Երեկվանից մամուլում տարածվել է տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցիները Գյումրիի սրճարաններից մեկում հաց ուտում և տեսանյութում ադրբեջաներենով ասում հետևյալը․ «Հայրենիք, սպասիր՝ մենք կգանք։ Ահմեդով եղբայրները՝ Ռովշենը և Իլհամը՝ Հայաստանում՝ սրճարանում։ Հարազատ վայրերը տեսնելը, այնտեղ շրջելը, նրա օդը շնչելը կյանքի հրաշքն է։ Մեր սիրտը կարոտից ցավում է, հայրենիք»։
Ավելի վաղ
Oragir.News-ը
հայտնել էր, որ ադրբեջանցիները ազատ շրջում են Գյումրիում և Ամասիա համայնքի գյուղերում։
Oragir.News-ի տեղեկություններով՝ ադրբեջանցիները եղել են Գյումրիում հայտնի «ԳՎՈՒԳ» գաստրոտանը։ Գաստրոտան տնօրեն Համլետ Գևորգյանը ներկայացրել է որոշ մանրամասներ։ «3 հոգով էին՝ 2 տղամարդ և նրանցից մեկի կինը։ Ռուսերենով էին խոսում, մեզ թվաց՝ դաղստանցի են։ Մոտ մի ժամ, կամ մի քիչ ավել մնացին, ոչխարի քյալլա էին պատվիրել։ Հարցուփորձ էին անում երաժշտությունից, բայց որևէ ազգայնամոլական բան չեմ նկատել։ Բացի այդ՝ ես անձնագրերը չեմ ստուգում, որ իմանամ՝ ինչ ազգից են»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասում է Գևորգյանը։
Համլետ Գևորգյանն ասում է, որ նրանք իրենց թույլ չեն տվել ավելորդ բան, հացը կերել և գնացել են։ Թե ովքեր են եղել Գյումրի այցելած այդ անձինք և ինչ նպատակով են գտնվել Հայաստանում, պաշտոնական մակարդակով առայժմ պարզաբանումներ չեն տրվել։
Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը և դրանում հնչող արտահայտությունները հանրային լայն արձագանք են առաջացրել՝ հատկապես հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների լարված ֆոնը։
Հարցը շարունակում է մնալ բաց՝ ինչպես են ադրբեջանցիները հայտնվել Հայաստանում և ինչ վերահսկողությամբ են նրանք տեղաշարժվում երկրի տարբեր համայնքներում։