Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է օգոստոսի 26-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Shamshyan.com-ը հայտնում է, որ պաշտպանության նախարարության դիրքերից մեկում կրակոց է հնչել, զինծառայողներից մեկը հրազենային վնասվածք է ստացել։ Ըստ լրատվամիջոցի՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին Գեղարքունիքի մարզում, իսկ զինծառայողը Արարատի մարզից է։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ «Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում»,– գրել է նա՝ իր տելեգրամյան ալիքում։ Քննչական կոմիտեից էլ տեղեկացնում են, որ զինծառայողի վնասվածք ստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել ծառայությունից խուսափելու հոդվածով։ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը)»,– նշում են ՔԿ–ից։ Ներկայումս կատարվում է նախաքննություն։
Այսօր շարունակվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ: Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը միջնորդություն ներկայացրեց՝ դադարեցնել Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը: Դատավորը սակայն մերժեց պաշտպան Մակինյանի միջնորդությունը: Հիշեցնենք, որ Սարգսյանի գործը վերաբերում է նրա՝ Պաշտպանության նախարար եղած ժամանակ Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքներն օտարելուն: Դատական նիստից առաջ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին։ Ըստ նրա՝ այդ փաստաթուղթը պետք է անվանել ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ ասք է այն մասին , թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ադրբեջանի հերթական պահանջները։ «Մնացածի մասին, եթե ժամանակ ունեք, սպասեք, դուրս կգամ կասեմ»,- նշել է նա:
Հանրային տրանսպորտում արդեն մի քանի շաբաթ աշխատող հսկիչները անհիմն կերպով տուգանում են նաև ուղեվարձը վճարող քաղաքացիներին։ «Իմ քարտը վերցրեց ձեռքը, ինքը իմ քարտը նայեց, տեսավ՝ ես վճարել եմ, բայց քանի որ երևի նկարում էր, երևի չգիտեմ՝ ինչ էր, տրամադրություն չուներ, դուք չեք վճարել, ասում է: Նույնականացրեց, ես ասացի՝ դու իրավունք չունես ինձ նկարել, որովհետև ես վճարել եմ»,- «Ազատություն» ռադիոկայանին պատմել է Կարինե Գրիգորյանը՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել թիվ 97 ավտոբուսում։ Կինը պնդում է՝ առաջացել է, վճարել ու նստել, քիչ անց երկու հսկիչ է բարձրացել, իր կողքին նստած կնոջը տուգանել են, հետո հենց իր բանկային քարտն են վերցրել, մոտեցրել վալիդատորին, հաստատող ազդանշանից հետո հսկիչը պնդել է՝ նոր միայն վճարված է, ու տուգանքի ակտը կազմել: «Ասում եմ՝ տղա՛ ջան, իրավունք չունես ինձ նկարես, տուգանես, որովհետև ես օրինական վճարել եմ, ես անվճարունակի տեսք ունե՞մ: Տուգանեց ու իջավ», - ասաց կինը՝ շեշտելով, որ հսկիչները ո՛չ որևէ փաստաթուղթ են ներկացրել, թե ովքեր են, ո՛չ էլ հատուկ համազգեստ են ունեցել։ Միջադեպից հետո կինն անհապաղ գնացել է բանկ ու գործարքների քաղվածք վերցրել, ապացույցն այժմ կնոջ ձեռքին է, որտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ մեկ անգամ քարտից 150 դրամ 14:40-ին է գանձվել, մեկ անգամ էլ՝ 10 րոպե անց: Փաստաթուղթը հաստատում է կնոջ պատմությունը: Վճարում է կատարվել երկու անգամ, սակայն դա հսկիչներին չի կաշկանդել, որ կնոջ նկատմամբ տուգանքի արձանագրություն կազմեն։
Երևանում կայացել է Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը՝ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի և ՄԹ պետնախարար Սթիվեն Դաութիի գլխավորությամբ: ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը համաձայնել են բարձրացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի: Կոստանյանն ու Դաութին քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ ապագայում բարձր մակարդակի շփումները, պաշտպանության հարցերով ռազմական կցորդների փոխանակումը և առավել սերտ համագործակցությունը կիբեռանվտանգության և հիբրիդային սպառնալիքների հակազդման ոլորտներում: Երևանն ու Լոնդոնը մտադրություն են հայտնել խորացնել գործարար կապերը և խթանել տնտեսական աճը փոխգործակցության միջոցով: Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարարին այսօր ընդունել է վարչապետ Փաշինյանը: Սթիվեն Դաութին շնորհավորել է վարչապետին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում Վաշինգտոնում ձեռք բերված արդյունքների առիթով: Նա ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունն այդ գործընթացին:
Մանրամասները՝ տեսանյութում: