Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է օգոստոսի 19-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Դիմավորման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բաղրամյան 26-ում` նախագահական նստավայրի բակում, որին հաջորդել է նեղ կազմով հանդիպումը, այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով։ Համատեղ հայտարարությունների ժամին Նիկոլ Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Իրանի նախագահի այցը նոր լիցք և որակ կհաղորդի Հայաստան–Իրան բարեկամական հարաբերություններին։ Փաշինյանը նաև հայտնեց, որ Իրանի նախագահի հետ հանգամանալից քննարկել են տարածաշրջանային խաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, որոնք ՀՀ կառավարության համար առանցքային են և ամփոփված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Փաշինյանը նաև հայտնեց, որ Փեզեշքիանին է ներկայացրել Ադրբեջանի հետ ստորագրած փաստաթղթերի բովանդակությունն ու նշանակությունը տարածաշրջանի համար` միաժամանակ հույս հայտնելով, որ պայմանավորվածությունների իրագործումը գործնականում նոր դռներ կբացի նաև ՀՀ–ի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար։ «Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո, անվտանգությունն ապահովելու է Հայաստանը և ոչ թե որևէ երրորդ երկիր»,- ասել է նա։
Իրանի նախագահն էլ զգուշացրեց, որ տարածաշրջանային խնդիրների արտահանձնումը արտատարածաշրջանային տերություններին ավելի է բարդացնում տարածաշրջանի իրավիճակը։ «Մենք մշտապես պաշտպանել ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, և դա մեր քաղաքականությունն է։ Մենք դեմ ենք տարածաշրջանում ցանկացած ուժ կիրառման և գտնում ենք, որ տարածաշրջանում պետք է լինի կովկասյան կառավարում, և խնդիրների արտահանձնումը արտատարածաշրջանային տերություններին ավելի է բարդացնում տարածաշրջանի իրավիճակը»,– իր ելույթում նշեց Իրանի նախագահը։ Փեզեշքիանն ընդգծեց, որ Իրարնի համար խաղաղությունը Կովկասում ռազմավարական առաջնահերթություն է, և Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի նախագահը վերահաստատեց տարածաշրջանում սահմանների անփոփոխելիության մասին իրանական դիրքորոշումը` հավելելով, որ ցանկացած փոփոխություն կարող է աշխարհաքաղաքական մրցակցության պատճառ դառնալ։ Փեզեշքիանը նաև ընդգծեց, որ Իրանը ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգացնել և հասցնել ռազմավարական մակարդակի։ Ուշագրավ է, որ պաշտոնական այցի շրջանակում երկու երկրների համապատասխան պետական մարմինների միջև ստորագրվեցին 10 երկկողմ հուշագրեր։
Բարերար և գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանները բողոքարկել են կալանքը երկարաձգելու որոշումը։ «Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի կողմից 2025 թվականի օգոստոսի 18-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան մուտքագրվել է հատուկ վերանայման բողոք՝ Կարապետյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ»,– ասված է փաստաբանական խմբի հաղորդագրությունում։ Պաշտպանները հիշեցրել են, որ գործարարը կալանավորվել է Մայր աթոռին պաշտպանող հայտարարության համար, և ընդգծել` ստեղծված իրավական աբսուրդային իրավիճակը ոչ միայն հակասում է հենց Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի, Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի որոշումներին, այլև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին։ Փաստաբանական խումբն ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ տեսանյութերում ներկայացված խոսքի համար ևս երկու քրեական վարույթ, որոնք հարուցվել էին 2025 թվականի կրկին հունիսին, 20 օրվա ընթացքում մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, իսկ այս դեպքում 60 օրից ավելի է, ինչ քննություն է իրականացվում: «Այսինքն՝ իրավապահներն ամբողջությամբ տապալել են պատշաճ ջանասիրության և ազատության կանխավարկածի՝ վերջերս հենց Սահմանադրական դատարանի արձանագրած պարտականությունը: Ստեղծված իրավիճակը քաղաքական հետապնդման ակնհայտ և ուղիղ առկայության մասին վկայող անհերքելի տվյալներ են»,–նշված է հաղորդագրության մեջ: Կարապետյանը կալանավորված է հուլիսի 18-ից, օգոստոսի 15–ին ավելի քան 12 ժամ տևած դատական լսումներից հետո Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում մեկնարկել է «Սրբազան պայքար» անունով շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը։ Նախնական դատալսումների ընթացքում, ըստ ամենայնի, քննության առարկա կդարձվի նաև խափանման միջոցների հարցը։ Մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել էին դատարանի բակում՝ հաջակցություն Բագրատ Սրբազանի։ Դատական նիստի ժամանակ Բագրատ Սրբազանը խնդրել է իրեն քաղաքացիական անունով չդիմել։ «Վազգեն Գալստանյանը 1995 թվականին մահացել է, ես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ։ Գիտեմ դատական կարգը, բայց իմ առաջարկն ու հորդորն է՝ ինձ Վազգեն Գալստանյան չդիմել։ Հասկանում եմ, որ կարող եք պատճառաբանել, թե դա քաղաքացիական դիմում է, բայց ես 1995 թվականից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ»,- ասել է նա՝ դիմելով դատավորին։ Երբ դատավորը հարցրեց՝ ամուսնացա՞ծ է, Բագրատ սրբազանը բացասական պատասխանեց և նշեց․ «Վստահաբար, երեխաներ էլ չունեմ»։ Հատկանշական է նաև, որ Բագրատ Սրբազանի առաջարկով դատական առաջին նիստը մեկնարկել էր աղոթքով։
Մանրամասները՝ տեսանյութում: