Գյումրու ինտրիգը պահպանվում է, Մովսես Հակոբյանի նոր մեղադրանքը, ՔՊ-ի առողջացման պահը․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 2 շաբաթ առաջ - 21:16 02-04-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 2-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Այսօր Ապրիլյան պատերազմի 9-րդ տարելիցն է։ 2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանի զինված ուժերը Արցախի Հանրապետության հետ շփման գծի երկայնքով խախտեցին հրադադարի ռեժիմը և անցան հարձակման, ինչը 1994 թվականի մայիսի 12-ի Բիշկեքի զինադադարից հետո հրադադարի ամենալայնամասշտաբ խախտում էր։ Պատերազմը տևեց 4 օր և ավարտվեց ապրիլի 5-ին, երբ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը վերահաստատեցին բիշկեքյան զինադադարի դրույթները։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը այս կապակցությամբ գրել է, որ Ադրբեջանն իր առաջ խնդիր էր դրել` ռազմական արկածախնդրության միջոցով լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը և հայերի գոյության հարցը վերջնականապես փակել: «Արցախի պաշտպանության բանակը` իր թիկունքում ունենալով հայ ժողովրդի ամուր սատարումը և արդար պայքարը, 4-օրյա մարտերում տապալեց ադրբեջանական ռազմական պլանը` նրան պատճառելով մարդկային և տեխնիկային հսկայական կորուստներ»,- գրել է պատգամավորը նշելով, որ քառօրյա մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը ունեցավ 75 զոհ:

Գյումրիի ապագա ավագանիում վճռորոշ ձայներ ստացած «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը 3-րդ օրն է՝ պահում է ինտրիգը ու վերջնական խոսքը չի ասում՝ ի վերջո սատարելո՞ւ է երկրորդ տեղը զբաղեցրած Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա քաղաքապետ ընտրվի, թե՞ ոչ: Գյումրիի համայնքապետի պաշտոնին արդեն 5-րդ անգամ հավակնող Վարդան Ղուկասյանն այսօր հայտնել է, որ ինքն էլ տեղեկություն չունի: Իսկ Մարտուն Գրիգորյանը կիրակի ընտրություններից հետո հեռախոսազանգերին չի պատասխանում, հանրային վայրերում չի երևում, շտաբն էլ փակ է պահում: Գրիգորյանի առաջնորդած դաշինքը կազմված է «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցություններից: «Հայրենիք»-ի նախագահ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն ևս այսօր խուսափել է ասել՝ Գրիգորյանը երբ կհայտարարի վերջնական որոշման մասին` hորդորելով սպասել։ Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի ժամանակ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը համոզմունք է հայտնել, որ Մատուն Գրիգորյանի լռությամբ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը առևտուր է անում։

Ռուսաստանից ավելի քան 4 մլրդ դրամի անպիտան ռազմամթերքի մատակարարման քրեական գործով մեղադրանք է առաջադրվել գեներալ, Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին։ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Գլխավոր շտաբի պետի ու պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Հակոբյանը մեղադրվում է պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք։ Դատախազությունից նշում են, որ սա կապ չունի անպիտան հրթիռների գործի հետ։ Ինքը՝ Հակոբյանն հրաժարվել է մեկնաբանություն տալ, իսկ նրա փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը։ «Պարոն Հակոբյանը մեղադրանքը չի ընդունում այն պարզ պատճառով, որ իրեն մեղսագրվող արարքն իր հետ ընդհանրապես կապ չունի, իրեն մեղսագրվում է այնպիսի գործողություն, այնպիսի մեղադրանք գործողության չկատարում, որի իրավասությունն ինքը չի էլ ունեցել, իսկ այդ գործողությունը կատարված է եղել ավելի վերադաս մարմնի կողմից», - ասել է փաստաբանը:

«Դա շատ անհատական, անձի որոշումն է ու լինում են իրավիճակներ, որ մարդը մտածում է, որ սա սահմանն է և որևէ քայլից հետո նպատակահարմար չի գտնում շարունակել պատգամավորական գործունեությունը. ես շատ բարձր եմ գնահատում դա»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատը վայր դնելու որոշումը։ Դիտարկմանը, որ Վիլեն Գաբրիելյանը հայտարարել է, որ պետք է առողջացնել ՔՊ-ն, հիվա՞նդ է կուսակցությունը, նա պատասխանեց. «Կուսակցությունը հիվանդ չէ, բայց նույնիսկ առողջ մարդը շատ հաճախ գնում է առողջարան, որպեսզի ավելի լավ զգա իրեն, իսկ կուսակցությունը միշտ ավելի լավը դարձնելու խնդիր կա կա: Այն, որ կուսակցությունում խնդիրներ կան, դա որևէ մեկը չի բացառում: Ես շատ ափսոսում եմ, որ նրա նման գործընկեր չի ունենալու խորհրդարանում, բայց ունեմ նրա նման լավ կուսակցական ընկեր»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: