Եվրամիության անդամ 27 երկրները ԵՄ «Խաղաղության հիմնադրամից» Հայաստանին կտրամադրեն 20 միլիոն եվրոյի աջակցություն։ Համապատասխան որոշումն արդեն իսկ ընդունվել է Բրյուսելում կայացած ԵՄ խորհրդի նիստում։
Սա երկրորդ դեպքն է, երբ Հայաստանը օգտվում է Եվրամիության «Խաղաղության հիմնադրամի» աջակցությունից։ Առաջին անգամ՝ 2024 թվականի հուլիսին, Հայաստանին տրամադրվել էր 10 միլիոն եվրո՝ դաշտային մոդուլային ճամբարի և բժշկական ենթակառուցվածքների ստեղծման համար։ Այս անգամ աջակցության չափը կրկնապատկվել է, իսկ որպես առաջնային ուղղություն նշվել է Հայաստանի զինված ուժերի պաշտպանական կարողությունների ամրապնդումը՝ լոգիստիկայի, բժշկական սարքավորումների և տեխնիկական ուսուցման միջոցով։
Oragir.News-ի հետ զրույցում հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը նախ անդրադարձավ Հունգարիայի դիրքորոշմանը, ինչպես նաև ԵՄ ֆինանսական աջակցության քաղաքական ենթաշերտերին։
Նա հիշեցնում է, որ Հունգարիան այն երկիրն է, որը տարիներ առաջ գումարի դիմաց ազատ արձակեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին։ «Մենք տեսանք, թե ինչպես Ռամիլ Սաֆարովը շատ բարձր մակարդակով Հունգարիայից, այսպես ասած, սկուտեղի վրա վերադարձրեց Բաքու, որտեղ նրան շնորհվեց գնդապետի կոչում»,- ասաց նա՝ շեշտելով, որ այդ համատեքստում Հունգարիայի պահվածքը կանխատեսելի էր։
Անդրադառնալով Եվրամիությունից Հայաստանին տրամադրվող 20 միլիոն եվրոյին՝ Զոհրաբյանը շեշտեց․ «Ակնհայտ է՝ որքան Հայաստանը մոտենա ընտրական ցիկլին, այդ գումարներն ավելի շատ են ուղղվելու գործող իշխանությանը։ Եվրամիության ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը բաց տեքստով հայտարարել է, որ Հայաստանը ֆինանսավորվելու է Մոլդովայի սցենարով»։
Զոհրաբյանը մանրամասնել է, թե ինչ է ենթադրում այդ սցենարը․ «Ինձ համար պարզ էր ստրասբուրգյան քննարկումից, որ ինչպես Մոլդովայի դեպքում, Արևմուտքը տվել է այդ գումարները և ընտրական փուլին ընդառաջ գնալով մեծացնելու է դրանք, բերդերը լցվելու են քաղաքական կալանավորներով և վերջին պահին ընտրացուցակից հանվելու են կուսակցություններ, չեն թողելու նրանց մասնակցությունը ընտրական պրոցեսին»։
Քաղաքական գործիչը ընդգծում է՝ այս ամենի ֆոնին եվրոպական կառույցները, որոնք կոչված են պաշտպանելու մարդու իրավունքները, խոսքի ազատությունն ու քաղաքական միավորների իրավունքները, պարզապես «աչքերը կփակեն» տեղի ունեցողի վրա։ Նրա խոսքով՝ եվրոպական կառույցներն սա նույնիսկ չեն թաքցնում և բաց տեքստով հայտարարում են։
Միևնույն ժամանակ Զոհրաբյանը նկատեց, որ ԵՄ-ն Վրաստանում ևս փորձ արեց այս սցենարը կիրառել, սակայն հաջողության չհասավ։ «Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո երկրի վարչապետը հայտարարել էր, թե «արևմուտքը շուրջ 43 միլիոն դոլար է ուղղել ընդդիմության ֆինանսավորմանը՝ իշխանության դեմ պայքարում, բայց ձախողվեց։ Եթե Վրաստանում ֆինանսավորվում էր ընդդիմությունը, ապա Հայաստանում ֆինանսավորվում է գործող իշխանությունը»։
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև Արարատ Միրզոյանի՝ Ստրասբուրգում արած այն հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է իրականացվում։
«Արարատ Միրզոյանը դուխ չունեցավ կոնկրետ նշել, թե ո՞ր երկիրն է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում։ Եթե ունեն փաստեր, կարող էին ունենալ իրենց սիրած դուխը և հայտարարել Ռուսաստանի անունը։ Տվե՛ք, փաստեր ներկայացրեք, մենք էլ իմանանք, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում»,- նշեց նա՝ վերահաստատելով իր այն պնդումը, որ Ռուսաստանը ներկայիս իշխանության հանդեպ եղել և մնում է հնարավորինս լոյալ և շարունակելու է լոյալ լինել։
Իր խոսքն ամփոփելով՝ Նաիրա Զոհրաբյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանին Եվրամիության կողմից տրամադրվող այս 20 մլն եվրոն հերթական ֆինանսական տրանսֆերտն է՝ ընտրական փուլին ընդառաջ։