Երեկ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Հայաստանում ուսուցիչներն ստանում են 500 հազար դրամ և ավելի աշխատավարձ, իսկ որոշները` 700.000-ից ավելի։ Նախարարի ասածը շատ ուսուցիչներին զարմացրել է, իսկ որոշների մոտ՝ ծիծաղ առաջացրել։
Արմինե Գևորգյանը քիմիայի ուսուցիչ է,
Oragir.News-ի հետ զրույցում ասում է, որ Հայաստանում մոտ 70–80 հազար են ստանում, նախարարը ո՞ր երկրի ուսուցիչների մասին է խոսել։
«Ես ցավում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կա նման կարգի ցածր մակարդակի նախարար։ Սրբուհի Գալյանը խոսում է պարգևավճարներից և մեջբերում, որ Հայաստանում ուսուցիչները ստանում են 500-700 հազար աշխատավարձ։ Կարո՞ղ է նախարարը մոռացել է, թե որ երկրի մասին է խոսքը։ Հայաստանի Հանրապետության ուսուցիչները նման աշխատավարձ չեն ստանում, ուսուցչի աշխատավարձը 70-80 հազար դրամի չափով է, իսկ եթե անգամ ուսուցիչը ատեստավորված է կամ տարակարգ էլ ունի, բացառված է նման վարձատրություն, այն էլ նման իշխանության օրոք։ Ես չեմ դադարում զարմանալ այս մարդկանց ցինիզմի վրա»,- ասում է ուսուցիչը։
Արմինե Գևորգյանը պնդում է, որ նման աշխատավարձ ոչ ոք չի ստանում. «Պարզապես հորդորս Սրբուհի Գալյանին, եթե չի տիրապետում իրավիճակին, ապա ճիշտ կլինի, որ չխոսի։ Քանզի էլ ավելի ծիծաղելի վիճակում կհայտնվի։ «Ուսուցիչը ազգի շարժիչ ու պահպանման ուժն է։ Քաղաքակիրթ երկրներում ուսուցչի դերը շատ է կարևորված դրա համար ուսուցչի աշխատավարձը բավականին բարձր է։ Իշխանությունների կողմից ատեստավորումը ճիշտ ասած կրթության որակի վրա էական ազդեցություն չի տալիս, զուտ ազդում է ուսուցչի սոցիալական որակի բարելավման վրա։ Այ եթե ողջ կրթական համակարգը սկսած նախակրթարաններից, վերջացրած բարձրագույն համակարգով ենթարկվեր համակարգային ժամանակակից փոփոխման, ապա մենք դրական էֆեկտի կհասնեինք։ Թե չէ, որպես միջանկյալ օղակ ուսուցչի ատեստավորումը էական նշանակություն չունի կրթության որակի բարձրացման վրա»։
Ուսուցչի խոսքով` հիմա կրթական համակարգը մի այլ կարգի քայքայված, որ ոչ մի սովորելու մոտիվացիա չեմ տեսնում։
«Հիմա ինչքան ուզի ուսուցիչը ատեստավորված լինի, սովորելու մոտիվացիան հավասարվել է զրոյի»,- եզրափակում է գյումրեցի ուսուցիչը։