Կարմիր խաչի գործունեության դադարեցման պայմաններում գերիների վերադարձի հեռանկարն անորոշ է, խաղաղության համաձայնագրի հրապարակված տեքստում էլ գերիների վերաբերյալ որևէ դրույթ չկա։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ներկայիս փուլում Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ու պատանդների ազատ արձակման հարցում ի՞նչ զարգացումներ կարող ենք ակնկալել։
«Գերիների ազատ արձակման կամ վերադարձի վերաբերյալ որևէ դրույթ հրապարակված տեքստում գոյություն չունի։ Փաստաթղթի համաձայնեցման գործընթացում մեկնաբանություններ եղան, որ գերիների վերաբերյալ դրույթներ չեն նախատեսվելու, այսինքն՝ հարցը համաձայնագրի կարգավորման առարկայից դուրս է։ Դրա շրջանակներում տեղաշարժ պետք չէ ակնկալել»,- ասաց Սահակյանը։
Իրավապաշտպանը շեշտում է, որ գերիների հարցը կորցրել է իր մարդասիրական բնույթը և դարձել է գերքաղաքականացված։ «Այն արհեստականորեն բերվել է օրակարգ՝ որպես լրացուցիչ լծակ Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա՝ ընդունելի պայմաններով խաղաղության փաստաթուղթ ստորագրելու նպատակով։ Քանի որ սա լծակ է, ակնկալվում է, որ խնդիրը կլուծվի միայն քաղաքական գործընթացների ավարտից հետո, երբ այն կկորցնի իր գործառույթը։ Այդ դեպքում Ալիևը կարող է մարդասիրական կերպար ցուցադրելու նկատառումներով գնալ ազատ արձակման»,- կարծում է նա։
Oragir.News-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ գերիների ազատ արձակումը տեղի ունենա 2026 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ՝ նախընտրական քարոզարշավի շրջանում՝ Սիրանուշ Սահակյանը պատասխանեց, որ այս հարցը կապված է ոչ թե ընտրությունների, այլ խաղաղության գործընթացի հետ։ «Եթե փաստաթղթերի վերջնական ստորագրումը և վավերացումները համընկնեն նախընտրական փուլին, այդ գործոնը կարող է օգտագործվել, բայց միջպետական հարաբերությունների մակարդակում ես դա կապում եմ խաղաղության գործընթացի հետ»,- ասաց նա։
Իրավապաշտպանը շեշտեց, որ Հայաստանը չի կարողացել ամրագրել գերիների վերադարձի դրույթը՝ Ադրբեջանի առարկությունների պատճառով․ «Գերիների հարցը միակողմանի է։ Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել էթնիկ հայերին և չի ցանկացել դա ամրագրել՝ պահելով խնդիրը իր հայեցողության ներքո։ Միևնույն ժամանակ, փաստաթղթում ամրագրվել է անհայտ կորածների հարցը, քանի որ այդ խնդիրը երկկողմ է»։
Սահակյանի խոսքով՝ Հայաստանը փաստաթղթով համաձայնել է մեկ ամսվա ընթացքում դադարեցնել գերիների իրավունքների պաշտպանության միջպետական գործընթացները։ «Ստացվում է՝ եթե Հայաստանը դադարեցնում է իրավական գործընթացը և համաձայնագրում վերադարձի հարց չի նախատեսվել, ապա ի՞նչ ճանապարհով պետք է հասնի խնդրի լուծմանը։ Այստեղ որևէ հստակ մեխանիզմ չկա։ Սա բացառապես քաղաքական գործընթաց է, որտեղ մարդու իրավունքների տարրը անտեսված է»։
Մեր զրուցակիցը հավելեց, որ խաղաղության փաստաթղթի ստորագրման կազմակերպման գործում դեր ունեցած միջնորդները հետագայում կարող են նպաստել նաև գերիների ազատ արձակմանը։ «Այստեղ մենք տեսնում ենք նաև քաղաքական առևտրի տարրեր։ Այն կողմը, որը ազդեցություն ունեցավ համաձայնագրի ստորագրման հարցում, կարող է ազդեցություն ունենալ նաև մարդասիրական հարցերի լուծման վրա»,- եզրափակեց նա։
Մերի Հակոբյան