Քաղաքային տրանսպորտի կոլապսի պատճառով քաղաքացիները ժամերով սպասում են կանգառներում՝ փորձելով որևէ կերպ Ա կետից հասնել Բ կետ։
«Էս ի՞նչ ա ժողովրդի վիճակը», - դժգոհեց կանգառում սպասող քաղաքացիներից մեկը։
Ուղևորները մի կերպ խցկվում էին ավտոբուս՝ այնքան, որ որոշները ստիպված էին մնում դռների մոտ՝ բառացիորեն կախված վիճակում։ Ստեղծված իրավիճակից վրդովված՝ թիվ 33 ավտոբուսի վարորդը գոռաց ուղևորների վրա. «հերթով, հեսա իջնում եք»։
Երբ քաղաքացիներից մեկը վարորդին ի պատասխան ասաց՝ «ձև չկա», վերջինս ավելի վրդովված արձագանքեց. «ձև չկա՞, հեսա հերթով իջնում եք»։
Մեկ այլ քաղաքացի, նկատելով, որ ուղևորներից մեկը սեփական հեռախոսով նկարահանում է ստեղծված քաոսային իրավիճակը, խրախուսեց նրան՝ ասելով. «այ, տենց նկարի»։
Ավտոբուսում բառի բուն իմաստով իրար վրա տեղավորվելով՝ մարդիկ փորձում էին որևէ կերպ տեղ գտնել։ Իհարկե, ոչ բոլորին հաջողվեց բարձրանալ ավտոբուս։ Իսկ երբ այն շարժվեց, կանգառում մնացած քաղաքացիներից մեկը դժգոհությամբ արձագանքեց. «էս ա վիճակը»։
Այսպիսին է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի առօրյան, որտեղ քաղաքացիների համար նույնիսկ ավտոբուս նստելը դարձել է լուրջ փորձություն։