Ներքին 40 րոպե առաջ - 19:38 19-10-2026

Հարցում ուղարկեք՝ պրոցես կանենք. «Հայփոստը» խուսափում է պատասխանել՝ Բաքու հնարավո՞ր է նամակ ուղարկել, թե՞ ոչ

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիների և քաղբանտարկյալների թեման, որը պետք է լիներ ՀՀ կառավարության և պետական կառույցների ամենօրյա, բաց ու թափանցիկ աշխատանքի առանցքը, հերթական անգամ բախվում է պաշտոնական բյուրոկրատիայի և խուսափողականության պատին։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Բաքվում պահվող հայերի 1254 նամակները կառավարությանը տալու փոխարեն ուղարկեք փոստով։ Թվում էր՝ այս խոսքերից հետո «Հայփոստը» պետք է պատրաստ լիներ նամակներն ընդունելուն, բայց իրականությունը բոլորովին այլ է։

«Արմենիա Սպուտնիկի» թղթակիցը դեռ օրեր առաջ որպես սովորական քաղաքացի փորձել էր ճշտել՝ ինչպե՞ս է հնարավոր Բաքու նամակ ուղարկել։ Պատասխանը եղել էր կարճ ու կոնկրետ. այս պահին չենք կարող ուղարկել նամակ կամ առաքանի, նման ծառայություններ մեզ մոտ բաց չեն։ Նույնն էր փաստել նաև միջազգային DHL ծառայությունը՝ նշելով, որ ՀՀ-ից Ադրբեջան առաքումներ չեն իրականացվում։

Այս ակնհայտ հակասությունը պարզելու համար Oragir.News-ը փորձեց կապ հաստատել «Հայփոստի» լրատվական ծառայության հետ։ Ընդամենը «այո» կամ «ոչ» ասելու փոխարեն, խոսնակը համառորեն կրկնում էր․ «Ձեզ պիտի խնդրեմ ձեր բոլոր հարցումները մեզ գրավոր ուղարկեք, որպեսզի տարընթերցում չլինի, այլ մեկնաբանություններ չլինեն․․․հարցում ուղարկեք՝ պրոցես կանենք»։

Այնպես չէ, որ կառույցի ներկայացուցիչը չգիտեր մեր հարցի պատասխանը, սակայն, ինչպես վերը նշեցինք՝ անդրդվելի էր։ Լրագրողի հետ նման կեցվածքի պատճառը ավելի քան պարզ է. «Հայփոստը»՝ հղում անելով օրենքին, անշուշտ չի ցանկանում և չի հանդգնում հակադարձել վարչապետին կամ նրա խոսքին հակառակ պաշտոնական հայտարարություն անել։

Ասել «այո, նամակ ուղարկելը հնարավոր է»՝ նշանակում է բացահայտ ստել, քանի որ տեխնիկապես և քաղաքականապես փոստային կապ չկա։ Ասել «ոչ, հնարավոր չէ»՝ նշանակում է ուղիղ եթերում հերքել ու հակաճառել երկրի վարչապետին։

Ուստի, որպեսզի ստիպված չլինեն սեփական ղեկավարին սխալ հանել, «Հայփոստի» լրատվական ծառայությունը որոշել է ժամանակ շահել՝ թաքնվելով «գրավոր հարցումների» և «պրոցես անելու» բյուրոկրատական քաշքշուկների հետևում։

Հասմիկ Մովսիսյան