Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 22:00 11-12-2025

Առաջարկ Ալիևին, խուզարկություններ՝ Արցախի ներկայացուցչությունում, ԵՄ-ն աչքերը փակել է․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է դեկտեմբերի 11-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ հայտարարել է, որ արցախցիների վերադարձի թեման շատ վտանգավոր է։ Այս մասին Փաշինյանն ասել է Համբուրգում՝ լրագրողների հետ ունեցած զրույցում։ «Ադրբեջանը մի կողմից ասում է «Արևմտյան Ադրբեջան», մյուս կողմից ասում է՝ «գրված է՝ ղարաբաղյան հայեր»: Ես 2025-ի օգոստոսի 18-ի իմ ուղերձում ասել եմ, որ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է»,- ասել է Փաշինյանը, ապա՝ շարունակել․ «Եվ ես ուզում եմ հիմա բաց, հրապարակային Ադրբեջանին անել առաջարկ, որովհետև որքան նրանք այդ թեմաներով խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ եմ ասել, որ ասում են՝ պիտի վերադառնանք և այլն, ես ասել եմ՝ դա իրատեսական չէ։ Բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանն անընդհատ օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» անհասկանալի տերմինաբանությունը։ Հիմա պետք է հասկանալ, թե որը որի պատճառն է, որն է պատճառ և որը հետևանք։ Ես ասում եմ՝ եկեք նստենք, ճանապարհային քարտեզ մշակենք՝ ոնց ենք այդ թեման հանում, որովհետև այդ թեման հանելը նշանակում է երկարաժամկետ ռազմավարական առումով ընդհանրապես բառացել որևէ կոնֆլիկտային իրավիճակ»։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»։ «Եվ այո, ընդունում եմ նաև, որ եթե մենք ճանաչել ենք տարածքային ամբողջականությունը, իսկ մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն դա պետք է ամբողջական իրականացնենք»,- նշել է նա։

Քննչական կոմիտեն այսօր Արցախի ներկայացուցչությունում խուզարկություն է իրականացրել։ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը նշել է, որ խուզարկության դատարանի որոշումը իրենց ցույց են տվել։ «Ներկայացել են, որ քննչական կոմիտեից են։ Փաստաթղթեր են փնտրում, գուցե իրենց օրակարգում այլ հարցեր էլ կան։ Այս պահին ներկայացուցչության 2-րդ հարկում են, տեղում ավելի քան 10 քննիչ կա։ Համակարգիչներն էլ են նայում, մի խոսքով ինչն իրենց հետաքրքրում է»,- խուզարկության ժամանակ ասել է Իսկանդարյանը Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն ավարտել է Արցախի ներկայացուցչության խուզարկությունը։ Կադրերում երևում է, որ քննիչները չհրկիզվող պահարան են բացել։ Խուզարկության ընթացքում առգրավել են համակարգիչներ։ «Մեզ համար ի սկզբանե ակնհայտ էր, որ ամեն ինչ կապված է երեկվա լսումների հետ, սա մեսիջ էր, որը ստանում ենք այսօրվա իշխանություններից։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ Արցախի էջը չի կարող փակված լինել՝ առանց հաշվի առնելու 150,000 հայի դիրքորոշում»,- նշել է Իսկանդարյանը։ Փաստաբան Ռոման Երիցյանն էլ հայտնել է, որ ներկայացուցչության չհրկիզվող պահարանը բացել են փրկարար ծառայության աշխատակիցների օգնությամբ, որտեղ հայտնաբերել են դատարկ թղթապանակներ։

Երրորդ նախագահ Սերժ Սարգյանն այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում արձագանքել է ՔՊ-ականների այն մեղադրանքներին, ըստ որոնց՝ եթե նախկին իշխանությունները Արցախի հարցը կարող էին լուծեին, ապա դա թող մինչև 2018 թվականը լուծեին։ «Դա նույնն է, որ կանանցից պահանջեն՝ 5 ամսում ինչո՞ւ երեխա չեն ունենում։ Այդ ո՞վ է այդպիսի ժամկետ դրել լուծման։ Մենք ամեն ինչ արել ենք, որ դրականորեն լուծվի, իսկ ինքը այդպես, «մալադեց», ապրի, կարճ ժամանակում ամեն ինչը հանձնեց ու լուծեց»,- ասել է պաշտոնաթող նախագահը։ Լրագրողները երրորդ նախագահին հարցրեցին նաև ԵՄ բարձրաստիճան հանձնակատարի այն հայտարարության մասին, որ ԵՄ-ն պատրաստ է 12 միլիոն եվրո հատկացնել՝ օգնելու Հայաստանին հիբրիդային հարձակումների դեմ պայքարում։ «Մեզ համար գաղտնիք չէ, որ ԵՄ-ն աչքերը փակել է, և սրանք ինչ անեն, համակերպվելու է»,- պնդել է Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:


Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել