Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 25-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Ապրիլի 24-ին լրացավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, որի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում պետական մակարդակով ոչ մի միջոցառում չկազմակերպվեց։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը դատապարտեց ՀՅԴ-ի կողմից կազմակերպած ավանդական ջահերով երթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը։ «Վարչապետ Փաշինյանը դատապարտում է գործելակերպը՝ այն համարելով անպատասխանատու և անընդունելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, առավել ևս հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ և հրահրող գործելակերպ է», - «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասել է Փաշինյանի մամուլի խոսնակը՝ Նազելի Բաղդասարյանը։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահը հասունացած է։ Այս մասին նա ասել է Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում՝ միևնույն ժամանակ նշելով, որ ինքը երկրի ղեկավարումը ստանձնելու մտադրություն չունի: Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ «Ձեր վերջին ելույթում հայտարարեցիք, որ ձեր թիմի նպատակը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, հստակ ծրագիր ունի՞ Հանրապետական կուսակցությունը», երրորդ նախագահը պատասխանեց. - «Մենք առանց ծրագրի չենք գործում, ունենք ծրագիր, բայց չեմ կարծում, որ այդ ծրագիրը հիմա իմաստ ունի հանրայնացնել»: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ այսօր նշել է, որ խմբակցությունը վարչապետի թեկնածու չունի, դրա համար էլ անվստահություն հայտնելու գործընթաց չի նախաձեռնում։
ԴՕԿ կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանի աջակիցներն ու կուսակցության անդամներն այսօր հավաքվել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև՝ պահանջելով ԱՄՆ-ը դատական իշխանությունից՝ օրնական վճիռ կայացնել և ազատ արձակել Ղուկասյանին: ԴՕԿ կուսակցության նախագահ Անուշ Խուդավերդյանը նշեց, որ առաջիկա օրերին նախատեսում են հանդիպել ԱՄՆ դեսպանին։ Այսօր նաև Վարդան Ղուկասյանի ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ նրա աջակիցներն իր լուսանկարով տորթ էին բերել դեսպանատան մոտ: Այսօր Լաս Վեգասի դատարանում նախատեսված է Վարդան Ղուկասյանի գործով հերթական նիստը: ԱՄՆ-ի Մաքսային և միգրացիայի վարչության համաձայն, Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին՝ միգրացիոն գործընթացի շրջանակներում։ Ըստ ամերիկյան կողմի՝ Ղուկասյանը դեռևս 2022-ի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն նախատեսված ժամկետում չի լքել երկիրը:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հաջորդ հաղորդման ժամանակ «Մարտի 1»-ի գործով ասելիք կունենա։ Դատախազի խոսքով՝ այն վարույթը, որը հիմա դատարանում է, հրապարակային է, լուսաբանվում է ԶԼՄ-ներով, ասելու նոր բան չկա։ «Միջդատական վարույթում ունենք ինքնուրույն վարույթ, որտեղ մի շարք ուղղություններով քննություն է իրականացվում, կարծում եմ՝ հաջորդ հաղորդման մեջ միջդատական վարույթով ասելիք կունենամ»,- ԱԺ-ում նշել է Վարդապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: