Տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ ժողովուրդն իրեն չընտրի։ Հունվարի 31-ին հաղորդագրություն տարածվեց, թե լուծարվել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների բոլոր կառույցները: Երիտասարդաց նոր միությունները կձևավորվեն երիտասարդաց միությունների վերաբերյալ Կանոնադրությունն ընդունելուց հետո: Ենթադրելի է, որ լուծարված կառույցների երիտասարդները բացասական վերաբերմունքով կլցվեն Փաշինյանի նկատմամբ ու նրան չեն ընտրի հունիսի 7-ին։
Ինչո՞ւ լուծարեցին այս կառույցներն, ու ի՞նչ քաղաքական հետևանք կունենա։
Եկեղեցու երիտասարդաց կառույցների լուծարումը փորձենք դիտել հոգևորականների դեմ սանձազերծված հետապնդումների լույսի ներքո։ Հավանաբար՝ երիտասարդական քրիստոնեական կառույցները գիտակցաբար չեն ընդունել Փաշինյանի՝ եկեղեցու մասին առաջ մղած օրակարգը։ Այս պատճառով էլ լուծարվել են։
Երիտասարդներն ակտիվ են ու համարձակ։ Քաղաքացիների մի մասը լուռ չի ընդունում Փաշինյանի քաղաքականությունը եկեղեցու վերաբերյալ։ Իսկ երիտասարդները համարձակ հանդես են գալիս։ Օրինակ՝ երբ Փաշինյանի մասնակցությամբ պատարագի ժամանակ զեղչվում է Վեհափառի անունը, շատերը լուռ լսում են, պատրանք ստեղծելով, թե ժողովուրդն այս զեղչմանը կողմ է։ Իսկ երիտասարդները վանկարկում են «Վեհափա՜ռ», ցրելով պատրանքը։ Երիտասարդների այս խզախությունը ոգևորում է ժողովրդին, սթափեցնում, հույս ներշնչում։ Երիտասարդների այս ակտիվությունը, հավանաբար՝ սարսափեցնում է Փաշինյանին։ Եվ ենթադրաբար, սա է եկեղեցու երիտասարդաց կառույցների լուծարման պատճառը։
Կա հոռետեսական կանխատեսում, որ եթե առաջիկայում ձևավորվեն եկեղեցու երիտասարդական նոր միություններ, ապա դրանց շարքերում մեծ մասամբ կներգրավվեն Փաշինյանի օրակարգը սպասարկող երիտասարդները, որոնք կմասնակցեն նաև Փաշինյանի դիսկոտեկներին։ Զավեշտալի է պատկերացնելն անգամ, որ հոգևորականների այսօրինակ հետապնդումներից ու հալածանքներից հետո Փաշինյանի համախոհները դոմինանտ դիրք կգրավեն եկեղեցու երիտասարդաց կառույցներում ու կձևավորեն կեղծ պատկեր, թե երիտասարդ հավատացյալը, երիտասարդ քրիստոնյան աջակցում են Փաշինյանին։
Լավատեսները կարծում են, թե եկեղեցու երիտասարդաց կառույցների լուծարումը համարժեք արձագանք է ստանալու քրիստոնեաբար ապրող երիտասարդների կողմից։ Նրանք փորձելու են հակադարձել նույն քաղաքական հարթության մեջ։ Եվ իրոք, տրամաբանական է ու հիմնավորված, որ լուծարված կառույցների երիտասարդները կներգրավվեն ընդդիմադիր շարժումների շարքերում, իրենց եռանդով, առաքինի վարքով կնպաստեն Փաշինյանի պարտությանը։ Նկատենք, որ երիտասարդները բոլոր ժամանակներում եղել են քաղաքական ավանգարդ։ 1988-ին երիտասարդներն առաջին շարքերում էին։ 2008-ին համաժողովրդական շարժման ժամանակ ակտիվ երիտասարդների մեծ մասն այսօր իշխանության է։ 2018-ի թավշյա հեղափոխության ժամանակ ևս երիտասարդն էր փողոցները փակում։
Պարզ ասած՝ առաջիկա ընտրություններում 18-35 տարեկանների մի մասը Փաշինյանին չի ընտրի։ Իսկ եթե եկեղեցու լուծարված երիտասարդաց կառույցների անդամները քաղաքական ակտիվություն ցուցաբերեն, ներգրավվեն քաղաքական գործընթացներում, առաքինություն ու քրիստոնեական արժեքներ ներմուծելով քաղաքականություն, ապա Փաշինյանը, հավանաբար, կպարտվի հունիսի 7-ին։
Թաթուլ Մկրտչյան