Մինչ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը զբաղված է աղմկահարույց հայտարարություններ անելով, նախարարության պատասխանատվության տակ գտնվող՝ Երևան քաղաքի Արմեն Տիգրանյան փողոցի մանկատան տարածքում կոյուղաջրերի վնասված համակարգի պատճառով շրջակա բնակիչները արդեն շուրջ երկու ամիս հայտնվել են ծայրահեղ ծանր, հակասանիտարական և առողջության համար վտանգավոր պայմաններում։
Oragir.News-ի հետ զրույցում Արմեն Տիգրանյան փողոցի բնակիչները նշում են, որ կոյուղաջրերը մշտապես հոսում են մանկատան տարածքից դեպի հարակից բակեր ու տներ՝ ստեղծելով համաճարակային օջախի իրական վտանգ։
«Էս կոյուղին միայն մանկատունն է օգտագործում։ Տարին 12 ամիս նույն պատկերն է․ խոլերայի բուն է։ Ջրերը գալիս են ուղիղ բակեր, երեխաներ են այստեղ խաղում։ Ո՞ւմ չենք դիմել. ասում են՝ երեք օր սպասեք, հետո նորից ասում են՝ երեք օր սպասեք։ Էդպես էլ ապրում ենք»,- ասում է տարեց բնակիչներից մեկը։
Բնակիչների խոսքով՝ խնդիրը տարիների պատմություն ունի, սակայն վերջին ամիսներին վիճակը կտրուկ վատթարացել է։
Նրանց պնդմամբ՝ քաղաքապետարանը, «Վեոլիա ջուր»-ը, թաղապետարանը և մանկատան ղեկավարությունը միմյանց վրա են գցում պատասխանատվությունը՝ որևէ գործնական քայլ չձեռնարկելով։
«Դիմում ենք մանկատանը, ասում են՝ մերը չի, դիմում ենք «Վեոլիա ջուր», ասում են՝ մերը չի, քաղաքապետարան՝ մերը չի։ Վերջում նորից հետ են ուղարկում։ 60 տարվա խողովակ է, քանդված, փտած։ 50 մետր գիծ փոխել է պետք, որը երկու օրում կարելի է անել»,- նշում է մեկ այլ բնակիչ։
Բնակիչներն ընդգծում են, որ տարածքում ապրում են տարեցներ, երեխաներ, այդ թվում՝ մանկատան սաներ, իսկ տաք եղանակի պայմաններում վարակների տարածման վտանգը բազմապատկվում է։
«Դռները փակել ենք, ներս մտնել հնարավոր չի։ Սաղ տները ջրով են լցվում, առաջին հարկերը քանդվել են։ Մարդ կա՝ 102 տարեկան, չի կարող դուրս գալ տնից։ Ոչ մեկը չի եկել տեղում իրավիճակը գնահատելու»,- ասում են նրանք։
Oragir.News-ի հետ զրույցում բնակիչները նաև դժգոհում են մանկատան ղեկավարության վերաբերմունքից՝ նշելով, որ սկզբնական շփումներից հետո պատասխանատուները դադարել են արձագանքել զանգերին ու գրավոր դիմումներին, իսկ տարածք մուտք գործելը դարձել է անհնար։
Բնակիչները նշում են, որ խնդրի լուծման համար արդեն դիմել են տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, սակայն որևէ արդյունք չկա։ Նրանք նախազգուշացնում են, որ եթե առաջիկա օրերին հարցը չլուծվի, ստիպված կլինեն դիմել կտրուկ քայլերի։
«10 օր ժամանակ ենք տալիս։ Եթե հարցը չլուծվի, մենք ինքներս ենք քանդելու, թող հետո չգան ու մեզ տուգանեն։ Այլ ելք չունենք»,- ընդգծում են բնակիչները։
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև նշված մանկատան տնօրենի հետ՝ պարզաբանում ստանալու համար, սակայն պահակակետի աշխատակիցը տեղեկացրեց, որ օրը ոչ աշխատանքային է, և տնօրենի հետ հնարավոր կլինի հանդիպել միայն հաջորդ օրը։
Նշենք, որ
Oragir.News-ը դեռ երեկ ահազանգեր
էր ստացել բնակիչներից՝ նույն խնդրի վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում։