Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է սեպտեմբերի 24-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Սկսենք ողջ Հանրապետությունը ցնցած Փարաքարի ընդդիմադիր համայնքապետի սպանությունից․ երեկ կեսգիշերին մոտ Մերձավանում սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկեր, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, ով դեպքի պահին ծառայողական պարտականությունները կատարելիս չի եղել։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է նաև Արծրուն Գալստյանը, ով գործարար է և կապ չունի քաղաքականության հետ։ Նրա կյանքին այժմ վտանգ չի սպառնում։ Ըստ ՆԳՆ-ի մամուլի խոսնակի՝ դիմակավորված, ձեռնոցներով մեկ անձ մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ է արձակել և հեռացել։ Իրավապահները ներկայումս փնտրում են հանցագործին։ Լրատվամիջոցների տեղեկություններով` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունը վենդետա է եղել։ Դեռևս այս տարվա փետրվարին Մերձավան համայնքի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա հարձակում էր եղել, ինչի հետևանքով Ախտոյանի զարմիկը` 29-ամյա Գրիգոր Օհանյանը, մահացել էր, ընկերը` վիրավորվել։ Մերձավանում զինված հարձակման մեջ ներգրավված է եղել նաև Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։ Անցած կեսգիշերին Փարաքարում իր տան բակում սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը 42 տարեկան էր, ունի չորս երեխա։ Նա 2025 թվականի մարտի 30-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներում համոզիչ հաղթանակ էր տարել՝ ստանալով ձայների շուրջ 57%-ը։
Համայնքի բնակիչները կարծում են, որ սպանությունը քաղաքական է, քանի որ Վոլոդյա Գրիգորյանից միայն լավ են տեսել ու վստահ են՝ անձնական թշնամիներ չուներ։ Լրատվամիջոցների հետ զրույցում Փարաքարի բնակիչները նշում են, որ կրակոցների ձայնը չեն լսել, քանի որ տունը, որի հետնամասում սպանվել է Վոլոդյա Գրիգորյանը, նորակառույց էր ու մյուս տներից հեռու։ Տան դիմաց միայն ամայի տարածք ու սգո սրահ է։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Հովհաննիսյանը, ով դեպքի վայրում զննություն էր իրականացնում, որևէ նորություն չհայտնեց։ Նա նշեց, որ Վոլոդյա Գրիգորյանը և Կարեն Աբրահամյանը մահացել են տեղում՝ չնշելով՝ հրազենային վիրավորում ստացած և հիվանդանոց տեղափոխված Արծրուն Գալստյանը պատասխանե՞լ է, թե՞ ոչ։ Կարևոր գործերով քննիչը մանրամասնեց, որ ուսումնասիրվել են հարակից տարածքներում դեպքի վայր հնարավոր մոտենալու և դեպքի վայրից հեռանալու ճանապարհահատվածները, որտեղ եղել են տեսանկարահանող սարքեր։ «Դրանք ևս վերցվել և ուսումնասիրվել են, սակայն այս պահին որևէ մանրամասն ասել չեմ կարող»,– շարունակեց քննիչը։ Հարցին՝ արդյոք սպանությունը վենդետա՞ է եղել, վերջինս պատասխանեց. «Քրեական վարույթով մի շարք վարկածներ են առաջ բերվել, այդ թվում՝ այդ վարկածը։ Իրականացվում է քննություն՝ հերքելու կամ հաստատելու հանգամանքները։ Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ»։
Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը, որի անունը տարբեր ժամանակներում տարբեր գործերի (այդ թվում՝ քրեական) հետ էր կապվում, մահացած է գտնվել Սանկտ-Պետերբուրգում ՀՀ հյուպատոսարանի շենքում: Մահանալուց առաջ նա տեսաուղարձ էր ուղարկել լրագրող Լիա Սարգսյանին՝ նշելով, որ 14 ժամ խնդրում է իրեն արտահանձնել հայրենիք, բայց հայաստանյան իշխանությունները մերժում են: «Ցանկանում են, որ ՌԴ իրավապահ մարմիններին ինձ հանձնեն, որ չիրականանա իմ էքստրադիցիան: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազը կայացնի որոշում և ուղարկի ՀՀ ոստիկանության աշխատակիցներին իմ էքստրադիցիայի կատարման համար»,-տեսանյութում շեշտում էր Ավագյանը, որից ժամեր անց հայտնի դարձավ նրա մահվան մասին: Ռուսաստանի իրավապահները տեղի ունեցածն արդեն ինքնասպանություն են որակել: Ռուսական որոշ լրատվամիջոցներ գրում են, որ Բորիս Ավագյանին մահացած են գտել Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսարանի զուգարանում։
«Ղարաբաղյան իմ քաղաքականությունը ոչ մի կապ չունի իր քաղաքականության հետ», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել է առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով խաղաղության վերաբերյալ վարչապետի օրակարգին: Դիտարկմանը, որ տեսակետ է հնչում, թե Արցախի հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն առաջ է տարել հենց իր՝ Տեր-Պետրոսյանի թեզերը՝ փոխզիջումներով հասնել կոնֆլիկտի հանգուցալուծմանը, առաջին նախագահն արձագանքեց. «Այդ թեզերը նա կործանեց՝ Ստեփանակերտում հայտարարելով, որ «Արցախը Հայաստան է և վերջ», ու պատերազմ բերեց»։ Ինչ վերաբերում է Փաշինյանի հետ բանավիճելու հնարավորությանը, Տեր-Պետրոսյանը վերստին իր մոտեցումն արտահայտեց՝ հորդորելով կառավարության ղեկավարին հրապարակել Լեռնային Ղարաբաղի մասին բոլոր փաստաթղթերը: «Թող հրապարակի Ղարաբաղի մասին բոլոր փաստաթղթերը, որոնք իր ձեռք տակ են։ Այդ մասին հարյուր անգամ ասել եմ։ Եթե հրապարակի, վեճն արդեն վերջացած կլինի, ամեն ինչ այնտեղ ասված է»,– ասաց նա: Լրագրողի դիտարկմանը, թե որպես Փաշինյանի նախկին կուսակից՝ չէ՞ր գնահատում, թե ինչի կհանգեցնի 2018 թվականի հեղափոխությունը, Տեր-Պետրոսյանը հարցով պատասխանեց. «Հեղեղն ինչպե՞ս գնահատես։ Դա այնպիսի մի փոթորիկ էր, մարդը հաջողեց։ Մարդը ինչ նպատակ դրել էր՝ հասավ։ Դա պիտի գնահատես, ինքը հասավ իր նպատակին», - ասաց նախկին նախագահը՝ շեշտելով, թե ինքը երբևէ Փաշինյանին իր հոգեզավակը չի կոչել: Հարցին, թե «Հայ ազգային կոնգրեսը» մասնակցելո՞ւ է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, առաջին նախագահը չհստակեցրեց, հորդորեց հարցն ուղղել կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին:
Մանրամասները՝ տեսանյութում: