Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հոկտեմբերի 13-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Նիկոլ Փաշինյանն այսօր սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանի նախկին 3 ղեկավարները իրենց կառավարման ժամանակահատվածներում կյանքի չեն կոչել ղարաբաղյան հարցի՝ իրենց նկարագրած լուծումները: «Սրա համար կարող է լինել երկու տարբերակ. առաջինը, որ ցուցաբերել են հանցավոր անգործություն՝ գուցե ծառայելով ոչ թե ՀՀ, այլ օտար երկրների շահերին՝ մեզ զրկելով Ղարաբաղի հարցի հոյակապ լուծումից կամ լուծումներից, և երկրորդ տարբերակը, որ նրանց կողմից նկարագրվող այդ հոյակապ լուծումները պարզապես մտավարժանքի վրա հիմնված քաղաքական խաբեություն են, և դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա»,- ասել է նա։ Փաշինյանին արձագանքել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ նշելով՝ Ղարաբաղի հարցը չի լուծվել բացառապես այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի նման առավելապաշտ հայ ղեկավարները մերժել են խաղաղության միակ հնարավոր պլանը, որը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի առկախում, ինչին համաձայն էր նաև Ադրբեջանը։ «Միակ տարբերությունն այն է, որ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գոնե բանակցում էին ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ, իսկ դու 2019 թվականին մերժեցիր անգամ բանակցությունները` տանելով Հայաստանը կործանարար պատերազմի։ Քո իսկ խոստովանությամբ Արցախը զոհաբերեցիր, Հայաստանի ողնաշարը ջարդեցիր, որովհետև ունեիր Ադրբեջանի հետ հաշտվելու և Թուրքիայի հետ երկխոսելու ռազմավարություն։ Հիմա ո՞վ է ծառայել օտար երկրների շահերին»,– նշել է ՀԱԿ փոխնախագահը։
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոս: Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայանում կառավարության ղեկավարին դիմավորել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի նախարար, դոկտոր Սամեհ Էլ-Հեֆնին։ Հաղորդվում է, որ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, այսօր կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթաժողովին։ Եգիպոստում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Խաղաղության գագաթաժողովի շրջանակներում Փաշինյանն ու Ալիևը արդեն զրույց են ունեցել։ Նրանց զրույցին միացել է նաև Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը: Նա հայտնել է, որ շատ ուրախ է զրուցելիս տեսնել Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին:Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆին հիշեցրել է երկու երկրներիի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկեն՝ ստորագրված 2025թ․ օգոստոսի 31-ին Չինաստանում:
Բաքվում այսօր շարունակվել է հայ ռազմագերիների դեմ ծինծու դատավարության հերթական նիստը։ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ այսօր հրապարակվել են «հայկական զինված ուժերի մի շարք գաղտնի փաստաթղթեր», որոնք «ապացուցում են, որ հայկական զինված ուժերի տարբեր կառույցներին, ինչպես նաև Արցախի Պաշտպանության բանակին, հանձնարարվել են տարբեր ռազմական առաջադրանքներ կատարել Արցախի տարածքում։ Ադրբեջանական լրատվամիջոցը վկայակոչում է դատարանի կողմից հրապարակված երկու փաստաթուղթ՝ «գաղտնի հրաման, մարտական առաքելություն», որոնք իբրև թե 2016 թվականի մայիս և դեկտեմբեր ամիսներին են ստորագրվել՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գնդապետ Վ. Սարգսյանի կողմից։ Բաքվի բանտերում, ըստ պաշտոնական տվյալների, այս պահին 23 հայ գերի է պահվում։ Նրանց մի մասին տարբեր մեղադրանքներով արդեն դատապարտել են տևական ազատազրկման, մյուս մասի, ներառյալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը շարունակվում է արդեն 8 ամիս։ Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փակումից հետո հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ։ Անցած երեք ամիսներին որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել։
Գևորգ Պապոյանը ողջունում է, որ Հայաստանում թուրքական ներդրումներ կատարվեն։ Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ թուրքական ընկերությունները Հայաստանում ներգրավված են դեռևս 2012-2013 թվականներից։ «Մեկ բրենդի դեպքում շատ ուղղակի է ներկայացած, և ես ողջունում եմ այդ ներդրումները, քանի որ հարևանների միջև ցանկացած խաղաղություն պետք է ամրապնդվի ֆինանսական ներդրումներով, եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Նորմալ եմ համարում, որ ՀՀ-ում խաղաղության հաստատման պարագայում, սահմանները բացվելուց հետո ներդրումներ գան, այդ թվում՝ թուրքական, իսկ մենք էլ այնտեղ ներդրում անենք։ Եթե թվում է, որ հակառակ պարագայում կենսունակ պետություն կարող ենք լինել, ապա նայեք պետության նախորդ 3 տասնամյակի պատմությանը»,- ասաց Պապոյանը։ Ինչ վերաբերում է հարցին, թե ՀՀ–ն ինչ ներդրում կարող է անել Թուրքիայում, Պապոյանը նշեց, որ հայկական կողմի խնդիրն է, որ հայկական ապրանքը վաճառվի Թուրքիայում, օգտագործվի թուրքական նավահանգիստների ու ճանապարհների ներուժը։ Միևնույն ժամանակ Պապոյանը հերքեց, թե «Թրամփի ուղի» ծրագրի անվան տակ ՀՀ-ում թուրքական ընկերություններ են գալու` կրկին հիշեցնելով, որ դրանք դեռևս 2012-ից կարող էին իրենց անվամբ էլ լինել ՀՀ-ում։ «Ինչ վերաբերում է ճանապարհին, ապա ճանապարհի հետ գործ ունեն Հայաստանը և Միացյալ Նահանգները։ Այլ բան հնարավոր չէ, անհրաժեշտ էլ չէ, ու այլ բան չի էլ լինելու»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: