Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 13:00 24-03-2026

Փաշինյանը չգիտի՝ ինչ է Մեծ պահքը, կամ չի հարգում քրիստոնյա ժողովրդին

Մեծ պահքը ամենաերկարատև և կարևոր պահեցողության շրջանն է, որը նախորդում է Սուրբ Զատկին: Այն տևում է 48 օր, 40 օրը խորհրդանշում է Քրիստոսի անապատում անցկացրած քառասնօրյա շրջանը, որին հաջորդում է Ավագ շաբաթը։ Սա ոչ միայն սննդից հրաժարվելու, այլև հոգևոր մաքրման, ապաշխարության և աղոթքի շրջան է: Պահքի ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագման սնունդ։

Մեծ պահքի շրջանում ՀՀ գյուղերում, փողոցներում ու մետրոներում քարոզարշավ անող, մարդկանց վրա մատ թափ տվող Նիկոլ Փաշինյանն ի՞նչ օրինակ է ծառայում որպես քրիստոնյա ժողովրդի քաղաքական առաջնորդ։

Առաջին հերթին մտահոգիչ է, որ նա ագրեսիվ վարք է դրսևորում։ Նա ակտիվ զրույցի, վիճաբանության մեջ մտնում մարդկանց հետ, երբեմն՝ հակահասարակական վարք դրսևորում։

Օրինակ՝ մարտի 22-ի մետրոյի միջադեպը հակահասարակական արարք էր, որն իրավամբ արժանացավ հանրության գրեթե բոլոր շերտերի հանդիմանանքին։ Սա քրիստոնյա ժողովրդի քաղաքական առաջնորդին բնորոշ վարք չէր։

Հոգևորականների դեմ հետապնդումներին զուգահեռ Փաշինյանը ամեն կիրակի եկեղեցի էր գնում, պատարագի մասնակցում խոնարհ հավատացյալի պես։ Ենթադրելի էր, որ նա նույնպիսի հետևողականություն կդրսևորեր Պահքի շրջանում։ Այսինքն՝ ժամանակավորապես կհրաժարվեր կենդանական սննդից, ինչպես նաև ժամանակ կտրամադրեր աղոթքին, հոգևոր մաքրմանն, ապաշխարհությանը, չէր վիճի մարդկանց հետ, ատելություն չէր տարածի և այլն։ Այսպես նա ցույց կտար աշխարհին, որ եկեղեցու նվիրյալ հետևորդ է, եկեղեցու պայծառության ջատագով։

ՔՊ-ականները հաճախ են կրկնում, որ եկեղեցու սպասավորները, հոգևորականները պետք է իշխանությունից տարբերվող քաղաքական դիրքորոշում չունենան, մշտապես և ամեն հարցում պաշտպանեն իշխանության դիրքրորոշումը, պետության և իշխանության հետ ներդաշնակության մեջ լինեն։ Մեծ հաշվով՝ հոգևորականների դեմ հետապնդումների պատճառն այն է, որ նրանք հանդես են եկել Փաշինյանի քաղաքականության քննադատությամբ։ Այս առումով նորմալ կլիներ այն, որ ՔՊ-ականները հարգեին կրոնական ծեսը, Մեծ պահքի նորմերը՝ ժուժկալ վարք դրսևորեին, խոստովանություն անեին, ապաշխարհեին, հաճախեին եկեղեցի, շփվեին հոգևորականների հետ և այլն։ Այսպես իրական քայլ արած կլինեին աշխարհիկ և հոգևոր իշխանությունների ներդաշնակության ուղղությամբ։ Գուցե այսպիսի քայլով նրանք երկխոսության դուռ կբացեին, ու ներքին խաղաղություն կհաստատվեր։

Ընդհանրապես՝ նորմալ կլիներ, որ քաղաքական ակտորներն, առաջին հերթին իշխող կուսակցությունը, Մեծ պահքի շրջանում դադարեցնեին քաղաքական քարոզչությունը, չծանրացնեին ժողովրդին աշխարհիկ, նյութական խնդիրներով, քրիստոնյա ժողովրդի ուշադրությունը սևեռեին առ Աստված։ Այդպես ընտրանին օրինակ կծառայեր, ցույց կտար, որ հիրավի քրիստոնյա ժողովրդի ընտրանի է։

Ցավոք՝ տեսնում ենք հակառակը։ Փաշինյանը փողոցներում քարոզչություն է անում, մարդկանց դոշերից բռնում ու կրծքանշան կպցնում, վիճում մարդկանց հետ, լարվածություն սերմանում, մրցակցիներին ծաղրում, պատերազմով սպառնում ընտրողին, երիտասարդ կնոջ ու երեխայի վրա մատ թափ տալիս։ Իսկ ավտոբուսում ցուցադրաբար ուտելն ու այդ տեսարանները հանրայնացնելը տպավորություն են ստեղծում, թե նրանք որկրամոլություն են քարոզում, ինչը հակոտնյա է Մեծ Պահքի տրամաբանությանը։ Եթե Պահքի ժամանակ են այսպես խժռում, ապա սարսափելի է պատկերացնել, թե ինչ կուտեն Զատկից հետո։

Սխալն ուղղելու համար հիմա էլ ուշ չէ։ Առջևում Պահքի վերջին օրերն են ու Ավագ շաբաթը։ Քաղաքական առաջնորդները, վարչապետի աթոռի հավակնորդները կարող են այս օրերն անցկացնել ծոմապահությամբ, խոստովանությամբ, աղոթքով, ապաշխարհելով, սաղմոս երգելով, Տիրոջը փառաբանելով։ Իսկ եթե խոստովանելու խիզախություն չունեն կամ Տերունական աղոթքը չգիտեն կամ աթեիստ են կամ պարզապես վախկոտ, ապա կարող են առաջիկա շաբաթն անցկացնել լռությամբ, հարգելով քրիստոնյա ժողովրդի կրոնական զգացմունքները, գոնե այս օրերին հրապարակավ ատելություն չտարածեն, վիճաբանություն չհրահրեն, չծաղրեն, չվիրավորեն մարդկանց։

Կարճ ասած՝ Մեծ պահքի շրջանում Փաշինյանի ագրեսիվ, անհարգալից, սպառնալի վարքը մրցակիցների, ընտրողների նկատմամբ, ինչպես նաև ուտելու տեսարանները հիմք են տալիս ենթադրելու, որ նա կա՛մ չգիտի, թե ինչ է Մեծ պահքը, կա՛մ ցուցադրաբար չի հարգում քրիստոնյա ժողովրդին։ Այս հանգամանքը ևս գցելու է նրա վարկանիշը ու նպաստելու, որ ՔՊ-ն հունիսի 7-ին ընդդիմություն դառնա։

Թաթուլ Մկրտչյան