Արտաքին Ներքին 7 ամիս առաջ - 17:00 21-10-2025

Հյուսիսային Կիպրոսում Էրդողանի թեկնածուի պարտությունը Թուրքիայի քաղաքականությունը չի փոխի

Թուրքիայի կողմից օկուպացված այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում (ՀԿԹՀ) անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլում, ըստ ոչ պաշտոնական արդյունքների, Հանրապետական ​​թուրքական կուսակցության (ՀԹԿ) ղեկավար Թուֆան Էրհուրմանը, հավաքելով ձայների 62.76 տոկոսը, հաղթել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությունը վայելող, գործող նախագահ Էրսին Թաթարին։

Թուֆան Էրհուրմանն արդեն հայտարարել է՝ «Արտաքին քաղաքականությունը, իհարկե, կիրականացվի Թուրքիայի հետ սերտ խորհրդակցություններով, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի»։ Այնուամենայնիվ, Թուրքիայի քաղաքականությամբ հետաքրքրվող փորձագետների կարծիքով, այս փոփոխությունը կարող է որոշակի ազդեցություն ունենալ երկրի ներսում ընթացող գործընթացների վրա։

Փաստացի իշխանափոխությանն արձագանքել է նաև «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին, որը կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում, անդրադառնալով Հյուսիսային Կիպրոսում անցկացված ընտրություններին, նշել է․

«81-րդ Նահանգից հետո Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը դարձել է 82-րդ նահանգ դառնալու կյանքի և մահվան հարց։ Կիպրոսի անվտանգությունն ու ապագան նույնն են, ինչ Թուրքիայի Հանրապետության անվտանգությունն ու ապագան։ Կիպրոսը թուրքական է և միշտ այդպիսին կմնա»։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց թյուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանի հետ, որի կարծիքով՝ Հյուսիսային Կիպրոսի նոր նախագահի ընտրությունը որևէ փոփոխություն չի բերելու կղզու օկուպացված հատվածի քաղաքականության մեջ։

«Գիտե՞ք, այդ հարցը, իմ կարծիքով, դեռ վաղ է խորքային քննարկումների համար, քանի որ պետք է տեսնենք՝ ինչ ուղղությամբ կշարժվի նոր նախագահի քաղաքականությունը։ Սակայն կարծում եմ՝ սա էլ ավելի հնարավորություն կտա Թուրքիային ակտիվացնելու ջանքերը՝ Հյուսիսային Կիպրոսը որպես անկախ պետություն ներկայացնելու ուղղությամբ։ Թուրքիան մշտապես ճնշում է գործադրում թյուրքալեզու պետությունների և Թուրքական պետությունների կազմակերպության անդամների վրա, որպեսզի նրանք ճանաչեն Հյուսիսային Կիպրոսը որպես անկախ պետություն։ Այդ քաղաքականությունը, կարծում եմ, կշարունակվի և չի փոխվի․ գուցե անգամ Թուրքիան ավելի մեծ ջանքեր գործադրի այդ ուղղությամբ»,– ասաց Սաֆրաստյանը։

Անդրադառնալով օկուպացված Հյուսիսային Կիպրոսի նոր նախագահի հայտարարությանը՝ պրոֆեսորը նշեց, որ արտաքին քաղաքականությունը շարունակվելու է Թուրքիայի հետ համագործակցության շրջանակում, ինչը վկայում է, որ որևէ էական փոփոխություն սպասել պետք չէ․

«Իհարկե, չի կարող նա լինել Թուրքիայի քաղաքականության դեմ՝ դա բացարձակապես բացառվում է»,– ընդգծեց Սաֆրաստյանը։

Թյուրքագետը հիշեցրեց, որ Հյուսիսային Կիպրոսի տարածքում տասնամյակներ շարունակ տեղակայված է մոտ 40.000 թուրք զինծառայող, և նման պայմաններում որևէ ինքնուրույն քաղաքականություն վարելը պարզապես անհնար է․

«Այնտեղ ոչ թե ինքնուրույն պետական կազմավորում է, այլ խամաճիկ վարչակարգ, որը գոյություն ունի Թուրքիայի ռազմական ներկայության շնորհիվ։ Այդպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» պետական կամ նույնիսկ քվազիպետական միավոր համարելն իմաստ չունի։ Հետևաբար՝ այն չի կարող որևէ ազդեցություն ունենալ Թուրքիայի ներքին քաղաքական դաշտի վրա»,- շեշտեց Սաֆրաստյանը։

Հիշեցնենք, որ 1974թ. հուլիսին Կիպրոսում ռազմական հեղաշրջում իրականացվեց՝ Հունաստանի զինվորական խունտայի աջակցությամբ, որի նպատակն էր կղզին միավորել Հունաստանին (Էնոզիս)։ Դրան ի պատասխան՝ 1974թ. հուլիսի 20-ին Թուրքիան, հղում անելով 1960թ. երաշխավորության պայմանագրին, իրականացրեց ռազմական ներխուժում՝ հայտարարելով, թե նպատակն է «պաշտպանել թուրքական համայնքի իրավունքները»։

Արդյունքում թուրքական զորքերը գրավեցին Կիպրոսի մոտ 37 տոկոսը՝ հյուսիսային մասը, որտեղից շուրջ 200.000 հույն կիպրացիներ հարկադրված տեղահանվեցին։ 1983թ. օկուպացված տարածքում հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից։

ՄԱԿ-ը, ԵՄ-ն և միջազգային հանրությունը մինչ օրս դատապարտում են Թուրքիայի օկուպացիան՝ Կիպրոսի հյուսիսը համարելով Կիպրոսի Հանրապետության անբաժանելի մաս։

Նշենք, որ Թուֆան Էրհուրմանն օկուպացված Հյուսիսային Կիպրոսի վեցերորդ նախագահն է։