Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական հետապնդման ենթարկելու նպատակով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին դեկտեմբերի 17-ին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն:
Այս մասին հայտնում են Դատախազությունից:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում լսումների ժամանակ հայտարարել էր, որ Դատախազությունը դիմելու է Ռուսաստան՝ Կոստանյանի և «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդությամբ:
«Չունենք ռուսական կողմից համաձայնություն՝ նրանց արտահանձնելու համար, թեև Դատախազությունը կրկին հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանի Դաշնություն՝ խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը», - նշել էր Վարդապետյանը:
Նույն օրը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ասել էր, որ Կոստանյանն ու Հարությունյանը դեռ գտնվում են հետախուզման մեջ: