Արտաքին 9 ամիս առաջ - 22:06 03-09-2025

Թրամփը հայտնել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ առաջիկայում զրուցելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Շուտով ես զրուցելու եմ նրա հետ, կիմանամ` ինչ ենք անելու»,- ասել է ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու հետ հանդիպման ժամանակ:

Թրամփն ընդգծել է, որ գերազանց հարաբերություններ ունի Ռուսաստանի առաջնորդի հետ:

ԱՄՆ նախագահը նաև մեկնաբանել է իր ներկա չլինելը Ճապոնական միլիտարիզմի դեմ տարած հաղթանակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի տոնակատարություններին, որոնք անցկացվել են Պեկինում:

«Մինչ այս պահը չեմ էլ մտածել այդ մասին։ Երբեք չեմ մտածել, որ ինձ կհրավիրեն։ Ես չպետք է այնտեղ լինեի»,- ասել է Թրամփը։

Միաժամանակ նա դրական է գնահատել անցկացված միջոցառումները՝ դրանք անվանելով գեղեցիկ և շատ տպավորիչ:

«Ես հասկացա, թե ինչու էին նրանք դա անում՝ հույս ունեին, որ ես կհետևեմ, և ես իսկապես նայում էի»,- հավելել է ԱՄՆ նախագահը: