիստի մեկնարկին հայտնած տեղեկություններն էին, ըստ որոնց՝ ինքը 2008-ից մինչև 2020 թվականն աշխատել է Արմավիրի մարզի քննչական վարչությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ «Սույն քրեական վարույթը քննվել է նույն վարչությունում, սակայն որևէ առնչություն չեմ ունեցել վարույթի հետ։ Ինչպես նաև այս գործով իրեղեն ապացույց թմրանյութի չհայտնաբերման առիթով պաշտոնեական անփութության հետ կապված վարույթ է հարուցվել, որը հավանաբար նույն բաժնի քննիչներ են քննում։ 2020-2024 թվականներին զբաղեցրել եմ Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնը և գործի բերումով որոշակի առնչություն եմ ունեցել գործով հանրային մեղադրող Արուսյակ Բոյաջյանի հետ»,- ասաց Մանուկյանը։ Արշակը սրբազանը ձերբակալվել էր 2025 թ. դեկտեմբերի 4-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։ 2026-ի փետրվարի 3-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով, իսկ մարտի 5-ին Սրբազանն ազատ արձակվեց։

«Քաղաքացիական պայմանագրից» օրերս դուրս եկած Վլադիմիր Վարդանյանը ԱԺ փակ քվերակության արդյունքում ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։ 107 պատգամավորից քվերակությանը մասնակցած բոլոր 67 պատգամավորները նրա օգտին էին քվեարկել։ Վարդանյանի երդման արարողությունը տեղի կունենա հինգշաբթի օրը կայանալիք նիստում։ 8 տարի «Քաղաքացիական պայմանագրի» անդամ եղած Վլադիմիր Վարդանյանին առաջադրել էր երկրի նախագահը, ում աշխատակազմի ղեկավարը խորհրդարանին տեղեկացրել էր, որ նախագահը հանդիպել է մի քանի թեկնածուների հետ, Վարդանյանին ընտրել ըստ մասնագիտական կարողությունների: Վարդանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել անցած շաբաթ: Տասից ավելի քաղաքացիական հասարակության կազմակերպություններ դատապարտել են Վլադիմիր Վարդանյանի առաջադրումը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում՝ հայտարարելով, որ այդ որոշումը վտանգում է դատարանի անկախության և անաչառության նկատմամբ հանրային վստահությունը։ «Թեև Վլադիմիր Վարդանյանը վայր է դրել մանդատն ու դադարեցրել իր անդամակցությունը խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժին, այնուամենայնիվ նրա՝ ավելի քան յոթ տարի քաղաքական գործունեությամբ զբաղվելու և կուսակցական լինելու հանգամանքը, առերևույթ կասկած է հարուցում նրա, որպես Սահմանադրական դատարանի դատավոր, անաչառ պաշտոնավարման հնարավորության վերաբերյալ։ Ավելին՝ անաչառ դիտորդի տեսանկյունից նման քաղաքական փոխկապակցվածության հանգամանքն ինքնին բացառում է նշված ռիսկերի կառավարման հնարավորությունը»,- նշված է հայտարարությունում: Հայտարարության հեղինակները հիշեցրել են, որ նախկինում նմանատիպ իրավիճակ առաջացել էր նաև Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր, այնուհետև նախագահ ընտրվելու գործընթացում։

Մանրամասները՝ տեսանյութում: