Ո՞ր կառույցները և հողամասերը չեն կարող մտնել ժառանգության զանգվածի մեջ. Փաստ
copy image url

Ո՞ր կառույցները և հողամասերը չեն կարող մտնել ժառանգության զանգվածի մեջ. Փաստ

Մամուլ 3 տարի առաջ - 08:42 14-09-2021

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժառանգության ստացմանն առնչվող հարցերին «Փաստն» անդրադառնալու առիթ ունեցել է, ինքնակամ շինություններին ևս: Մեր այս հրապարակման մեջ երկու հարցերը փոխկապակցված են, իսկ իրավական կարգավորումները ներկայացնում է փաստաբան Վերոնիկա Ալեքսանյանը: Նշում է՝ հաճախակի հանդիպող վեճերից են ժառանգատուի կողմից իրականացված ինքնակամ կառույցների, ինքնակամ զբաղեցված հողամասերի՝ ժառանգության զանգվածի մեջ մտցնելու պահանջով վեճերը:

«Հաճախ են հանդիպում դեպքեր, երբ քաղաքացին իր կենդանության օրոք ինքնակամ հող է զբաղեցնում կամ ունենում է ինքնակամ կառույց, սակայն մինչ մահը չի հասցնում այն օրինականացնել: Տվյալ պարագայում քաղաքացիների մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք ինքնակամ կառույցը կամ ինքնակամ զբաղեցված հողամասը կարող է մտնել ժառանգության զանգվածի մեջ, թե՞ ոչ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալեքսանյանը:

Ընդգծում է՝ մինչ ժառանգական զանգվածի հասկացությանն անդրադառնալը, առաջին հերթին պետք է հասկանալ, թե ո՞րն է «ժառանգություն» հասկացությունը, որից հետո միայն անդրադարձ կատարել «ժառանգության զանգված» հասկացությանը: «Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածով սահմանվում է «ժառանգության հասկացությունը», մասնավորապես՝ ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքի կանոններով: Վերոնշյալ սահմանումից հետևում է, որ ժառանգության հասկացությունն անխզելիորեն կապվում է անձի մահվան և մահացածին պատկանող սեփական գույքի և այլ նյութական արժեքների, այդ թվում՝ նաև մտավոր սեփականության ճակատագրի որոշման հետ: Դա նաև անձի սեփականության իրավունքի իրականացման ձևերից մեկն է: Ժառանգական իրավահարաբերությունների դեպքում անձը, լինելով կա՛մ ըստ օրենքի, կա՛մ ըստ կտակի ժառանգ, սեփականության իրավունք ձեռք բերելու հնարավորություն է ունենում միայն համապատասխան անձի (ժառանգատուի) մահվանից հետո՝ օրենքով սահմանված կարգով, դեպքերում և ժամկետներում ժառանգությունն ընդունելու պարագայում: Միաժամանակ պետք է նշել, որ քաղաքացու մահը հիմք չէ մահացածի սեփականության իրավունքը դադարած համարելու համար: Մահացածի սեփականության իրավունքը դադարում է օրենքով նախատեսված կարգով՝ նրան պատկանող գույքի օտարման հիմքերով»,- նշում է մեր զրուցակիցը:

Հաջորդիվ՝ ի՞նչը կարող է մտնել ժառանգության զանգվածի մեջ և ինչը ոչ: «Ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները: Միևնույն ժամանակ ժառանգության զանգվածի մեջ չեն մտնում ժառանգատուի անձի հետ անխզելիորեն կապված իրավունքները և պարտականությունները, մասնավորապես.

1) ալիմենտային պարտավորություններով իրավունքները և պարտականությունները,

2) քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու իրավունքը,

3) անձնական ոչ գույքային իրավունքները և այլ ոչ նյութական բարիքները,

4) այն իրավունքներն ու պարտականությունները, որոնց անցումը ժառանգությամբ չի թույլատրվում սույն օրենսգրքով և այլ օրենքներով»,-ընդգծում է փաստաբանը:

Վերադառնալով հարցին, թե արդյո՞ք ժառանգատուի կողմից իրականացված ինքնակամ կառույցները, ինքնակամ զբաղեցված հողամասերը կարող են մտնել ժառանգության զանգվածի մեջ, թե ոչ, Ալեքսանյանը տեղեկացնում է. « Առաջին հերթին նշենք, որ անշարժ գույքի նկատմամբ ցանկացած իրավունք ենթակա է պետական գրանցման, ինչ վերաբերում է շարժական գույքին, ապա շարժական գույքի որոշ տեսակներ նույնպես, օրենքով սահմանված կարգով, գրանցվում և հաշվառվում են սեփականատիրոջ անվամբ (օրինակ` արվեստի մեծարժեք գործերը, ավտոտրանսպորտային միջոցները և այլն):

Ուստի գույքի նկատմամբ իրավունքը գրանցած մարմնի կողմից տրված տեղեկանքը հիմք է հանդիսանում տվյալ գույքը ժառանգության զանգվածում ներառելու համար: Ինչ վերաբերում է ժառանգության բացման պահին ժառանգատուի կենդանության օրոք իրականացված ինքնակամ կառույցի կամ ինքնակամ զբաղեցված հողատարածքի առկայությանը, ապա պետք է նշել, որ այն չի կարող դիտվել որպես ժառանգատուի սեփականությունը և ներառվել ժառանգության զանգվածում, քանի որ, ըստ օրենքի, անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչվում և պաշտպանվում է միայն այդ իրավունքի պետական գրանցում ստացած լինելու դեպքում: Այսպիսով՝ ժառանգատուի կողմից իրականացված ինքնակամ կառույցները, ինքնակամ զբաղեցված հողամասերը չեն կարող մտնել ժառանգության զանգվածի մեջ»,-եզրափակում է փաստաբան Վերոնիկա Ալեքսանյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
12:52 Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է