Ներքին 8 ամիս առաջ - 09:00 10-10-2025

Հայաստանի առաջընթացի գլոբալ դարպասները կմնան փակ

Երկդիմի արտաքին քաղաքականությունը նման է երկու նապաստակի հետևից վազելուն։ Մտավախություն կա, որ Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված՝ բալանսավորման քաղաքականության արդյունքում ՀՀ-ն կրկին կմնա ձեռնունայն, ՀՀ-ի առաջընթացի դռները կմնան փակ։

Հոկտեմբերի 9-ին Փաշինյանը Բրյուսելում ելույթ է ունեցել «Համաշխարհային դարպասներ» երկրորդ համաժողովում, որին ներկա են եղել մեկ տասնյակից ավելի երկրների նախագահներ և վարչապետներ։

Ի՞նչ է «Համաշխարհային դարպասներ» նախագիծը, և ի՞նչ չասաց Փաշինյանն այս կարևոր համաժողովում։

«Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) նախաձեռնությունը ԵՄ ռազմավարություն է՝ ամբողջ աշխարհում ենթակառուցվածքային նախագծերում ներդրումներ կատարելու համար։ Այն նախաձեռնվել է ԵՄ հանձնաժողովի կողմից՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ: Մինչև 2027-ը ԵՄ-ն նախատեսում է այս նախաձեռնության մեջ ներգրավել 300 միլիարդ եվրո։ Global Gateway-ն միտված է աղքատ, հետամնաց, զարգացման ներուժ ունեցող երկրների համար տնտեսական, սոցիալական առաջընթացի դարպասներ բացել, հնարավորություն տալ մտնելու ԵՄ շուկա։ Նույն թեմայի մեջ է նաև Հարավ-Հյուսիս միջազգային ավտոճանապարհային նախագիծը, որի նպատակն է աղքատ Հարավը հարուստ Հյուսիսին կապելը։ Հայաստանը ևս ներգրավվել է այս ծրագրում, քանի որ զարգացման ներուժ ունեցող երկիր է։

Բնականաբար՝ Global Gateway-ն ունի գլոբալ անվտանգային բաղադրիչ։ Ազատ աշխարհն այսպիսի մեծ ներդրումներով ուզում է օգնել աղքատ երկներին, որ նրանք չդառնան չարիք՝ ռուսական, չինական, հակաքաղաքակրթական ազդեցության գոտի։ Այսինքն՝ աշխարհաքաղաքական նշանակություն ունի։ Global Gateway-ով ՀՀ-ում ներդրումներ անելու իմաստն այն է, որ ՀՀ-ն դուրս գա ռուսական ազդեցության տակից, չընկնի չինական ազդեցության տակ։ Թրամփի ուղին նույն թեմայի մեջ է։ Այն կարող է ՀՀ-ին օգուտ բերել, եթե ՀՀ-ն իր անկախության պաշտպանության ուղղությամբ իրական քայլեր անի։ Եթե շարունակի սպասարկել ռուսական հետաքրքրություները, ապա TRIPP-ը պարզապես չի իրականանա։

Այս պարզ բաները Նիկոլ Փաշինյանի ելույթում չկային։ Նա անկախության ամրացման ուղղությամբ քայլ անելու մտադրության չարտահայտեց։ TRIPP-ից խոսեց, որի մասին ԵՄ-ն ավելին գիտի, քան Փաշինյանը։ Եվ «Խաղաղության խաչմերուկի» մասին հիշեցրեց, միտումնավոր երկրորդելով Հարավ-Հյուսիսի գաղափարը։ Նկատենք, որ այսպես կոչված՝ «Արևելք-Արևմուտք» գլոբալ նախագիծ գոյություն չունի։

Այսպիսով՝ կարելի է ասել, որ Global Gateway համաժողովի կազմակերպիչները Փաշինյանից չլսեցին բաներ, որոնք կնպաստեին ՀՀ-ում ենթակառուցվածքներում ներդրումների ավելացմանը։ Եվ ԵՄ փողերը տնօրինողները, հավանաբար՝ կհիասթափվեն Փաշինյանից, կարծելով, որ նա դեռ ֆորպոստի վարչապետի կարգավիճակում է։

Global Gateway-ի նկատմամբ անլուրջ վերաբերմունքի դրսևորում էր նաև այն, որ Փաշինյանը Բրյուսելից թռավ Դուշամբե, մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին։ Ռուսական ազդեցության իներցիան խորհրդանշող այս կառույցից վաղուց դուրս են եկել խորհրդային բռնազավթումից ազատագրված մեր երբեմնի բախտակից երկրները։ Դուշաբե գնալը խորհրդանշում է, որ ՀՀ-ն ռուսական իներցիոն ազդեցության գոտուց դուրս գալու, ազատ աշխարհի հետ համահունչ զարգանալու նպատակ չունի։ Այսքանից հետո ո՞վ ներդրում կանի ՀՀ-ում։

Պատկերավոր ասած՝ մեր երկրի առաջընթացի գլոբալ դարպասները, հնարավոր է՝ չբացվեն առաջիկայում։ Եվ դրա պատճառը Փաշինյանի՝ անլուրջ վերաբերմունքն է, գլոբալիստական գաղափարները երկրորդելը, անկախության ամրացման ուղղությամբ անգործությունը, ռուսական իներցիոն հետաքրքրությունները սպասարկելը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
23:29 Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է