Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունիսի 23-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Նիկոլ Փաշինյանի՝ Ստամբուլ այցից անմիջապես հետո՝ հունիսի 21-ից 22-ը, այդ քաղաքում կայացել է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանը, որի արդյունքներով հակահայկական բանաձև է ընդունվել՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ։ Բանաձևում իսլամադավան երկրներն իրենց աջակցությունն են հայտնել, այսպես կոչված, ««Արևմտյան Ադրբեջանի» համայնքի՝ արժանապատվորեն հայրենիք վերադառնալու իրավունքին և դատապարտել են Հայաստանի կողմից այս համայնքի իրավունքների ժխտումը»։ Հռչակագրում ի թիվս այլ բաների, հաստատվում է «ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը և դատապարտում է հայկական կողմի հրաժարումը «Արևմտյան Ադրբեջան» համայնքի հետ երկխոսություն սկսելուց»։ Հակահայկական և իրականությունը խեղաթյուրող այս բանաձևին արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ն՝ շեշտելով, որ պաշտոնական Երևանը խորապես հիասթափված է դրանից։ ԱԳՆ-ից հերթական անգամ հարկ են համարել հիշեցնել, թե որոնք են Ադրբեջանի արևմտյան շրջանները՝ դրանց շարքում հիշատակելով նաև բռնազավթված Արցախի Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները, ինչպես նաև Նախիջևանը։
Այսօր ձերբակալվել են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, նրա եղբայրն ու ևս երկու հոգի: Քննչական կոմիտեից հայտնում են, որ նրանք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, այն է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը: Քննչականից նշել են նաև, որ այս գործով ևս մեկ անձի ձերբակալման որոշում կա՝ չհստակեցնելով, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, փողերի լվացման ինչ դեպք է։ Նշենք, որ 2018-ի իշխանափոխությունից հետ Վանաձորը 17 տարի ղեկավարած Սամվել Դարբինյանի նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր հարուցվեցին, սակայն որևէ մեկով նա պատիժ չկրեց: Դրանց մի մասը հենց նախաքննության ընթացքում են կարճվել, մի մասն էլ դատարանում՝ վաղեմությունն անցնելու հիմքով: 2024-ի հոկտեմբերին դատախազությունը Ապօրինի գույքի բռնագանձման հայց ներկայացրեց դատարան, որն ընթացքի մեջ է: Վերջին դատական նիստը տեղի է ունեցել երեք օր առաջ: Դատական տեղեկատվական համակարգում գործի վերաբերյալ մանրամասներ չկան:
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատվարությունը։ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստի ընթացքում ցուցմունքներով է հանդես եկել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա պատասխանել է դատախազների՝ Արցախի բանկային համակարգին վերաբերող հարցերին։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Հարությունյանը մասնավորաբար նշել է, որ «Արցախբանկը» գրանցված է եղել Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից և «հայաստանյան այլ բանկերի համեմատ որևէ արտոնություն կամ առավելություն չի ունեցել»։ Հիշեցնենք, որ ադրբեջանական բանտերում պաշտոնական տվայլներով 23 հայ է պահվում, որոնց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։
Ռուսաստանաբնակ հայ գործարար և բարերար Սամվել Կարապետյանը իր փաստաբանական թիմի միջոցով հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, թե ինչ է հաջողվել ներկայիս իշխանություններին. «Կարճ ժամանակահատվածում ամբողջովին ոչնչացնել Սփյուռքի ներկայությունը Հայաստանի Հանրապետության կյանքում: Աբսուրդ է, որ արգելվում է Ֆրանսիայից, Հոլանդիայից, Ռուսաստանից և այլ երկրներից մեր Հայրենակիցների մուտքը Հայաստան՝ նրանց ճանաչելով persona non grata: Կարճ ժամանակահատվածում հնարավոր նվազագույնին հասցնել Սփյուռքի գործարարների հայրենասիրական ցանկությունները՝ Հայրենի հողում ներդրումներ կատարելու, Հայրենի հողում աշխատատեղեր ստեղծելու: Ի վերջո, մեր Սփյուռքը ոչ միայն Հայրենիքում տնտեսական, բիզնես արժեք ստեղծելու չափազանց մեծ ներուժ է, այլ նաև՝ լոբբիստական հզոր ուժ: Փոքր խմբակի՝ այլ երկրների ներքին գործերին իր ՀԿ-ների միջոցով միջամտող թոշակառուի մեծամիտ պահվածքի շնորհիվ է նաև այս ամենը: Երբեմն այնպիսի անընդունելի տպավորություն է ստեղծվում, որ Սփյուռքը Հայաստանի Հանրապետության կարիքը չունի, Հայաստանն էլ՝ Սփյուռքի, ինչից մեր երկիրը կորցրեց ամենամեծ և ամենաարժեքավոր դաշնակցին Հայաստանի զարգացման համար: Մեր երկիրը գրեթե կորցրեց ամենաթանկ և անչափելի կապիտալը՝ մեր Սփյուռքը, և նրանք հաջողությամբ հասան այնպիսի կետի, որում Հայաստանը Սփյուռքից զրո ներդրում ունի»։ Կարապետյանը շեշտել է, որ Սփյուռքը կրկին Հայաստանի հենասյուներից մեկը պետք է լինի, ապա շարունակել. «Պայքարելու ենք: Շարունակելի»։
Մանրամասները՝ տեսանյութում: